Հա

Քաղաքական

23/11/2021 - 12:25

«Խաղաղութեան դարաշրջանը» Թուրքիայի աճող նախապայմանների համատեքստում

«Փաստ»-ը գրում է. «Արցախում տեղի ունեցած պատերազմի արդիւնքներով տարածաշրջանում բոլորովին նոր իրականութիւն է հաստատւել։ Թուրքական ազդեցութիւնը Հարաւային Կովկասում ընդլայնւել է աւելին, քան կարելի էր մի քանի տարի առաջ պատկերացնել։ Եթէ Ադրբեջանն Արցախից բռնազաւթած տարածքներում որեւէ խոշոր նախագիծ է իրականացնում, ապա դրա բացմանը, որպէս կանոն, թուրքական կողմը անպայման ներկայ է լինում ամենաբարձր մակարդակով։

«alikonline.ir» - «Փաստ»-ը գրում է. «Արցախում տեղի ունեցած պատերազմի արդիւնքներով տարածաշրջանում բոլորովին նոր իրականութիւն է հաստատւել։ Թուրքական ազդեցութիւնը Հարաւային Կովկասում ընդլայնւել է աւելին, քան կարելի էր մի քանի տարի առաջ պատկերացնել։ Եթէ Ադրբեջանն Արցախից բռնազաւթած տարածքներում որեւէ խոշոր նախագիծ է իրականացնում, ապա դրա բացմանը, որպէս կանոն, թուրքական կողմը անպայման ներկայ է լինում ամենաբարձր մակարդակով։

Պատահական չէ, որ Էրդողանը վերջերս մասնակցեց Վարանդայում օդանաւակայանի բացմանը։ Մեծ հաշւով, պատերազմում Ադրբեջանի յաղթանակի գինն այն եղաւ, որ այդ երկիրը Թուրքիայից ուղիղ կախւածութեան մէջ յայտնւեց։ Եւ եթէ Բաքուն որեւէ կարեւոր քայլ է ձեռնարկում, ապա անպայման խորհրդակցում է Անկարայի հետ, փորձում ստանալ վերջինիս համաձայնութիւնը։ Փաստացի Թուրքիան փոխհատուցում է պահանջում Ադրբեջանից պատերազմի ժամանակ իր օգնութեան, ինչպէս նաեւ հետագայ աջակցութեան դիմաց։ Եւ իրավիճակն արդէն այնպիսի մի կէտի է հասել, որ «երկու պետութիւն, մէկ ժողովուրդ» կարգախօսի ներքոյ քննարկւում են Թուրքիայի ու Ադրբեջանի ինտեգրման նոր տարբերակներ։

Թուրքական իշխանութիւններն Ադրբեջանին հրահրում են Հայաստանի դէմ, ապա յայտարարում, թէ Ադրբեջանին միայնակ չեն թողնի Հայաստանի դէմ պայքարում՝ վկայակոչելով Շուշիում երկու երկրների միջեւ կնքւած հռչակագիրը։ Իսկ Թուրքիայի մեջլիսի խօսնակ Մուստաֆա Շենթոպը ակնարկում է թուրքական միացեալ բանակ ստեղծելու մասին։ Թուրքիայի հաւակնութիւնները հիմնականում տեղաւորւում են պանթուրքական ծրագրերի շրջանակներում։ Միւս կողմից էլ՝ թուրքական իշխանութիւնները, գրգռելով երկրի ներսում ազգայնական տրամադրութիւնները, արտաքին յաղթանակների շղարշի ներքոյ փորձում են երկրի բնակչութեան ուշադրութիւնը շեղել ընթացիկ տնտեսական խնդիրներից ու ազգային արժոյթի՝ լիրայի կտրուկ արժեզրկումից։ Ուստի պատահական չէ, որ այս ֆոնին թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցութեան առաջնորդ Դեւլեթ Բահչելին Էրդողանին է նւիրում «թիւրքական աշխարհի» քարտէզը, որի վրայ նշւած են ոչ միայն Միջին Ասիայի երկրները, այլևւ Իրանի ու Ռուսաստանի որոշ շրջաններ:

Բնականաբար, այդ քարտէզը նախանշում է Թուրքիայի ձգտումների իրական պատկերը։ Սակայն Ադրբեջանում իր ոտքն ամրացնելու համար Անկարային պէտք է թուրքական վերահսկողութեան տակ գտնւող միջանցք ունենալ Նախիջեւանով դէպի Ադրբեջան, ինչը թոյլ կը տայ Թուրքիային Հարաւային Կովկասը գցել իրենից կախւածութեան մէջ, ապա ներթափանցել դէպի Միջին Ասիա։ Իսկ իր հիմնական նպատակներին հասնելու ճանապարհին Թուրքիային նախ եւ առաջ խանգարում է Հայաստանը։ Եւ պատահական չէ, որ տարիներ շարունակ Ալիեւը գեներացնում է այն թեզը, թէ իբր «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին յանգեցրել է թիւրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»։

Դրա համար էլ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ձեւաւորւել է «Զանգեզուրի միջանցք» հասկացութիւնը, որը իրենք պատկերացնում են ոչ թէ տարածաշրջանային հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակման կոնտեքստում, այլ բացառապէս որպէս թուրքական վերահսկողութեան տակ գտնւող հաղորդակցութեան ուղի։ Մի խօսքով, մինչ ՀՀ իշխանութիւնները ընտրութիւններից յետոյ անընդհատ խօսում են առանց նախապայմանների Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման մասին, Անկարան շարունակ խօսում է նախապայմանների լեզւով։ Փաշինեանը շարունակ յայտարարում էր Թուրքիայից եկող դրական ազդակների ու խաղաղութեան դարաշրջան բացելու մասին, իսկ Անկարայից պատասխանում էին, որ դրա համար Հայաստանը պէտք է կատարի իրենց պահանջները։

Եւ խնդիրն այն է, որ ինչքան շատ են Հայաստանի իշխանութիւնները խօսում «խաղաղութեան դարաշրջան» բացելու ու Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարգաւորելու կենսական անհրաժեշտութիւնից, այնքան թուրք-ադրբեջանական պահանջները սանձարձակ բնոյթ են ստանում։ Եթէ սկզբից թուրքական նախապայմանները կապւած էին հիմնականում Արցախի խնդրի հետ, ապա հիմա, տեսնելով, որ ՀՀ իշխանութիւններն ամէն կերպ իրենցից խաղաղութիւն են մուրում, նրանք խօսում են նոր պահանջների մասին։ Անգամ արտգործնախարար Արարատ Միրզոյեանն է իր վերջին հարցազրոյցում խոստովանել, որ Անկարան նոր պայմաններ է առաջադրում, որոնց թւում՝ Ադրբեջանը եւ Նախիջեւանը կապող «միջանցքն» է։

Իսկ Անկարայի նախապայմաններն աճելու միտում ունեն, վաղն էլ խօսելու են երկրորդ միջանցքի մասին, Հայոց ցեղասպանութեան ճանաչմանն ու դատապարտմանն ուղղւած գործունէութիւնից հրաժարւելու մասին եւ այդպէս շարունակ։ Թերեւս այս պայմաններում մեր երկրի շահերից է բխում, որ Հայաստանի իշխանութիւնները հրաժարւեն Թուրքիայի ողորմածութեանն արժանանալու իրենց ձգտումներից, ու հայկական կողմը փորձի եւս նախապայմանների լեզւով խօսել Թուրքիայի հետ։

Եւ այս հարցում Հայաստանը կարող է օգտւել Ռուսաստանի ու Իրանի աջակցութիւնից, քանի որ միջանցք ստանալու թուրքական ծրագրերի շրջանակներում է տեղաւորւում դրա միջոցով մեծ քանակութեամբ սպառազինութիւնների, զինւորականների ու գրոհայինների՝ Ադրբեջան արագ տեղափոխման հարցը, ինչի միջոցով Անկարան հնարաւորութիւն կը ստանայ արդէն ապակայունութեան օջախներ ստեղծել Ռուսաստանին պատկանող Հիւսիսային Կովկասում եւ իրանական Ատրպատականի տարածքում»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։