Հա

Քաղաքական

21/11/2021 - 13:00

«Երեւան-Կապան թռիչքներ իրականացնելը քարոզչական հնարք էր Կապանի ընտրութիւններին ընդառաջ». պատգամաւոր

Սիւնիքում անվտանգային խնդիրներն անզէն աչքով էլ նկատելի են։ Կապանի օդանաւակայանի անմիջապէս հարեւանութեամբ կանգնած են ադրբեջանցիներ։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանը։

«alikonline.ir» - Սիւնիքում անվտանգային խնդիրներն անզէն աչքով էլ նկատելի են։ Կապանի օդանաւակայանի անմիջապէս հարեւանութեամբ կանգնած են ադրբեջանցիներ։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանը։

Նրա կարծիքով՝ Երեւան-Կապան-Երեւան թռիչքների չեղարկման հիմնական պատճառն անվտանգային կարող է լինել։

Յիշեցնենք՝ Կապանի ուղղութեամբ կանոնաւոր չւերթներ իրականացնելու մասին կառավարութեան որոշումն ընդունւել է նոյեմբերի 11-ին։ Քաղաքացիական աւիացիայի կոմիտէն «Նովէյր» աւիաընկերութիւնից ստացել էր համապատասխան յայտ Երեւան-Կապան-Երեւան կանոնաւոր չւերթեր իրականացնելու նպատակով։

Չւերթերի մեկնարկը նախատեսւում էր 2022 թւականի յունւարի 20-ից՝ շաբաթական երկու չւերթ յաճախականութեամբ: Սակայն նոյեմբերի 19-ին արդէն յայտնի դարձաւ, որ չւերթները տեղի չեն ունենայ. Աւիափոխադրողը յետ է վերցրել յայտը։

ԱԺ սիւնեցի պատգամաւորի դիտարկմամբ՝ ադրբեջանցիները շատ մօտ են կանգնած ե՛ւ օդանաւակայանին, ե՛ւ մեր գիւղերին, անվտանգային երաշխիքների մասին խօսք չի կարող լինել, հետեւաբար այդ թռիչքներն ապահովելը դժւար կը լինէր։

«Ինքնաթիռի օդ բարձրանալուց յետոյ էլ ամենայն հաւանականութեամբ յայտնւում ես Ադրբեջանի օդային տարածքում, ինչը նշանակում է ցանկացած հնարաւորութեան դէպքում ադրբեջանցիները կարող են խոցել ինքնաթիռը, եւ որեւէ մէկն անվտանգային երաշխիքներ չի կարող տրամադրել»,- նշեց Աննա Գրիգորեանը։

Հաշւի առնելով յատկապէս վերջին օրերի ադրբեջանական ագրեսիան պատգամաւորը պնդում է, որ անվտանգային երաշխիքներ ապահովելը դժւար կը լինէր։

Ըստ նրա՝ Կապան-Երեւան-Կապան թռիչքների իրականացման մասին Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը Կապանում ՏԻՄ ընտրութիւններից առաջ քարոզչական քայլ էր։

«Քանի որ այդ ժամանակ Գորիս-Կապան ճանապարհը փակ էր եւ, ըստ էութեան, արդէն հասկանալի էր, որ նաեւ Կապան-Ճակատէն ճանապարհը պէտք է փակւի ապագայում, կարծում եմ, իշխող ուժն ուղղակի գնացել է քարոզչական նման հնարքի։ Փորձել է մանիպուլացնել ու լրացուցիչ քւէ ստանալ հէնց այդ յայտարարութեան միջոցով, որը չի աշխատել»,- նշեց Աննա Գրիգորեանը։

Վերջինս ընդգծեց` քանի որ ադրբեջանցիներն ամէն վայրկեան ՀՀ սուվերեն տարածք են ներխուժում, պարզապէս հնարաւոր չէ ապահովել անվտանգութիւնն այդ հատւածում։ Պատգամաւորի խօսքով ցանկացած մարդ, որը կը կանգնի Մ2 ճանապարհի վրայ, կարող է առանց հեռադիտակի տեսնել թշնամուն։

«Նախ պէտք է ապահովել անվտանգութիւնը եւ նոր մտածել թռիչքուղու մասին»,-ամփոփեց պատգամաւորը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։