ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեանը, թէ սահմանազատման վերաբերեալ ՌԴ ՊՆ առաջարկութիւններն ընդունելի են Հայաստանի համար։
«alikonline.ir» - ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեանը, թէ սահմանազատման վերաբերեալ ՌԴ ՊՆ առաջարկութիւններն ընդունելի են Հայաստանի համար։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների մեկնարկի մասին վաղ է խօսել, քանի դեռ միջազգայնօրէն չի ամրագրւել, թէ ինչպէս է կազմակերպւելու Արցախի կարգավիճակի հետագայ քննարկումների գործընթացը, որոնք են լինելու այդ քննարկումների սկզբունքները եւ նպատակները։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարեանը։
«Մենք Արցախի խնդիրը պէտք է ամբողջութեամբ հասկանանք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի լիարժէք վերականգմամբ, այս ուղղութեամբ պէտք է արւեն համապատասխան ճշտումները, յայտարարութիւնները, յետոյ նոր անցնեն սահմանազատման, սահմանագծման աշխատանքներին»,- ասաց նա։
Իսկ առանց այդ ճշտումների սահմանագծման անցնել նշանակում է Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել։ Զաքարեանի խօսքով` առանց այն էլ իշխանութիւնների վարած քաղաքականութեան հետեւանքով Հայաստանն այսօր յայտնւել է խոցելի իրավիճակում։ Այսպէս շարունակելու դէպքում ՀՀ-ն ի վիճակի չի լինի պաշտպանել իր շահերը, ապահովել իր քաղաքացիների անվտանգութիւնն ու տարածքների անձեռնմխելիութիւնը։
Նախկին փոխնախարարի կարծիքով` Փաշինեանի կաբինետն արդէն ձեռքերը լւացել է Արցախից, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ վաղն էլ Հայաստանն է յանձնւելու Թուրքիային եւ Ադրբեջանին։
Նշենք, որ նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ ՌԴ ՊՆ-ն դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերեալ հանդէս է եկել առաջարկութիւններով։ Փաշինեանը նշել էր` այդ առաջարկութիւնները մեզ համար ընդունելի են։