Հա

Քաղաքական

16/11/2021 - 14:10

«Հասկանո՞ւմ էք, որ ձեր յայտարարութիւններով օրինականացւում են ադրբեջանցիների անօրինական տեղակայումները». ՄԻՊ

Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանն այսօր արձագանգել է ՔՊ-ական պաշտօնեաների այն յայտարարութիւններին, որ իբր Ադրբեջանը մաքսակէտեր է դնում Ադրբեջանին պատկանող տարածքներում.

«alikonline.ir» - Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանն այսօր արձագանգել է ՔՊ-ական պաշտօնեաների այն յայտարարութիւններին, որ իբր Ադրբեջանը մաքսակէտեր է դնում Ադրբեջանին պատկանող տարածքներում.

«Խիստ վտանգաւոր են դարձել ՀՀ այն պաշտօնեաների յայտարարութիւնները, որոնք, անտեսելով մարդկանց սահմանադրական իրաւունքները, արդարացնում են Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատէն ճանապարհներին ադրբեջանական անցակէտերը, իսկ տեղակայումները հիմնաւորում են՝ ասելով, թէ դրանք այն տարածքներում են, որոնք Ադրբեջանի Հանրապետութիւն են: Անընդհատ յղումներ են արւում ինչ որ այլընտրանքային ճանապարհների ու ԽՍՀՄ չկոնկրետացւած ինչ-որ քարտէզների:

Դուք հասկանո՞ւմ էք, որ ձեր այդ յայտարարութիւններով օրինականացւում են ադրբեջանական զինւած [ու իրաւապահ] ծառայողների անօրինական տեղակայումները, որտեղից էլ նրանք անօրինականութիւններ են կատարում, յանցանքներ են գործում ՀՀ բնակչութեան նկատմամբ:

Որքա՞ն կարելի է խօսել այլընտրանքային ճանապարհներից: Այդ, այսպէս կոչւած, այլընտրանքային ճանապարհները չեն վերացնում ՀՀ բնակչութեան ավտանգութեան սպառնալիքներն ու սահմանադրական իրաւունքների խախտումները, չեն կարող լինել լիարժէք լուծումներ:

Դուք գիտակցո՞ւմ էք, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքոյ ադրբեջանական իշխանութիւնները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման եւ հումանիտար խնդիրներ առաջացնելու նպատակային քաղաքականութիւն:

Դուք ինքներդ ինչպէ՞ս էք պատկերացնում ադրբեջանական այս արարքներից ՀՀ քաղաքացիների իրաւունքների պաշտպանութիւնը, ո՞ւմ դիմել, ի՞նչ ընթացակարգով:

Դուք գիտէ՞ք, որ պատերազմից յետոյ ադրբեջանական իշխանութիւնները միայն խորացրել են հայատեացութիւնն ու թշնամանքի քարոզը:

Դուք գիտակցո՞ւմ էք, որ մեր գյուղերի մօտ, Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատէն ճանապարհներին ադրբեջանական այն ծառայութիւններն են, որոնք դաժանաբար խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց եւ դրա համար չեն պատժւել:

Երկու երկրների միջեւ տեղի չի ունեցել դելիմիտացիա կամ դեմարկացիա, ի՞նչ հիմքով էք դուք ինչ որ տարածքներ համարում ադրբեջանական կամ ոչ ադրբեջանական:

Ի՞նչ իրաւական ակտով է ձեզ իրաւունք վերապահւած անել ՀՀ քաղաքացիների սահմանադրական եւ միջազգայնօրէն ճանաչւած իրաւունքները ոտնահարող յայտարարութիւններ:

Սոյն յայտարարութիւնը արւում է հրապարակային՝ հաշւի առնելով, որ նշւած վտանգաւոր շեշտադրումները ստանում են լայն տարածում ՀՀ տարբեր, այդ թւում՝ բարձրաստիճան պաշտօնեաների յայտարարութիւններում ու հետեւաբար՝ առկայ է դրանց կանխարգելման հրատապ անհրաժեշտութիւն:

Պէտք է բացառւեն տարբեր պաշտօնեաների հակասական ու մարդու իրաւունքները վտանգող յայտարարութիւնները, որոնք խորացնում են անորոշութիւնը հասարակութիւնում:

Իրականում, պետութեան ռազմավարութիւնը պէտք է սահմանային անվտանգութեան հարցերում հաշւի առնի մարդու իրաւունքների հետ կապը, ինչպէս նաեւ այն, որ պետութիւնն ունի իր քաղաքացիների իրաւունքների պաշտանութեան պոզիտիւ պարտաւորութիւն»,- ասւած է Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանի յայտարարութեան մէջ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։