Հա

Քաղաքական

24/11/2021 - 11:00

«Մի քանի շատ վտանգաւոր ուղերձ՝ քողարկւած խառը բառակոյտով». Ա. Խաչատրեանի արձագանգը՝ Փաշինեանի ասուլիսին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանն արձագանգել է Նիկոլ Փաշինեանի երէկւայ ֆէյսբուքեան ասուլիսին՝ նշելով. 

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանն արձագանգել է Նիկոլ Փաշինեանի երէկւայ ֆէյսբուքեան ասուլիսին՝ նշելով. 

«Ալիեւի հետ հանդիպումների նախաշեմին այս «անկեղծ» զրոյցը պատահական չէր։ Խառը բառակոյտով քողարկւած մի քանի կարեւոր ու շատ վտանգաւոր ուղերձ տրւեց հայ հասարակութեանը։ Դրանց աւելի մանրամասն վաղը կանդրադառնամ, բայց մի քանիսի մասին հիմա կուզեմ խօսել։

- «Արցախի համար կռիւ արեցինք, բայց դէ դեռ 91 թւին էր այդ հարցը լուծւած»։ Երկար ու սրտաճմլիկ խոստովանութիւններ, թէ միգուցէ արժէր քաղաքական կամք դրսեւորել, ասել որ 30 տարւայ տառապանքը իզուր էր, եւ այլն։ Ինչո՞ւ այդ հարցին հիմա անդրադարձաւ։ Հասարակութեանը կանգնացրեց ընտրությեան առջեւ․ «կամ էլի մի կռիւ կը լինի կամ պէտք է հաշտւէք մի իրողութեան հետ, որը դեռ 30 տարի առաջ էր ձեւաւորւել»։ Այս կեղծ ու դեմագոգիկ պնդումն իրականութեան հետ որեւէ աղերս չունի։ Հայաստանն առանց Արցախի ապագայ չունի, Արցախի կորստի հետ երբեք Հայաստանը չէր համաձայնւել ու չի էլ կարող հրաժարւել։

- Հայաստանը գնում է սահմանորոշման Ադրբեջանի հետ։ Պատերզմում խոցոտւած, թուլացած, տնտեսական կոլապսի եզրին կանգնած ու որեւէ բանակցային ուժ չունեցող Հայաստանը պատրաստւում է բանակցել իր կենսական տարածքների շուրջ։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ սահմանազատումը դարձաւ առանձին օրակարգ։ Երկրները գծում են իրար միջեւ սահմանները, երբ նրանց միջեւ բոլոր հարցերը լուծւած են։ Փաշինեանը սայլը կապում է ձիու առջեւից։ Աւելին, նա սահմանազատումը զատում է Արցախի հարցից։ Դա կործանում է։ Եթէ Հայաստանը միլիմետրի ճշտութեամբ գիտի որն է իր տարածքը, իսկ այդ տարածքը Սովետական Հայաստանն է, ապա սահմանազատումն ու սահմանագծումը դառնում են տեխնիկական հարց։ Գլխաւորը, Արցախի հարցն էլ չի կարող խոչընդոտել Ադրբեջանի հետ յարաբերութիւնների բարելաւմանը։

- Ադրբեջանը միջանցք կը ստանայ։ Հայաստանը դա միջանցք չի կոչի, բայց Ադրբեջանը ցամաքային կապ կունենայ Նախիջեւանի ու Թուրքիայի հետ։ Դա կը ներկայացւի որպէս պարզ ճանապարհ, որը կը լինի համաշխարհային ճանապարհային ցանցի մի մաս (տե՛ս թուրքական պետութիւնների կազմակերպութեան վերջին յայտարարութիւնը)։ Չգիտեմ ինչ ռեժիմ կը գործի ճանապարհի երկայնքով, բայց ինչով այդ ճանապարհը կը տարբերւի միջանցքից՝ պարզ չէ։ Ըստ էութեան դա հէնց միջանցք է։

- Թուրքերը մայիսի 12-ին մխրճւեցին Հայաստանի տարածք, որովհետեւ «բանակը զբաղւած էր քաղաքականութեամբ»։ Յիշեցնեմ, որ բարձրաստիճան գեներալներ ու սպաներ պահանջեցին Փաշինեանի հրաժարականը, երբ վերջինս, առանց որեւէ հիմնաւորման, աշխատանքից ազատեց գեներալ Տիրան Խաչատրեանին։ Այդ ընթացքում որեւէ լարւածութիւն սահմանին չկար ու մայիսի դէպքերը Օնիկ Գասպարեանի ու այլոց յայտարարութեան հետ կապելը, մեղմ ասած (շատ շատ մեղմ ասած) իրականութեան հետ որեւէ կապ չունի։ Նաեւ յիշեցնեմ, որ ադրբեջանական ագրեսիայի բառացիօրէն մի քանի օր առաջ Փաշինեանը յայտարարել էր, որ սահմանը կահաւորւած է ու ամրացւած։ Բայց դէ Փաշինեանի համար իրենից բացի բոլորը մեղաւոր են։

- Քանի որ Թուրքիան երբեք չի յայտարարի, որ ուզում են հայերին ցեղասպանել, այլեւ նոյնիսկ ժխտում է, թէ 1915 թւին ցեղասպանութիւն է եղել, ուրեմն կեցցէ հայ-թուրքական հաշտութիւնը։

Այնպէս որ, սիրելի հայ ժողովուրդ, պատրաստ եղեք ծանր որոշումների։ Բայց կայ այլընտրանք՝ դիմադրել ու կանխել Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների կործանումը»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։