Հա

Քաղաքական

09/11/2021 - 13:05

Սողացող կապիտուլեացիայի, ամօթի ու անարժանապատւութեան տարելից

Ուղիղ մէկ տարի առաջ այս օրը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի ուշ գիշերին Նիկոլ Փաշինեանը միանձնեայ, առանց որեւէ մէկի հետ խորհրդակցելու ստորագրեց կապիտուլեացիոն համաձայնագիրը, որով Ադրբեջանին յանձնւեց Արցախի 75 տոկոսը, իսկ Արցախի մնացած հատւածը փաստացի յայտնւեց ռուսական պրոտեկտորատի կարգավիճակում։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Ուղիղ մէկ տարի առաջ այս օրը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի ուշ գիշերին Նիկոլ Փաշինեանը միանձնեայ, առանց որեւէ մէկի հետ խորհրդակցելու ստորագրեց կապիտուլեացիոն համաձայնագիրը, որով Ադրբեջանին յանձնւեց Արցախի 75 տոկոսը, իսկ Արցախի մնացած հատւածը փաստացի յայտնւեց ռուսական պրոտեկտորատի կարգավիճակում։

Ուղիղ մէկ տարի է՝ Հայաստանն ու Արցախն ապրում են այդ կապիտուլեացիայի, դրա շարունակութեան տրամաբանութեամբ։

Տեղի ունեցածի տարելիցի նախօրէին Նիկոլ Փաշինեանը ոչ միայն ափսոսանքի խօսքեր չի ասում ու ներողութիւն չի խնդրում արածի համար, այլ քաղաքացիների հարկերով սնւող Հանրային հեռուստաընկերութեան եթերում մէկ ժամ շարունակ գովերգում է այդ նոյն կապիտուլեացիան ու դրա հետեւանքով առաջ եկած «խաղաղութեան դարաշրջանի բացման» հնարաւորութիւնները՝ Ադրբեջանին ուղիղ տեքստով խոստանալով, որ քանի դեռ ինքը Հայաստանում իշխանութեան է, հայկական բանակը կատարելու է միայն պաշտպանողական գործողութիւններ ու անգամ չի մտածելու պատմական հայկական տարածքները վերադարձնելու մասին։

Հայաստանի Հանրապետութեան ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը Հայաստանի քաղաքացիներին պատկանող Հանրային հեռուստատեսութեան եթերում արդարացնում է Շուշին ու Հադրութը օկուպացնելու Ադրբեջանի քայլերը՝ անթաքոյց հրճւանք ապրելով դրա ու հազարաւոր հայորդիների մահւան արդիւնքում ի յայտ եկած կոմունիկացիաների բացման հնարաւորութեան առթիւ։

Նիկոլ Փաշինեանն ազդարարում է, որ ինքը շարունակելու է 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլեացիոն յայտարարութեամբ սկիզբ դրւած պարտւողականութեան, աւելի գլոբալ կապիտուլեացիաներ ենթադրող քաղաքականութիւնը։

Գնդակը, ինչպէս ասում են, Հայաստանի հասարակութեան, քաղաքական ուժերի, մտաւորականների, էլիտաների դաշտում է։ Նիկոլ Փաշինեանի գործողութիւնների նկատմամբ լռութիւնն ու անտարբերութիւնը նշանակելու են դրանց լեգիտիմացում, եւ հակառակը՝ դիմադրութեան անգամ փոքր դրսեւորումները ցոյց են տալու, որ Հայաստանում այդուհանդերձ կան արժանապատիւ քաղաքացիներ ու շրջանակներ եւ պատրաստ են գործողութիւնների՝ պարտադրւող անարժանապատւութիւնը թոյլ չտալու համար։ Այդ առումով երէկւայ հանրահաւաքը չափազանց կարեւոր էր՝ որպէս այն բանի նշան, որ Հայաստանը չի կիսում սողացող կապիտուլեացիայի փաշինեանական քաղաքականութիւնը։

Բայց նոյնքան կարեւոր է, որպէսզի դիմադրութեան նման գործողութիւններն ունենան կուռ տրամաբանութիւն, օրակարգ եւ լինեն հետեւողական ու շարունակական ոչ միայն ու ոչ այնքան հանրահաւաքների քանակի, որքան դրանց ու հետագայ գործողութիւնների բովանդակութեան առումով։

Նիկոլ Փաշինեանի կապիտուլեացիոն անկաշկանդութիւնը լայն իմաստով պայմանաւորւած է հէնց դիմադրութեան թուլութեամբ ու անհետեւողականութեամբ, ինչն օգտագործելով եւ յղում անելով «պողպատեայ մանդատին»՝ նա շարունակում է Հայաստանը տանել այն աղէտալի ճանապարհով, որի սկիզբն իր գաղտագողի ստորագրութեամբ դրեց մէկ տարի առաջ այս օրը։

 

168.am

 

Յարակից լուրեր

  • Փաշինեանը կը հեռանայ իր իսկ ճանապարհով
    Փաշինեանը կը հեռանայ իր իսկ ճանապարհով

    Փողը եւ քաղաքականութիւնը մշտապէս գտնւել են դիալեկտիկական կապի մէջ։ Յատկապէս ժամանակակից աշխարհում, երբ քաղաքականութիւնն իրացւում է առաւելապէս տեխնոլոգիաների, ազդեցութեան մեթոդների, գովազդային ու լրատւական արշաւների միջոցով, առանց փողի ուղղակի անհնար է զբաղւել քաղաքականութեամբ։ Դա, իհարկէ, չի նշանակում փողի դերի բացարձակացում քաղաքականութեան մէջ, եւ այնպէս չէ, որ փողին տիրապետող ցանկացած մէկը կարող է զբաղւել քաղաքականութեամբ եւ հասնել յաջողութեան։

  • Ինչպէս 4 տարում պետութիւնը վերածւեց տարածքի
    Ինչպէս 4 տարում պետութիւնը վերածւեց տարածքի

    Արցախեան 44-օրեայ պատերազմը, ի թիւս այլ գործոնների, իսկ գուցէ առաւելապէս Հայաստանի դիւանագիտութեան տապալման հետեւանքն էր։

    2018 թւականին իշխանութեան գալուց յետոյ Նիկոլ Փաշինեանը սկսեց վարել այնպիսի ու այնքան հախուռն, հակասական ու չհաշւարկւած արտաքին քաղաքականութիւն, որը երաշխաւորւած աղէտ էր խոստանում, ինչը եւ տեղի ունեցաւ 2020 թւականին։

  • Նիկոլ Փաշինեանի ծառաները
    Նիկոլ Փաշինեանի ծառաները

    Սոցիոլոգիայի, հոգեբանութեան ու կառավարման տեսութիւններում ներկայացւում է ռեֆերենտ խումբ հասկացութիւնը, որով բնութագրւում է այն խումբը, որը դրան պատկանող անձի վարքագծի, արժէքների ու նորմերի կողմնորոշման վրայ ունի վճռորոշ ազդեցութիւն, եւ անձը հետեւում է այդ խմբի ուղենիշներին։

  • Ուսապարկերի յեղաշրջում Երեւանում
    Ուսապարկերի յեղաշրջում Երեւանում

    Այսպիսով, Երեւանի աւագանու «Իմ քայլը» խմբակցութիւնն անվստահութիւն յայտնեց քաղաքապետ Հայկ Մարութեանին։ Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինեանը Մարութեանից ուղղակի խլեց Երեւանի քաղաքապետի պաշտօնը։

  • Նիկոլ Փաշինեանը հրաժարւում է գերիներից
    Նիկոլ Փաշինեանը հրաժարւում է գերիներից

    Իլհամ Ալիեւի հետ Նիկոլ Փաշինեանի իւրաքանչիւր հանդիպումից առաջ հայ հասարակութիւնն ապրում է տագնապի սպասումով, մտահոգութեամբ, որ նա կարող է ստորագրել հերթական հակահայկական փաստաթուղթը։ Եւ ամէն անգամ, երբ դա տեղի չի ունենում, մարդիկ թեթեւացած շունչ են քաշում՝ այս անգամ էլ լաւ պրծանք։ Հէնց այդպիսի սպասումներ էին Հայաստանում ձեւաւորւել անցած ամիս Սոչիում եւ նախօրէին Բրիւսէլում կայացած հանդիպումներից առաջ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։