Հա

Քաղաքական

10/11/2021 - 13:05

«Առաջին անգամ էր Ռոբերտ Քոչարեանն այդ դիրքում. դա յստակ արդիւնքների կը յանգեցնի». Ռոբերտ Մարգարեան

Քաղաքագէտ, իրաւաբան Ռոբերտ Մարգարեանի (ԱՄՆ) կարծիքով՝ ստեղծւած իրավիճակում խաղաղութեան դարաշրջան հաստատելու վերաբերեալ իշխանութիւնների յայտարարութիւններն անիմաստ են:

«alikonline.ir» - Քաղաքագէտ, իրաւաբան Ռոբերտ Մարգարեանի (ԱՄՆ) կարծիքով՝ ստեղծւած իրավիճակում խաղաղութեան դարաշրջան հաստատելու վերաբերեալ իշխանութիւնների յայտարարութիւններն անիմաստ են:

«Շուշիի վերջին միջադէպը միակը չէ, եւ սա խօսում է այն մասին, որ քանի դեռ հանդէս ես գալիս թոյլ դիրքերից, չունես ամուր երաշխիքներ՝ անվտանգութեան համար, խաղաղութեան դարաշրջանի մասին խօսելը ոչ միայն անիմաստ, այլ երբեմն նաեւ ծիծաղելի է»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նրա խօսքով՝ բնական է, որ յաւերժական թշնամիներ չեն կարող լինել, ինչ-որ մի օր գուցէ հնարաւոր լինի այդ խաղաղութիւնը հաստատել, բայց ըստ քաղաքագէտի՝ խաղաղութիւն հաստատելու պահը եւ պայմաններն են կարեւոր:

«Սա իր մեջ շատ լուրջ սպառնալիքներ է պարունակում. Երբ դու թոյլ դիրքերով ես խաղաղութեան գնում, դու խաղաղութիւն ես մուրում, ոչ թէ այդ խաղաղութեանը հասնում ես բնական կերպով: Շատ պարզ է, որ այդ խաղաղութիւնը քեզ տալու համար քեզանից պահանջելու են զիջումներ, քեզանից պահանջելու են առաւելագոյնը, որ կարող են քեզանից ստանալ, ինչը հիմա մենք տեսնում ենք»,- ընդգծեց նա:

Ռոբերտ Մարգարեանն անդրադարձաւ նաեւ «Հանրային հեռուստաընկերութեանը» տւած հարցազրոյցում Նիկոլ Փաշինեանի հնչեցրած որոշ թէզերի:

«Դուք կարող էք միջանցք կամ ճանապարհ կոչել, դա չէ կարեւորը, կարեւորը երեւոյթն է, երբ մեր թշնամի պետութիւնը, որի հետ մէկ տարի առաջ պատերազմի մէջ էինք գտնւում, հիմա էլ շարունակում ենք զոհեր ունենալ, դու առանց որեւէ նախապայմանների քո սահմանները բացում ես, որպէսզի նրանք գան՝ հանգիստ քո տարածքով անցնեն, օգտւեն քո հնարաւորութիւններից:

Հիմնական խնդիրը սա է: Այսինքն՝ դու տրամադրում ես ճանապարհ, որպէսզի թշնամին գայ՝ անցնի, եւ այդ ընթացքում անվտանգութեան տարբեր խնդիրներ կարող են քեզ համար առաջանալ մինչեւ այն ժամանակ, երբ դու չունես այդ երաշխիքները, երբ դու չես հզօրացել: Նոյնիսկ, եթէ վերահսկողութիւն ունենաս այդտեղ, այդ ընթացքում տարբեր գործընթացներ կարող են տեղի ունենալ:

Նոյն հարցազրոյցի ժամանակ թրքացման վերաբերեալ հարցը նա փորձեց շրջանցել, ասելով, թէ չի հասկանում՝ ինչ է թրքացումը: Թրքացումը հէնց սա է, երբ դու ճանապարհներդ բացում ես թշնամու առաջ, թշնամին այդտեղով գալիս-գնում է, կամաց-կամաց այդտեղ գալու է՝ հաստատւի, հնարաւոր է՝ տարածքներ գնի, այդտեղ սկսի բիզնեսներ դնել, այսինքն՝ այդտեղ աստիճանաբար սկսում է հայաթափւել, եւ փոխարէնը՝ քո հարեւաններն են գալիս-հաստատւում: Եթէ նոյնիսկ այդ տարածքը քո վերահսկողութեան տակ է, այլեւս քոնը չի լինելու, լինելու է այն, ինչ Ալիեւն էր ասել, այսինքն՝ քայլելով կը գանք, գնացքներով կը գանք, մեքենաներով կը գանք, բայց մէկ է՝ կը գանք»:

Հարցին՝ այս օրերին քննադատութեան թիրախում է ընդդիմութիւնը, որն ահազանգում է սպասւող երկրորդ կապիտուլեացիոն փաստաթղթի մասին, բայց գործողութիւններ չի անում՝ դա կանխելու համար. նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ընդդիմութեան հանրահաւաքը ի՞նչ խնդիրներ լուծեց, արդեօ՞ք այս ձեւով հնարաւոր լինելու է կանխել երկրորդ կապիտուլեացիան, ինչպէս իրենք են պնդում, եւ իշխանութիւնից հեռացնել Նիկոլ Փաշինեանին, նա պատասխանեց.

«Իհարկէ, տարբեր տեսակէտներ կան տեղի ունեցած հանրահաւաքի վերաբերեալ: Ոմանք հիասթափւած են, քանի որ ենթադրում էին, որ պէտք է գործնական քայլեր լինէին՝ փողոցներ փակել, ապստամբութիւն, ընդվզում, ընդհուպ՝ հասնել իշխանափոխութեան: Բայց ոմանք էլ համոզւած են, որ այդ հանրահաւաքն ընդհանրապէս նման հանրահաւաք չէր եւ նման կոչ էլ չէր կատարւել, դա ունէր իր յստակ նպատակը, եւ այն նպատակը, որի համար այն կազմակերպւել էր, իրականութիւն դարձաւ հանրահաւաքի աւարտին:

Դա համազգային դիմադրութեան շարժման մեկնարկի յայտարարութիւնն էր: Այդ դիմադրութիւնը ոչ միայն Հայաստանինն ու Արցախինն է, այլ նաեւ դրան միանում է Սփիւռքը: Ոմանց համար կարող է դեռ պարզ չլինել, թէ դիմադրութիւն ասելով՝ ինչ ենք հասկանում, բայց ես վստահ եմ, որ եթէ այդ դիմադրութեան թեման առաջ է քաշւել, դա իրենից ենթադրում է որոշ գործողութիւններ, որոնք պէտք է տեսնենք յաջորդական օրերին:

Շատ պարզ է, որ խելացի պայքար տանող մարդը, յատկապէս, երբ դիմացը կանգնած է Նիկոլ Փաշինեանը, առաջին հանրահաւաքի ժամանակ չի յայտարարի՝ ես նոյեմբերի 10-ին գնում եմ՝ կառավարութեան շէնք գրաւեմ, 11-ին՝ ԱԺ գրաւեմ, շատ պարզ է, որ դու այդ պրոցեսը ունես մտքիդ մէջ, բայց հերթով պէտք է իրականացնես»:

Քաղաքագէտը յոյս յայտնեց, որ ընդդիմութեան հանրահաւաքին կը յաջորդեն հետագայ քայլերը.

«Ես կարծում եմ՝ ինչ-որ քայլեր կը լինեն: Դժւար եմ պատկերացնում՝ նախագահ Ռոբերտ Քոչարեանը գայ, կանգնի բեմի վրայ, յայտարարի դիմադրութեան մասին՝ չունենալով յստակ պատկերացում, թէ այդ դիմադրութիւն ասելով՝ ինչ են ուզում անել»:

Դիտարկմանը՝ շատերն ասում են, որ Ռոբերտ Քոչարեանն ընտրութիւններից առաջ էլ ասում էր՝ կրելու ենք, բայց չյաղթեց ընտրութիւններում, եւ հիմա հնարաւոր է, որ այդ գործողութիւններն էլ որեւէ արդիւնք չտան, նա արձագանգեց.

«Ընտրութիւնները մի քիչ տարբեր պրոցես են, որովհետեւ վերջին հաշւով ժողովրդի ձայնն է ընտրութիւններում որոշիչը, բայց այս գործընթացը, որը սկսւում է, կախւած է ուղղակի ղեկավարութիւնից, որ կարողանաս ճիշտ ղեկավարել եւ ժողովրդին դուրս բերել փողոց: Սրանք տարբեր գործընթացներ են:

Նախորդ տարւանից մինչեւ հիմա իշխանափոխութեան տարբեր շարժումներ են եղել Հայաստանում: Մինչեւ պատերազմը արդէն ուզում էր ընդդիմութիւնը համախմբւել, նախորդ տարւայ հոկտեմբերի համար մեծ հանրահաւաքի յայտարարութիւն եղաւ, բայց պատերազմը սկսւեց, եւ այն իրականութիւն չդարձաւ:

Այդ ժամանակ խնդիրը պատերազմը չէր, մենք ո՛չ Շուշի էինք կորցրել, ո՛չ 5000 զոհեր ունէինք, ո՛չ Արցախն էինք տւել: Պատերազմը փոխեց գործընթացը: Պատերազմից յետոյ սկսւեց «Հայրենիքի փրկութեան շարժում»-ը, դա էլ ձգտում էր իշխանափոխութեան, բայց ամբողջովին տարբեր էր այն ձեւաչափից, որն այսօր է: Ընտրութիւնների փուլը լրիւ տարբեր էր: Իսկ երէկւանից սկիզբ է դրւել պայքարի նոր փուլի, որն ամբողջովին տարբեր է լինելու վերոնշեալ պայքարներից: Նոյնիսկ նախագահ Ռոբերտ Քոչարեանի հանդէս գալն այդտեղ տարբեր էր: Մինչեւ երէկ Ռոբերտ Քոչարեանը նախընտրական շրջանում հանդէս էր եկել՝ որպէս քաղաքական դաշինքի ղեկավար, ով ուզում է յաղթել եւ մտնել խորհրդարան, բայց երէկւանից նա ընդդիմադիր լիդեր էր, որ ձգտում է իշխանափոխութեան: Առաջին անգամ էր, որ Ռոբերտ Քոչարեանն այդ դիրքում էր: Դա ինձ յոյս է տալիս, որ այս գործընթացը տարբեր է նախորդներից եւ յստակ արդիւնքների կը յանգեցնի»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։