Հա

Քաղաքական

24/11/2021 - 09:50

«Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռանկիւնում ճաքեր են ի յայտ եկել. դիւանագիտական «հալոցք» եւ ռազմավարական դադար Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւններում». Տարասով  

Իրանի ԱԳՆ խօսնակ Սայիդ Խաթիբզադէն յայտնել է, որ երկրի նախագահ Իբրահիմ Ռէյիսին Դուշանբէում նոյեմբերի 28-ին կայանալիք Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովի շրջանակում կարող է առաջին հանդիպումն անցկացնել ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ: Խաթիբզադէն այս մասին յայտնել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի՝ նախօրէին Թեհրան կատարած այցի ֆոնին: 

«alikonline.ir» - Իրանի ԱԳՆ խօսնակ Սայիդ Խաթիբզադէն յայտնել է, որ երկրի նախագահ Իբրահիմ Ռէյիսին Դուշանբէում նոյեմբերի 28-ին կայանալիք Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովի շրջանակում կարող է առաջին հանդիպումն անցկացնել ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ: Խաթիբզադէն այս մասին յայտնել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի՝ նախօրէին Թեհրան կատարած այցի ֆոնին: Այս մասին գրում է կովկասագէտ, «Ռեգնում» գործակալութեան խմբագիր Ստանիսլաւ Տարասովը՝ նկատելով, որ նախօրէին այցով Թեհրան ժամանած թուրք արտգործնախարար Մեւլիւթ Չաւուշօղլուն յայտնել էր Էրդողանի՝ դեկտեմբերին Իրան կատարելիք հնարաւոր այցի մասին: Գրում է Tert.am-ը:

Անդրադառնալով Ռէյիսի-Ալիեւ յարաբերութիւններին՝ Տարասովն ընդգծում է որոշ արձանագրային նրբութիւններ՝ կապւած քաղաքական ենթատեքստի հետ: Խաթիբզադէն նշել է, որ «երկու երկրի ղեկավարների համար բնական են երկկողմ հանդիպումները գագաթնաժողովների շրջանակներում»: Դա այդպէս է, նկատում է քաղաքագէտը, չէ որ գագաթնաժողովի մասնակիցները շփւելու են միմեանց հետ, եւ հնարաւոր է նաեւ ոչ պաշտօնական երկխօսութիւն: Սակայն «հանդիպում գագաթնաժողովի շրջանակում» եզրոյթը կարեւոր առանձնայատկութիւն ունի. դա գլխաւոր իրադարձութիւն չէ, որի համար հաւաքւել են գագաթնաժողովում, թէեւ չի կարելի բացառել որոշակի պայմանաւորւածութիւնների ձեռք բերումը:

Ըստ Տարասովի՝ խնդիրն այն է, որ Ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռանկիւնում ճաքեր են ի յայտ եկել, որոնք կողմերը տարբեր պատճառներով փորձում են փակել: «Թեհրանն այժմ ստիպւած է վերաիմաստաւորել իր քաղաքականութիւնը տարածաշրջանում: Նախկինում այնտեղ ռուսական հեգեմոնիա էր, այժմ իր աշխարհաքաղաքական յաւակնութիւններն սկսել է արտայայտել Անկարան, որը Բաքւի հետ դաշինքով գերուժի գործօն է ստեղծում իրանական հիւսիսում: Օբիեկտիւ իրականութիւնն այնպիսին է, որ այդ ուժը կարող է զգալի ազդեցութիւն ունենալ Իրանի ադրբեջանակաբնակ շրջաններում տեղի ունեցող իրադարձութիւններ վրայ»,- ընդգծում է մասնագէտը:

Աւելին, Թեհրանը հրապարակաւ յայտարարում է Ադրբեջանում Իսրայէլի աճող ազդեցութեան շուրջ իր մտահոգութեան մասին: Սակայն Անդրկովկասում ինքնուրոյն աշխարհաքաղաքական խաղ վարելու համար Իրանը ներկայ պահին անհրաժեշտ ռեսուրսներ չունի պատմական-խորհրդանշականից բացի: Այդ իսկ պատճառով՝ գործողութիւնների բոլոր ենթադրեալ տարբերակներից նախընտրելին Իրանի համար մէկն է՝ իւրատեսակ պաշտպանիչ գօտու կազմաւորումը Ռուսաստանի հետ դաշինքում: Առաւել եւս, որ Թեհրանը ներկայ պահին գտնւում է երկու գործօնի ՝ միջազգային ասպարէզում իր քաղաքական մեկուսացման եւ Անդրկովկասում զսպման լուրջ ազդեցութեան տակ, ինչպէս նաեւ առանձին էթնիկ խմբերի (ադրբեջանցիների եւ քրդերի)՝ իրենց անհատականութիւնը պահպանելու թափ հաւաքող փորձերի:

Ըստ Տարասովի՝ գտնւելով նման իրավիճակում՝ Իրանն այժմ փորձում է ժամանակ շահել՝ չվանելով իրենից հարեւան տարածաշրջանային խաղացողներին՝ Անկարայի եւ Բաքւի տեսքով, սակայն դեռեւս շատ չի մտերմանում նրանց հետ:

«Պատահական չէ, որ շատ փորձագէտներ ենթադրում են իրանական քաղաքականութեան ակտիւացում ռուսական ուղղութեամբ: Այստեղից էլ գալիս է Իրանի դադարը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ նոր յարաբերութիւններ կառուցելու հարցում: Ինչպէս գրում է «Al Bawaba» յորդանանեան պարբերականը, Իրանին այժմ «հեղինակային յաղթանակ է պէտք», որի նպատակը «ներքին լարւածութեան թուլացումն է այսպէս կոչւած՝ էթնոսների հետ յարաբերութիւններում, ինչպիսիք են արաբ-ահւազները՝ հարաւ-արեւելքում, քրդերը՝ հիւսիս-արեւմուտքում եւ արդէն իրանաբնակ ադրբեջանցիները՝ երկրի հիւսիսում»: Պատահական չէ, որ իրանական տեղեկատւական օրակարգում Ադրբեջանի հետ համակարտութիւնն ու Թուրքիայի հետ տարաձայնութիւնները երկրորդ պլան են մղւել, որպէսզի «դիւանագիտական հալոցքի հնարաւորութիւն ստեղծւի այդ երկրների հետ»: Թեհրանում «մարսում են» նոր աշխարհաքաղաքական իրողութիւնը, որը տարածաշրջանում ստեղծւել է Ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ»,- եզրափակում է կովկասագէտը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։