Հա

Քաղաքական

23/11/2021 - 13:10

«Չկրակելու մասին հրաման' չգիտեմ, Սիւնիքում կարող էր լինել իրավիճակը չսրելու հրաման». Տիրան Խաչատրեան

Սահմանային դիրքերը կորցնելու խորքային պատճառներն այն են, որ ստորաբաժանումներն իրենց վրայ դրւած խնդիրները չեն կարողանում ինչպէս պէտք է կատարել՝ կապւած պատրաստութեան հետ, ապահովման հետ, ղեկավարման հարցերի հետ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՀ ազգային հերոս, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրեանը՝ խօսելով Սիւնիքում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով կորցրած հայկական դիրքերի, գերիների եւ զոհերի մասին։

«alikonline.ir» - Սահմանային դիրքերը կորցնելու խորքային պատճառներն այն են, որ ստորաբաժանումներն իրենց վրայ դրւած խնդիրները չեն կարողանում ինչպէս պէտք է կատարել՝ կապւած պատրաստութեան հետ, ապահովման հետ, ղեկավարման հարցերի հետ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՀ ազգային հերոս, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրեանը՝ խօսելով Սիւնիքում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով կորցրած հայկական դիրքերի, գերիների եւ զոհերի մասին։

«Այստեղ պէտք է հարցը դիտարկւի՝ սկսած ստորաբաժանման հրամանատարից վերջացրած վերջին զինւորը, ինչ չափով է իր վրայ դրւած խնդիրը կատարում։ Ապահովման հարցերը չեմ մանրամասնի, որովհետեւ այստեղ կան հարցեր, որոնք ոչ միայն իմ ու ձեր կողմից քննարկել, այլեւ ընդհանրապէս բարձրաձայնել չի կարելի»,-ասաց նա։

Դիրքապահներին վերադասների կողմից չկրակելու հրաման տալու հարցում Տիրան Խաչատրեանը թերահաւատ է։

«Երբ մարդը, անկախ նրանից՝ զինւորական է, թէ ոչ, ունի զէնք եւ ունի դրա կիրառելու իրաւունքը, եթէ նրան ասում ես՝ այդ զէնքը համապատասխան վայրում չօգտագործես, դա ենթադրում է, որ կա՛մ պէտք է այդ վայրից թողնի, դուրս գայ, կա՛մ եթէ այդ տարածքի հետ կապւած կայ ագրեսիայի, յարձակման կամ հակառակորդի կողմից այլ նպատակներ, դու ուղղակի պէտք է գերի յանձնւես։ Կամայական զինւորական կը հասկանայ, որ չի կարող լինել այդպիսի հրաման»,- ասաց նա։

Կարող է լինել հրաման կամ ցուցում ուղղակի իրավիճակը չլարել, չբարդացնել, ասաց Տիրան Խաչատրեանը, ասենք՝ բացի համարժէք պատասխան տալուց՝ լրացուցիչ քայլեր, հակառակորդի համար ծանր հետեւանքներով քայլեր չձեռնարկել, բայց ասել՝ չկրակէք կամ մարտի չբռնւէք կամ դիրքերը առանց մարտի յանձնէք՝ այդպիսի բան կոնկրետ Սիւնիքի դէպքում չի կարող լինել՝ վստահ է նա։

«Կարող է լինել եւ նաեւ նախկիններում է եղել, որ իրավիճակը չլարելու, չսրելու, աւելորդ բարդացումներ չառաջացնեու պատճառով ասւել է հնարաւորինս մեղմ՝ համարժէք իհարկէ, հակառակորդի կողմից իրականացւածի պատասխան տւէք, աւելի մի սրէք, մի լարէք կամ նախայարձակ լինելու գործողութիւններ մի ձեռնարկէք։ Իսկ չկրակելը, ամէն դէպքում, ես այդպիսի բան չգիտեմ»,- ասաց Տիրան Խաչատրեանը։

Նա վստահեցրեց, որ ուղղակի իր գլխում չի կարող տեղաւորւել նաեւ, որ կարող են իրական լինել այն տեղեկութիւնները, որ Սիւնիքում հրամանատարութիւնը առանց համապատասխան սպառազինութեան, հանդերձանքի անձնակազմին խնդիր է առաջադրել՝ տալով ընդամէնը մէկ ինքնաձիգ եւ մէկ պահեստատուփ փամփուշտ։

«Ես այդպիսի բան, որ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում զինւորն առանց զինամթերքի կամ համապատասխան սպառազինութեան իրականացնի մարտական ծառայութիւն, չեմ պատկերացնում»,- ասաց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալը։

Եթէ գերագոյն գլխաւոր հրամանատարի կողմից լինէր այդպիսի ցուցում՝ հրամանատարները կարող էին համապատասխան հիմնաւորումներ ներկայացնել, որ կոնկրետ առաջադրանքի կատարումը անպատրաստ ստորաբաժանմամբ կամ համապատասխան տեխնիկայով կարող է աւելի վատ հետեւանքներ ունենալ՝ ասաց նա։

«Իմ պրակտիկայում նոյնպէս այդպիսի դէպքեր եղել են, երբ խնդիր է առաջադրւել՝ ես ներկայացրել եմ իրականութիւնը եւ հնարաւորութիւնները, թէ դրանով ինչ կարող է լինել. գնահատելով այդ ամէնը փոխել են կա՛մ խնդրի ձեւը, կա՛մ կատարման մեթոդը կամ այլ հարցեր։ Իհարկէ, ոչ մի զինւորական, եթէ խնդիրն առաջադրւած է, իրաւունք չունի եւ չի հրաժարւի խնդրի կատարումից, կանոնադրութեամբ էլ է սահմանւած՝ հրամանը պարտադիր ենթակայ է կատարման, եթէ նոյնիսկ ենթական հասանում է, որ իր նկատմամբ անարդար են վարւել կամ իրեն սխալ խնդիր են առաջադրել, միայն կատարելուց յետոյ կարող է այն բողոքարկել»,- ասաց Տիրան Խաչատրեանը։

44-օրեայ պատերազմում ձախողման պատասխանատւութիւնը գերագոյն հրամանատարի կողմից բանակի հրամկազմի վրայ գցելու միտմանը ԳՇ պետի նախկին տեղակալը հակադարձում է՝ թող լինի այդ ամբողջ գործընթացների՝ ե՛ւ մինչեւ պատերազմը, ե՛ւ պատերազմի շեմին եւ մարտական գործողութիւնների ընթացքում հետաքննող յանձնաժողով, որը պէտք է լինի արդար, անկողմնակալ եւ թող հետաքննեն։ Բայց այդ յանձնաժողովն, ըստ նրա, պէտք է լինի ոչ թէ իշխող քաղաքական թիմի անդամներից կազմւած, այլ իսկապէս լինի անկողմնակալ, արդար յանձնաժողով, եթէ յանձնաժողովը պէտք է ստեղծւի ինչ-որ մէկի շահերը պահելու համար՝ անիմաստ է։

Նա չցանկացաւ մանրամասնել իր նկատած խնդիրները, միայն հերքեց Մովսէս Յակոբեանի յայտարարութիւնը, որ պատերազմի 3-րդ օրը դադարեցւել է զօրահաւաքը։ Նաեւ բնականոն համարեց, որ սպառազինութեան համալրման պլանը փոխւել է իշխանափոխութիւնից յետոյ, քանի որ, ըստ նրա, դա պարբերաբար ճշտւում է։ Տիրան Խաչատրեանը համարում է, որ շատ լաւ էր, որ գնեցին Su-30 ինքնաթիռները, հրաշալի էր, բայց եթէ ինքնաթիռը հրթիռ չունի՝ դա արդէն ուրիշ հարց է։ Հարցադրմանը՝ «նախ չպիտի՞ այդ հարցը լուծւէր, նոր գնւէին ինքնաթիռները», նա պատասխանեց՝ «պիտի, բայց դա ընդհանուր համատեքստից դուրս հանէք, դա գնում ենք ուրիշ ուղղութեամբ արդէն»։

90-ականներին նաեւ իր մասնակցութեամբ ազատագրւած Արցախի տարածքները քաղաքական նպատակայարմարութեամբ թշնամուն յանձնելը Տիրան Խաչատրեանը մեկնաբանում է՝ շեշտադրելով «քաղաքական նպատակներ» արտայայտութիւնը. ո՞վ է քաղաքական նպատակները պետութեան մէջ առաջ տանում՝ պետութեան ղեկավարը, այս պատճառով էլ նա համոզւած է, որ ինչքան էլ հաւաքւենք, ամրանանք, մեզանից լուրջ բան ներկայացնենք, եթէ քաղաքական ղեկավարութիւնը չի ուզում, որ Արցախը վերադարձւի՝ դա հնարաւոր չէ։

«Դա պետական քաղաքականութիւն է։ Պատերազմն ընդհանրապէս մեկնաբանւում է որպէս քաղաքականութեան շարունակութիւն զինւած ճանապարհով»,- արձանագրեց նա։

Տիրան Խաչատրեանը համոզւած է՝ պէտք է փոխւի պետական քաղաքականութիւնը։

Տիրան Խաչատրեանի անւան հետ մի պատմութիւն են կապում. 44-օրեայ պատերազմի ժամանակ երբ տեսել է, որ Կովսականի (Զանգելան) պաշտպանութիւնը արդիւնաւէտ չի կազմակերպւում, ինքն անձամբ է վերցրել մի զօրամիաւորում, եւ անձամբ գնացել կռւելու այն դէպքում, որ ԳՇ պետի տեղակալ էր, եւ նաեւ վիրաւորւել է Զանգելանում։

Տիրան Խաչատրեանը չհերքեց այս պատմութիւնը, միայն պատասխանեց, որ ինքը մինչեւ այդ էլ է կռիւներում եղել, եւ այս պատմութիւնը ճի՞շտ է, թէ՞ ոչ՝ էական չէ։

Հնարաւոր չէ՞ր հասնել նրան, որ հրամանը լինէր արդիւնաւէտ եւ ինքը ստիպւած չլինէր անձամբ այդ գործողութիւնն անել՝ հարցրինք ԳՇ պետի նախկին առաջին տեղակալին։

«Շատ բան էր հնարաւոր, բայց երբ իրավիճակն այնպիսին է ստեղծւում, երբ պէտք է քո օրինակով՝ քո անմիջական մասնակցութեամբ եւ քո տեղում գնւելով ամէն ինչ կազմակերպէս, կամայական զինւորական դա գիտի, որ հրամանատարը մարտի վճռորոշ պահերին պէտք է գտնւի այն տեղում, որտեղ որոշւում է մարտի ելքը»,-պատասխանեց Տիրան Խաչատրեանը։

Դուք գնահատեցիք, որ արդիւնաւէտ չէ՞ր պաշտպանութիւնը՝ դրա համար արիք՝ հարցրինք նրան։

«Ով պէտք է անէր՝ նա չէր արել»,- պատասխանեց Տիրան Խաչատրեանը։

Հէնց այս մարտին մասնակցելուց ու վիրաւորւելուց յետոյ էլ Տիրան Խաչատրեանին «Հայաստանի ազգային հերոս» կոչումը տւեցին։

Այդ նոյն իշխանութիւնները, որ նրան «Հայաստանի ազգային հերոս» կոչումը տւեցին, նաեւ ազատեցին նրան պաշտօնից ընդամէնը մէկ հրապարակման պատճառով՝ իրավիճակային որոշմամբ, առանց խորանալու փաստերի մէջ, արդեօ՞ք սա չի արժեզրկում նաեւ նրանց տւած պարգեւը. Տիրան Խաչատրեանը համարում է, որ «Ազգաին հերոսը» պաշտօնից ազատելու հետ ընդհանրապէս ընդհանուր եզր չունի, պարգեւը տրւում է արարքի համար, պաշտօնից ազատելու կարգն ուրիշ է։

Պարզւում է՝ «Հայաստանի ազգային հերոս» կոչումը Տիրան Խաչատրեանին դեռ այդպէս էլ պաշտօնապէս չեն յանձնել։ Ինչո՞ւ՝ պատասխանը չունի, բայց գիտի, որ միայն իրենը չեն յանձնել, միւսներինը յանձնել են։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։