Հա

Քաղաքական

14/11/2021 - 11:00

«Տղամարդիկ բորբոքւած փորձել են դուրս գալ մեքենայից. եթէ չհասնէր ռուս խաղաղապահը, շատ վատ հետեւանքներ էին լինելու». Մետաքսէ Յակոբեան

Երէկ առաւօտեան Շուշի քաղաքի ներքեւի հատւածում գտնւող անցակէտի մօտ միջադէպ է տեղի ունեցել, որի արդիւնքում որոշ ժամանակով փակւեց Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը: Այնուհետեւ Արցախի ԱԱԾ-ն պաշտօնական հաղորդագրութիւն տարածեց՝ նշելով, որ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողութիւնններին ի պատասխան՝ անյայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակէտի հատւածում։

Միջադէպի վերաբերեալ 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում Արցախի Հանրապետութեան ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը հետեւեալը նշեց.

«alikonline.ir» - Երէկ առաւօտեան Շուշի քաղաքի ներքեւի հատւածում գտնւող անցակէտի մօտ միջադէպ է տեղի ունեցել, որի արդիւնքում որոշ ժամանակով փակւեց Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը: Այնուհետեւ Արցախի ԱԱԾ-ն պաշտօնական հաղորդագրութիւն տարածեց՝ նշելով, որ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողութիւնններին ի պատասխան՝ անյայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակէտի հատւածում։

Միջադէպի վերաբերեալ 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում Արցախի Հանրապետութեան ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը հետեւեալը նշեց.

«Միայն գիտեմ, որ նռնակ նետող տղամարդը ազգակցական կապ չունի Մարտիկ Երեմեանի հետ, թէպէտ լրատւականները գրում էին, որ օրերս Շուշիում սպանւած Մարտիկ Երեմեանի եղբայրն է եղել նռնակ նետողը, այսինքն՝ վրէժ է լուծել: Միգուցէ տարօրինակ հնչի, բայց Ստեփանակերտում ոգեւորութիւն կայ, եւ ինչ-որ տեղ սա վրէժի լուծում է հէնց այս իշխանութիւններից, որոնք այս մէկ տարւայ ընթացքում կարողացան հայ տղամարդու կերպարը խեղաթիւրել, դարձնել խղճուկ, վախեցող, փախչող, քոչւոր ցեղերի առջեւ խեղճացող. Այդպիսի կերպար էին ստեղծել, որն իրականութեանը չէր համապատասխանում: Սա եւս մէկ անգամ փաստում է, որ հայն ուղղակի համբերատար է, եւ մինչեւ այս իշխանութիւնների յայտնւելն ինքը ուղղակի սովոր է եղել, որ իր անվտանգութեան երաշխաւորը իշխանութիւնն է, ոչ թէ ինքը, եւ այդ պատճառով երեւի մինչեւ այսօր ուղղակի դեռեւս հաւատում էր, որ իշխանութիւնները կարող են լինել անվտանգութեան երաշխաւոր: Հիմա, արդէն, հայի կերպարն է, երբ ինքը կարող է կանգնել ու ինքն իրեն պաշտպանել»:

Միջադէպի մասին տեղեկանալիս՝ պատգամաւորի առաջին արձագանգն այն է եղել, որ, ի վերջոյ, մարդկանց համբերութեան բաժակը լցւել է.

«Նոյեմբերի 8-ին մենք հասկանում էինք, որ թշնամին ցնծալու է, որովհետեւ ինքը չյաղթեց, իրեն այդ յաղթանակը նւիրեցին, եւ պատկերացնո՞ւմ էք՝ այդքան հեշտ գնով ձեռք բերւած յաղթանակի մէկ տարին ինչպէս պէտք է նշւէր: Ինչքան էլ մենք ամուր, մեր ատամները սեղմած դիմացանք այդ հրավառութեանը, միջոցառումների նախապատրաստման աշխատանքներին, ուղղակի այդ ամէնը տեսնելով, այդ ամենի միջով անցնելով՝ հասկանում ես, որ այս իշխանութիւնները՝ նւիրելով այդ ամէնը, այնքան լկտիացրին այդ քոչւոր ցեղին, որ կարողացան ամսի 8-ին իրենց «ծիսակատարութիւնը» կատարել՝ զոհ մատուցելով: Մենք առ այսօր չգիտենք՝ ով է այդ մարդասպանը, ինչպէս էր կարողացել այդտեղ հասնել, եւ ինչո՞ւ այդ երիտասարդի եւ միւս աշխատողների անվտանգութիւնը այս իշխանութիւնները չէին կարողացել ապահովել՝ գիտակցելով, թէ ինչ օրով ինչ տարածք են ուղարկում: Եւ այսօր, թէպէտ մի փոքր ուշ, բայց հայը գիտակցում է, որ ի դէմս Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնների՝ չունի անվտանգութեան երաշխաւոր: Եթէ չկայ, ստիպւած ժողովուրդը պէտք է ինքնակազմակերպւի եւ պահի հայրենիքի անվտանգութիւնը»:

Մետաքսէ Յակոբեանը նկատեց՝ ամենավատ երազում չէր կարող տեսնել այն, ինչի մէջ այսօր ապրում ենք.

«Դարեր շարունակ մենք գիտակցել ենք, որ սա մեր հայրենիքն է, իսկ այսօր յայտնւել են որոշ մարդիկ, որ ասում են՝ ոչ, դա մեր հայրենիքը չէ, ընդամէնը ճանապարհ է: Ինչպէս նախկինում Արցախի վերաբերեալ էին ասում, որ դա տարածք է, ոչ հայրենիք, հիմա էլ փաստօրէն հայրենիքի մի հատւածի անունը դրել են ճանապարհ, բացել են թուրքի առաջ, թոյլ են տւել, որ մաքսակէտ դնի, եւ ասում են՝ ինչի՞ց էք նեղւում, կայ մէկ այլ ճանապարհ, անցէք միւս ճանապարհով: Բայց մենք պէտք է գիտակցենք, որ իրենք մեր հայրենիքի մի մասը տալիս են, որպէսզի թուրքական աշխարհը միացնեն իրար: Եւ սա արդէն վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի համար»:

Հարցին՝ Գորիս-Կապան ճանապարհի մի հատւածն Ադրբեջանին զիջելու արդիւնքում Սիւնիքն այսօր հումանիտար աղէտի առաջ է կանգնած, քանի որ մի շարք գիւղեր կտրւել են ՀՀ-ից. սա չէի՞ն հաշւարկել ՀՀ իշխանութիւնները, երբ գնում էին հերթական զիջումների, նա պատասխանեց.

«ՀՀ իշխանութիւնները կարծես թէ այլեւս հաշւարկներ չեն անում, որովհետեւ այդ զիջումները ոչ թէ փոխադարձ քննարկումների արդիւնքում են լինում, այլ նրանց պարտադրւում են, որովհետեւ այն քայլերը, որ իրենք երեք տարի շարունակ արեցին, այս ամէնը դրանց տրամաբանական շարունակութիւնն է:

Որոշ ժամանակ առաջ իմ հարազատները Կապան այցելութեան էին գնում եւ Գորիս-Կապան ճանապարհով անցնելիս, դեռ մաքսակէտը չկար, բայց ադրբեջանցիները կանգնեցրել էին մեքենան, որովհետեւ տեսել էին, որ դա Արցախի պետհամարանիշներով մեքենայ էր, եւ եթէ այդ պահին արագ չհասնէին ռուս խաղաղապահները, չեմ պատկերացնում, թէ այդ միջադէպն ինչ ավարտ էր ունենալու: Մեքենայի ներսի տղամարդիկ բորբոքւած փորձել էին դուրս գալ մեքենայից, եւ դա հաստատ շատ վատ հետեւանքներ էր ունենալու, եթէ այդ պահին չհասնէր ռուս խաղաղապահը»:

Պատգամաւորը շեշտեց՝ այս աշխատանքները վաղուց են կատարւել.

«Արդէն սահմանազատումն էլ է կատարւել, սահմանագծումն էլ է կատարւել, իրենք ուղղակի մաս-մաս են անում եւ, ի վերջոյ, բերելու են հասցնեն այն փաստաթղթի ստորագրմանը, որի մասին մենք բաւականին երկար ժամանակ խօսում էինք: Եւ իհարկէ, սա ոչ միայն հումանիտար աղէտ է, սա բերելու է նրան, որ հայաթափւեն այդ գիւղերը, նաեւ՝ Կապան քաղաքը»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։