Տիգրան Քոչարեանի խօսքով՝ շատ մարդիկ, այդ թւում՝ Նիկոլ Փաշինեանը, չհասկացան, որ այս տարածաշրջանում հարց լուծողը Ռուսաստանն է մինչեւ հիմա. «Այդ հարց լուծելու Ռուսաստանի կարողութիւնը եւ իրաւունքը ճանաչում են նաեւ այլ երկրներ, որովհետեւ մենք տեսանք, որ 2020թ. նոյեմբերին Ռուսաստանն իր խաղաղապահներին մտցրեց Արցախ՝ ուղղակի տեղեակ պահելով Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին, վերջիններս էլ համաձայնեցին:
«alikonline.ir» - ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը վստահութիւն էր յայտնել, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կայանալու է, սակայն դրա համար անհրաժեշտ է կողմերի համաձայնութիւնը: Դրան յաջորդեց ԵՄ յայտարարութիւնը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրիւսէլում՝ ԵՄ Արեւելեան գործընկերութեան գագաթաժողովի շրջանակներում։
Յայտարարութեան տեքստում նշւած է, որ Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլը նոյեմբերի 19-ին հեռախօսազրոյցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ՝ այս շաբաթ տարածաշրջանում տիրող իրավիճակի եւ Արեւելեան գործընկերութեան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Գագաթաժողովը կայանալու է դեկտեմբերի 15-ին՝ Բրիւսէլում։
Այս թեմայի վերաբերեալ 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում մեդիափորձագէտ Տիգրան Քոչարեանն ասաց. «Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինեանը բռնել է ե՛ւ իր, ե՛ւ երկրի համար կործանարար հակառուսական ճանապարհը: Սա նաեւ նշանակում է, որ, փաստօրէն, Նիկոլ Փաշինեանը սպառւել է, որովհետեւ եթէ մարդ այսպիսի կամիկաձէ ճանապարհ է բռնում, նշանակում է, որ ինքն այլեւս մանեւրելու տեղ չունի, եւ արդէն բացէիբաց անցնում է այն խաղին, ինչի համար ինքը ներդրւել էր եւ երկար տարիներ մեծացւել էր եւ, ի վերջոյ, բերւել էր իշխանութեան, որովհետեւ այսպիսի վերաբերմունքը դաշնակցի հանդէպ ուղղակի դեմարշի նման մի բան է: Վատն այն է, որ այսպիսի բաներից տուժում է Հայաստանը, ՀՀ քաղաքացիները, որովհետեւ այսպիսի անվստահելի գործընկեր, որն իր հայեացքները օրւայ մէջ մի քանի անգամ կարող է փոխել, որեւէ երկրի, նոյնիսկ իրար հետ թշնամի հանդիսացող երկրներին, ձեռք չի տալիս»:
Նրա խօսքով՝ շատ մարդիկ, այդ թւում՝ Նիկոլ Փաշինեանը, չհասկացան, որ այս տարածաշրջանում հարց լուծողը Ռուսաստանն է մինչեւ հիմա. «Այդ հարց լուծելու Ռուսաստանի կարողութիւնը եւ իրաւունքը ճանաչում են նաեւ այլ երկրներ, որովհետեւ մենք տեսանք, որ 2020թ. նոյեմբերին Ռուսաստանն իր խաղաղապահներին մտցրեց Արցախ՝ ուղղակի տեղեակ պահելով Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին, վերջիններս էլ համաձայնեցին: Նոյնիսկ այս վերջին սրացման ժամանակ Սիսիանում մայիսի 16-ին կրկին ՌԴ միջնորդութեամբ կանգնեց պատերազմը, իսկ այն կողմերը, որոնց դիմել էր Հայաստանը, առանձնապէս նախաձեռնութիւն չցուցաբերեցին՝ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ՄԱԿ-ը:
Այսինքն՝ իրենք ասացին՝ ընկեր, գնայ՝ Ռուսաստանի հետ լեզու գտիր: Իրենք այդպէս են ասում, որովհետեւ գլոբալ առումով աշխարհը բաժանւած է գերտէրութիւնների ազդեցութեան գօտիներին, եւ տարին մէկ, երկու տարին մէկ հաւաքւում եւ պայմանաւորւում են: Եթէ Արեւմուտքը սկսի բացայայտ խառնւել այս տարածաշրջանում, դա կը նշանակի, որ իրենք իրաւունք են տալիս Ռուսաստանին՝ աշխարհի այլ կէտում խառնւել եւ իր շահերը փորձել տանել: Դրա համար, բալանսը պահելու համար, այդպիսի ֆորմալ պայմանաւորւածութիւններ կան, որ Անդրկովկասում հարցերը Ռուսաստանն է լուծում: Ուղղակի ամէն երկիր փորձում է իր շահերն առաջ տանել, եւ փորձում են Թուրքիայի միջոցով ստեղծել նոր խաղացող այս տարածաշրջանում, որը նոր իրավիճակներ կը ստեղծի եւ ռուսներին մի քանի վատութիւն կանի: Նիկոլ Փաշինեանը բռնել է այդ գիծը, որը հիմնականում դրսեւորւում է հակառուսականութեամբ եւ հակաիրանականութեամբ»:
Ռազմիկ Մարտիրոսեան