Հա

Քաղաքական

18/11/2021 - 12:10

Քանի մարդու կեանք է արժեցել Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը

Այս հարցը երբեւէ հնչելու է ու ուղղւելու է առաջին հերթին, անհատապէս, յատկապէս ու առանձնապէս Նիկոլ Փաշինեանին։ Երբեւէ նա ստիպւած է լինելու պատասխանել այս հարցին՝ այդ ընթացքում հանդիպելով թւաբանական դժւարութիւնների, որովհետեւ, ինչպէս մի անգամ անխոհեմութիւն է ունեցել խոստովանելու՝ մարդկային կեանքերն ինքը հաշւում է «պլիւս-մինուսով»։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Այս հարցը երբեւէ հնչելու է ու ուղղւելու է առաջին հերթին, անհատապէս, յատկապէս ու առանձնապէս Նիկոլ Փաշինեանին։ Երբեւէ նա ստիպւած է լինելու պատասխանել այս հարցին՝ այդ ընթացքում հանդիպելով թւաբանական դժւարութիւնների, որովհետեւ, ինչպէս մի անգամ անխոհեմութիւն է ունեցել խոստովանելու՝ մարդկային կեանքերն ինքը հաշւում է «պլիւս-մինուսով»։

Կախւած նրանից, թէ որտեղ կը հնչի այդ հարցը՝ նրա մօտաւոր պատասխանները կամ կընդունւեն, կամ նա ստիպւած կը լինի անցնել անձամբ իր մեղքով զոհւած հազարաւոր մարդկանց անունները յիշելու դժոխային ճանապարհի միջով։ Թէեւ, հարցի հնչեցման հարթակում հոգեբանների առկայութեան դէպքում կը պարզւի նաեւ՝ ցանկացածի համար դժոխային այդ ճանապարհը, արդեօք դժոխային է նաեւ նրա՞ համար, թէ՞ Նիկոլ Փաշինեանը մարդկային կեանքերին վերաբերւում է՝ որպէս վիճակագրական դիպւածի։

Բայց մինչեւ այդ հարցի հնչեցումն ու պատասխանից խուսափումը, Հայաստանում շարունակում են զոհւել մարդիկ, երիտասարդներ, որդիներ, հայրեր ու եղբայրներ։ Զոհւում են, որովհետեւ Հայաստանը շարունակում է գտնւել սողացող պատերազմի պայմաններում։ Իսկ պատերազմները՝ սողացող կամ ոչ, սկսւում ու չեն աւարտւում այն ժամանակ, երբ աւարտւում է պաշտօնեաների խելքը, միտքն ու բանականութիւնը. յատկանիշներ, որոնք անհրաժեշտ են դիւանագիտութեան միջոցով պատերազմներն անհնարին դարձնելու համար։

Պատերազմը դիւանագիտութեան ձախողումն է ու պարտութիւնը։ Իսկ դիւանագիտութիւնը վարում են կամ տապալում են ոչ թէ սահմանի սառնամանիքին առանց զրահաբաճկոնի թշնամու դէմ կանգնած երիտասարդները, այլ յարմարաւէտ աշխատասենեակների՝ Հայաստանի քաղաքացիների հաշւին միլիոնաւոր պարգեւավճարներ ստացող փողկապաւորները։ Հէնց վերջինների անկարողութեան համար առաջինները վճարում են կեանքով՝ արժանանալով փողկապաւորների կողմից իրենց յիշատակը 1 րոպէ լռութեամբ յարգելու կրկեսին։

Պատերազմը ինդուլգենցիա է դիւանագիտութիւնը տապալողների համար, որովհետեւ դրա պատճառով զոհւած հարիւրաւորների կամ հազարաւորների մահը վերագրւում է պատերազմին, առանց որեւէ որոշում կայացնողի հասցէական պատասխանատւութեան։ Այն դէպքում, երբ պետութիւնն ու արդարադատութիւնը սովորական պայմաններում մէկ մարդու սպանութիւն կատարողին դատում է ամենածանր պատժաչափերով։

Իշխանութեան լաւ կամ վատ աշխատանքի ցուցանիշն իրականում նրա արձանագրած տնտեսական աճի տոկոսները կամ փռւած ասֆալտի կիլոմետրերը չեն։ Իշխանութեան գործունէութեան գնահատականն առաջին հերթին ու առաւելապէս այն մարդկային կեանքերն են, որոնք փրկւել կամ, հակառակը, զոհ են դարձել իշխանութեան լաւ կամ վատ գործողութիւններին, որոնց թւում դիւանագիտութիւնը՝ պատերազմ թոյլ չտալու կարողութիւնը, ունի առաջնային նշանակութիւն։

Նիկոլ Փաշինեանը կատարելապէս տապալւել է հէնց այդ՝ դիւանագիտութեան ոլորտում, ինչի վարձքը տւել ու շարունակում է տալ հասարակութիւնը՝ հազարաւոր կեանքերի գնով։ Քրեադատավարական չափանիշներով դրա համար դատւելիքը կարող է չափւել հարիւրաւոր տարիներով։ Եւ դրա մասին լաւագոյնս գիտի Նիկոլ Փաշինեանը․ նա սիրում է կրկնել «պատի տակ գնդակահարւելու» մասին։

 

168.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։