Հա

Քաղաքական

23/11/2021 - 13:15

Մարդու խնդիր

Հանրային-քաղաքական մակարդակում ամենայաճախ հնչող հարցն այն է, թէ ինչպէ՞ս է երկրին այսքան արհաւիրք բերելուց յետոյ Նիկոլ Փաշինեանը դեռեւս պահպանում իշխանութիւնը։ Այդ հարցը հնչեցնում են գրեթէ բոլորը ու պատասխան չգտնելով՝ նզովում են բոլորին՝ Նիկոլ Փաշինեանին, ընդդիմութեանը, հասարակութեանը։ Նզովքի այդ ծեսը, սակայն, իրականում անհասցէ է եւ չունի որեւէ ֆունկցիա։ 

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Հանրային-քաղաքական մակարդակում ամենայաճախ հնչող հարցն այն է, թէ ինչպէ՞ս է երկրին այսքան արհաւիրք բերելուց յետոյ Նիկոլ Փաշինեանը դեռեւս պահպանում իշխանութիւնը։ Այդ հարցը հնչեցնում են գրեթէ բոլորը ու պատասխան չգտնելով՝ նզովում են բոլորին՝ Նիկոլ Փաշինեանին, ընդդիմութեանը, հասարակութեանը։ Նզովքի այդ ծեսը, սակայն, իրականում անհասցէ է եւ չունի որեւէ ֆունկցիա։ Այն դէպքում, երբ Հայաստանի հետ կատարւածի համար պատասխանատւութիւնը խիստ հասցէական է, դրա հեղինակներն ունեն անուն-ազգանուններ, հասցէներ, հեռախօսահամարներ ու էլեկտրոնային փոստ։ Ընդ որում, հեղինակներն ու կատարողները՝ միասին վերցրած՝ հաշււում են հազարներով կամ տասնեակ-հազարներով։

Նիկոլ Փաշինեանն իր դաւաճանական քաղաքականութիւնը կամ ապիկար անկարողութիւնը միայնակ չի իրականացնում, դա բազմաթիւ որոշումների հետեւանք է, որոնք կայացւում են իշխանութեան ամենավերեւում եւ իջնում են մինչեւ ամենաստորին մակարդակ՝ իրենց կատարողներով ու հաշւետւութիւն ներկայացնողներով։ Հասկանալի է, որ կախւած զբաղեցրած պաշտօնից՝ տարբեր է նաեւ պատասխանատւութեան մակարդակը, եւ տեղի ունեցողի գլխաւոր պատասխանատուն Նիկոլ Փաշինեանն է։

Բայց տարբեր աստիճաններով հանդերձ, դրանցում իրենց մեղքի ու պատասխանատւութեան բաժինն ունեն նաեւ նրա քաղաքական թիմի անդամները, նրան ծառայող իրաւապահ մարմինների ներկայացուցիչները, դիւանագէտները, դատաւորներն ու դատախազները, պետական ողջ համակարգը՝ հազարաւոր մարդիկ։ Իսկ հանրային հոգեբանութեան մեխանիզմն այնպիսին է, որ քաղաքացին բակային զրոյցում նզովում է Նիկոլ Փաշինեանին եւ շտապում է տուն՝ մասնակցելու ծննդեան արարողութեանը, որի պատւաւոր հիւրը փաշինեանական իշխանութեան որոշումները դակող պատգամաւորը կամ դատաւորն է։

Մէկ այլ քաղաքացի հայհոյում է հողը թուրքին յանձնողին, բայց շքամուտքում յարգալից բարեւում է թուրքի դէմ բողոքի ակցիա անողին դաժանաբար բերման ենթարկող իր հարեւան ոստիկանին։

Մէկ ուրիշը սոցցանցում անհասցէ գրառմամբ քննադատում է իշխանութեանը, բայց յարմար առիթ է փնտրում որեւէ ուսապարկի գլխահակ բարեւելու ու պետական որեւէ տենդերից իր փայը ստանալու համար։

Այս եւ բազմաթիւ այլ օրինակներ վկայում են այն մասին, որ մենք՝ որպէս հասարակութիւն, չունենք արատաւոր երեւոյթներն ու դրանցում այս կամ այն չափով ներգրաււածներին մերժելու, պարսաւնքի ենթարկելու հանրային մեխանիզմներ։ Մենք ստեղծում ենք կատարւողի հետ չհամակերպւելու հանրային իմիտացիա, բայց հանդուրժում ենք կատարւողի մէջ իրենց պատասխանատւութիւնն ունեցող մեր ազգականին, բարեկամին, հարեւանին։

Այսինքն՝ գլոբալ առումով Հայաստանում կատարւողը մարդու խնդիր է, որովհետեւ Հայաստանն այս իրավիճակին հասցրած քայլերը կատարւել ու կատարւում են մարդկանց կողմից, մարդկանց միջոցով, բայց այդ մարդիկ չեն արժանանում այն վերաբերմունքին, որպիսին կը լինէր ցանկացած նորմալ, բարոյական իմպերատիւներ ունեցող հանրութեան արձագանգը։ Իսկ դա նշանակում է, որ քանի դեռ հասարակութիւնն իր կողքին հանդուրժում է հազարաւոր այդ մարդկանց, նրանք շարունակելու են կատարել հող յանձնելու, դրա դէմ պայքարողին ասֆալտին յանձնելու, դիւանագիտօրէն հողի յանձնումը ձեւակերպելու, դրանք Ազգային ժողովում դակելու եւ բազմաթիւ նման այլ հրահանգներ՝ աշխատանքից յետոյ պատւաւոր տեղ զբաղեցնելով իրենց ազգականի կամ հարեւանի խնջոյքի սեղանին ու յոտնկայս խմելով հայրենիքի կենացը։

 

168.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։