Հա

Քաղաքական

15/11/2021 - 12:50

«Երբ Փաշինեանն իրեն «ճիշտ» է պահում, Ալիեւը դրանից գոհ է, իսկ երբ «սխալ», ապա պատժում է. սա փակ շղթայ է, որը կարելի է պատռել մէկ եղանակով՝ Փաշինեանին իշխանութիւնից հեռացնելով». Մելիք-Շահնազարեան

Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան էջում գրել է.

«alikonline.ir» - Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան էջում գրել է.

«Հայաստանն իր սուբիեկտայնութիւնը սկսել է կորցնել 2018թ. երկրորդ կէսից։ Ճիշտ օրն էլ է յայտնի՝ 2018թ. սեպտեմբերի 28։ Այդ օրը Նիկոլ Փաշինեանը Դուշանբէի վերելակներից մէկում հանդիպեց Ալիեւին, յետոյ եկաւ ու յայտարարեց, որ վերջինիս հետ համաձայնութիւններ է ձեռք բերել։ Դրանից յետոյ օր օրի Հայաստանն աւելի ու աւելի քիչ էր ազդում սեփական ճակատագիրը կանխորոշող որոշումների վրայ։

2020թ. յուլիսեան մարտերից յետոյ հայկական պետութիւնը դիւանագիտական դաշտում իրավիճակը շտկելու վերջին շանսը ստացաւ, բայց այդ ուղղութեամբ աշխատելու փոխարէն Փաշինեանն ու նրա թիմակիցները նախընտրեցին յաղթանակ տօնել, յընթացս էլ մատ թափ տալ Ռուսաստանի, Թուրքիայի եւ ընդհանրապէս ողջ աշխարհի վրայ։

Այդ պահից սկսած Հայաստանի հետ ոչ ոք ոչինչ այլեւս չի քննարկել։ Որոշումները կայացւել են այլ մայրաքաղաքներում ու խօսքով, իսկ յաճախ էլ զէնքի ուժով պարտադրւել Երեւանին։ 2019-ից մինչ օրս ոչինչ չի փոխւել։ Հայաստանը շարունակում է մնալ լուսանցքում ու կատարել այլոց որոշումները։

Դրա համար, հիմա երբ փորձում ենք հասկանալ, թէ ինչ է կատարւում Սիւնիքում, ինչո՞ւ է թշնամին շարունակում տարածքներ զաւթել սահմանում եւ ստորացնել մեր զօրքը, պէտք է յստակ իմանանք, որ պատասխանը մէկն է՝ կապիտուլեացիա ստորագրած ՀՀ իշխանութիւնները հերթական սխալն են գործել ու հիմա պատժւում են դրա համար։ Իրավիճակի ողբերգութիւնը նրանում է, որ ՀՀ կառավարութեան քայլերի սխալն ու ճիշտը հիմա այլոք են որոշում։ Հիմնականում Ալիեւը։ Ուստի, երբ Փաշինեանն իրեն «ճիշտ» է պահում, Ալիեւը դրանից գոհ է։ Իսկ երբ «սխալ», ապա պատժում է։

Ու սա փակ շղթայ է, որը կարելի է պատռել բացառապէս մէկ եղանակով՝ Փաշինեանին իշխանութիւնից հեռացնելով։ Կարծում եմ՝ Փաշինեանն ինքն էլ է լաւ հասկանում սա։ Բայց նա շարունակում է կառչած մնալ աթոռին, ինչով եւ հերթական անգամ ապացուցում է իր դաւաճան լինելու փաստը։ Դէ իսկ ընդդիմութիւնն էլ, ինչպէս տեսնում ենք, չի կարող այդ հարցը լուծել։ Պատճառները շատ են, բայց իմ կարծիքով խորքային ու ամենակարեւոր պատճառն այն է, որ էլիտաները մեծ հաշւով գոհ են Փաշինեանի իշխանութեամբ։

Էլիտաները ազգային շահով չեն առաջնորդւում։ Ոչ էլ պետական։ Նրանք իրենց սեփական շահն ունեն, որը չեն ուզում ռիսկի ենթարկել։ Դրա համար էլ լուռ հետեւում են պետութեան կործանման գործընթացին։ Հէնց էլիտաների եւ ոչ թէ հանրային լայն շրջանակների դաւաճանութիւնը հնարաւոր դարձրեց 2018-ի յեղաշրջումը։ Յետոյ մեր պարտութիւնը։ Իսկ հիմա էլ՝ կործանումը։

Այս ամենով հանդերձ, սակայն, ես շարունակում եմ վստահ լինել, որ բեկման պահը հասունացել է։ Աստւած առաջ, շատ շուտով հայկական պետութիւնը կը սկսի վերականգնւել ու այդ ընթացքում ամենակարեւոր հանգամանքն այն կը լինի, որ ազգային ռեսուրսներ վատնող տարաբնոյթ կենդանիներ կրկին չմակաբուծեն պետական ու հանրային ինստիտուտների վրայ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։