Հա

Քաղաքական

24/11/2021 - 12:50

«Իշխանութիւները չեն համարձակւում անգամ յայտարարել, որ Ադրբեջանը բռնազաւթել է Հադրութը եւ Շուշին»․ Թադէոս Աւետիսեան

Այսօրւայ իշխանութիւները չեն համարձակւում նոյնիսկ յայտարարել, որ Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի մասնակցութեամբ, բռնազաւթւել են նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տարածքները՝ Հադրութը եւ Շուշին՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Թադէոս Աւետիսեանը:

«alikonline.ir» - Այսօրւայ իշխանութիւները չեն համարձակւում նոյնիսկ յայտարարել, որ Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի մասնակցութեամբ, բռնազաւթւել են նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տարածքները՝ Հադրութը եւ Շուշին՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Թադէոս Աւետիսեանը՝ խօսելով իրենց խմբակցութեան շրջանառութեան մէջ դրած Յայտարարութեան նախագծի մասին, որում առաջարկում են ամրագրել, որ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան տարածքների բռնազաւթումը, Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքներ ներխուժումը, ինչպէս նաեւ կառավարութիւնից պահանջում են զերծ մնալ որեւէ գրաւոր կամ բանաւոր համաձայնութիւնից, որը կը խախտի Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան պահանջները։

Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին՝ շրջանառութեան մէջ դրւած Յայտարարութեան նախագիծը նոյեմբերի 25-ին ԱԺ-ում կը դրւի հանրային քննարկման մասնագէտների, հասարակական, քաղաքական շրջանակների ներկայացուցիչների մասնակցութեամբ։ Քննարկումը բաց է եւ, ցանկութեան դէպքում, կարող են մասնակցել նաեւ իշխող ուժի ներկայացուցիչները։

Քննարկումների արդիւնքում այդ նախագիծը կը լրամշակւի եւ կառաջարկւի, որ ԱԺ-ն ընդունի։

«Բնականաբար, ես վստահ չեմ, որ այսօրւայ իշխանական պատգամաւորները այդքան քաջութիւն կունենան այդ յայտարարութեանը կողմ քւէրակել, բայց դա չի նշանակում, որ եթէ նրանք ունեն 71 կոճակ, ուրեմն ընդդիմութիւնը ոչինչ չպէտք է անի։ Սա խորհրդարանական ընդդիմութեանը տրւած կարեւոր գործիքներից է, որ հանրային օրակարգ բերեն յուզող խնդիրներ, իսկ անվտանգութեանը վերաբերող հարցը այսօրւայ ամենակարեւոր խնդիրն է եւ ենթակայ է հանրային դիսկուրսի»,- ասաց Թադէոս Աւետիսեանը։

Խնդիրն, ըստ նրա, պարզ է, եւ պարզ են նաեւ այդ խնդրի առնչութեամբ իշխանական մանիպուլիացիաների նպատակը եւ հնարաւոր հետեւանքները։

«Այս փուլում Հայաստանի Հանրապետութիւնը 44-օրեայ պատերազմի խայտառակ պարտութիւնից ու կապիտուլիացիայից յետոյ հանրային կեանքի բոլոր ոլորտներում գտնւում է խորը ճգնաժամի մէջ․ վերցրէք թէ՛ տնտեսութիւնը, թէ՛ սոցալական վիճակը, թէ՛ բանակը, թէ՛ մեր անվտանգային համակարգը։ Դրան գումարած նաեւ աշխարհաքաղաքական այդ բոլոր մարտահրաւէրները՝ յատկապէս թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից վարւող ագրեսիւ քաղաքականութեան շարունակութիւնը։ Հիմա այսպիսի իրավիճակում փոխանակ պետութեան ամրանալու հիմքեր դրւի եւ ողջ հանրութեան ներուժը համախմբելով՝ դիմադրելու, հակազդելու հիմքերը դրւեն, օրւայ իշխանութիւնները գնում են հակառակ ճանապարհով, եւ միանշանակ այդ ճանապարհը, որը որդեգրել է իշխանութիւնը, սպասարկում է ոչ թէ Հայաստանի Հանրապետութեան շահը, այլ այն ծրագիրը, որն Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են այս տարածաշրջանում իրականացնել»,- ասաց Թադէոս Աւետիսեանը։

Նա նշեց, որ տարածաշրջանում խաղաղութեան կեղծ թէզի տակ ագրեսիւ թշնամին իր ողջ ներուժով՝ հրահրելով մարտական գործողութիւններ, մետր առ մետր թափանցում է ՀՀ ինքնիշխան տարածք։ Ապաշրջափակման անւան տակ թշնամին իրականացնում է տնտեսական էքսպանսիա՝ տնտեսական ներխուժման յստակ ծրագիր, որով Հայաստանի Հանրապետութեանը պարտադրում է իր ինքնիշխան տարածքից միջանցք տալ, որը կը լինի արդէն իրենց ամբողջական տիրապետման տակ։

«Այդպիսով արդէն Հայաստանի նաեւ Հարաւը կը կտրեն. այսինքն, Հայաստանն ըստ էութեան արդէն կունենայ ոչ թէ երկկողմանի, այլ եռակողմ շրջափակում»,- ասաց Թադէոս Աւետիսեանը։

Նա նկատեց, որ հիմա հասել ենք մի վիճակի, որ թշնամին իր ծրագիրն առաջ է տանում, եւ մեր ապիկար դիւանագիտութիւնը չի կարողանում համարժէք պատասխան տալ, որովհետեւ համաշխարհային հանրութիւնը եւ նոյնիսկ մեր ռազմավարական գործընկերները համարժէք չեն արձագանգում։

«Հայտարարում են եւ յաջորդիւ քայլն իրականցնում։ Հիմա յայտարարում են, դիւանագիտական ճնշումների միջոցով չեն հասնում արդիւնքի, սադրում են մարտական գործողութիւններ, նոր ռազմական օջախներ եւ արդէն ռազմական ուժով ներթափանցում են իրականացնում։ Դա առնւազն պէտք է դառնայ հանրային քննարկման առարկայ, եւ ընդդիմութեան գործն է հանրային օրակարգ բերել իրական խնդիրներ, եւ նաեւ ցոյց տալ իր դիրքորոշումը, որովհետեւ համաշխարհային հանրութիւնը նաեւ տեսնում է, թէ ինչ քայլեր են իրականցնում հէնց կողմերը եւ ինչ վերաբերմունք կայ հանրութեան մէջ»,- ասաց Թադէոս Աւետիսեանը։

Նոյեմբերի 25-ի քննարկման առաջին նպատակն է, որ այս խնդիրներն օրակարգ բերւեն եւ շահագրգիռ մարդիկ հարթակ ունենան հանրութեան նեկայացնելու նաեւ իրենց տեսակէտները, իրական խնդիրների հնարաւոր հետեւանքները։

Երկրորդ նպատակը քննարկումների հաւաքական արդիւնքով մօտեցումների ձեւակերպումն է, որը Յայտարարութեան տեսքով կը ներկայացւի ԱԺ-ի ընդունմանը։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։