Հա

Քաղաքական

13/11/2021 - 08:40

«Ճանապարհների ապաշրջափակման քողի ներքոյ ադրբեջանական իշխանութիւնները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման, հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականութիւն»․ ՀՀ ՄԻՊ

Ինձ համար ակնյայտ է, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքոյ ադրբեջանական իշխանութիւնները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականութիւն. Սիւնիքում Գորիս-Կապան ճանապարհին 2021թ. նոյեմբերի 11-ից յայտարարւած ադրբեջանական, այսպէս կոչւած, սահմանային ու մաքսային վերահսկողութիւնը որեւէ կապ չունի դրա նպատակների հետ: 

«alikonline.ir» - Ինձ համար ակնյայտ է, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքոյ ադրբեջանական իշխանութիւնները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականութիւն. Սիւնիքում Գորիս-Կապան ճանապարհին 2021թ. նոյեմբերի 11-ից յայտարարւած ադրբեջանական, այսպէս կոչւած, սահմանային ու մաքսային վերահսկողութիւնը որեւէ կապ չունի դրա նպատակների հետ: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:

«Սա հիմնաւորւում է ադրբեջանական կոնկրետ քայլերով ու այդ քայլերի հետեւանքներով:

Նախ, փաստերը վկայում են, որ այս ամէնի իրական պատճառը, սնուցող աղբիւրը ադրբեջանական պետական հովանաւորչութեամբ հայատեացութեան ու թշնամանքի քարոզի կայուն (established) քաղաքականութիւնն է:

Դրանից բացի, ակնյայտ է՝ ադրբեջանական իշխանութիւնները յստակ գիտեն, որ Գորիս-Կապան ճանապարհի արգեկափակումը կամ, այսպէս կոչւած, ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողութիւնը առաջացնելու է քաղաքացիական բնակչութեան իրաւունքների ոտնահարումներ եւ հումանիտար լուրջ խնդիրներ, այդ թւում՝ առաջ են գալու քաղաքացիական մի շարք բնակավայրերի մեկուսացման խնդիրներ: Եւ նրանք նպատակային անում են այդ քայլերը ու գնալով դրանք աւելի են ընդլայնում:

Ըստ այդմ, յատկապէս նոյեմբերի 11-ից Սիւնիքում առաջ են եկել մարդու, այդ թւում՝ համայնքների բնակիչների (երեխաներ, հաշմանդամութիւն ունեցող անձինք, տարեցներ եւ այլն) իրաւունքների ոտնահարումներ եւ, առհասարակ, հումանիտար լուրջ խնդիրներ։

Զգալիօրէն դժւարացել է կապը յատկապէս Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, ինչպէս նաեւ միւս քաղաքացիական բնակավայրերի միջեւ՝ ադրբեջանական արարքներով հիմնական ճանապարհով երթեւեկութեան արգելքի պատճառով: Էականօրէն ծանրաբեռնւել է Սիւնիքի Տաթեւ-Կապան ճանապարհը՝ խաթարելով մարդկանց եւ գործարար նպատակներով ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը:

Նշւած բնակավայրերում առկայ են սննդամթերքի (հաց եւ այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտութեան ապրանքների, բժշկական օգնութեան եւ սպասարկման արագ ու արդիւնաւէտ հասանելիութեան սահմանափակումներ: Մարդիկ կանգնել են ընտանիքի եկամուտը վաստակելու (օրինակ՝ գիւղատնտեսական ապրանքների վաճառքի իրացման) խնդրի առաջ:

Խաթարւել է մարդկանց բնականոն կեանքը, խաղաղութիւնն ու անվտանգութիւնը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիութեան, ազատ տեղաշարժի եւ միւս կենսական իրաւունքները: Ստեղծւած վիճակը կոպտօրէն ոտնահարում է նաեւ երեխայի շահերը, խախտում է բժշկական առաջնահերթ օգնութիւնից օգտւելու մարդասիրական բացարձակ իրաւունքը: Այս ամէնն էլ իր հերթին դարձել է հասարակութիւնում լարւածութիւն առաջացնող գործոն:

Ադրբեջանական դիմակաւորվւած ու զինւած ծառայողները շարունակում են ծառայութիւն իրականացնել Գորիս-Կապան ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կեանքի իրաւունքի խախտում է ու անվտանգութեան իրական սպառնալիք: Նոյն վերաբերում է նաեւ Կապան-Ճակատէն ճանապարհին:

ՀՀ բնակչութիւնն իր իրաւունքների համար այս նոյն խնդիրների առաջ էր կանգնել նաեւ, երբ ադրբեջանական զինւած ծառայողները 2021թ. օգոստոսի 25-27-ը երկու տեղից կամայական փակել էին Գորիս-Կապան ճանապարհը:

Նշւած իրաւունքները ճանաչւած են միջազգայնօրէն եւ երաշխաւորւած են ՀՀ Սահմանադրութեամբ: Նշւած իրաւունքների խախտումները կոպտօրէն ոտնահարում են ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտօնական ուղեցոյցը Պետական սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի վերաբերեալ, եւ դրա ուժով սահմանային ցանկացած գործընթաց դարձնում են անօրինական (unlawful):

Դրանից բացի, ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացայայտ սպառնալիքով, ինչը իրաւունքի գերակայութեան ու մարդու իրաւունքների միջազգային չափանիշների տեսանկիւնից բացարձակ անթոյլատրելի է:

Այս նոյն խնդիրները մարդկանց համար առաջացել էին նաեւ այս տարւայ օգոստոսին՝ ադրբեջանական զինւած ծառայողների կողմից ճանապարհը 2 տեղից փակելով: Սրան պէտք է աւելացնել նաեւ իրավւունքների խախտումները միւս դէպքերը (օրինակ՝ երեխաներով աւտոբուսը կանգնեցնելը եւ երեխաներին դիմակաւորւած ծառայողներով ու զէնքով ահաբեկելը, քաղաքացիական անձանց զէնքով սպառնալը):

Մենք իրական վիճակի մասին զեկոյցները, փաստահաւաք աշխատանքների արդիւնքները պարբերաբար ենք ուղարկում միջազգային մարմինների, այդ թւում՝ անհատապէս այդ մարմինների պաշտօնատար անձանց՝ ՄԱԿ, ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ եւ այլն, ինչպէս նաև ՀՀ մարմիններին:

Մենք պէտք է ցոյց տանք ադրբեջանական արարքների իրական մոտիւացիան»,- գրել է Թաթոյեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։