Հա

Քաղաքական

25/11/2021 - 12:26

Մէկ տարի առաջ առանց կրակոցի թշնամուն յանձնւեց անառիկ Քարվաճառը

1993 թ. ապրիլի 5-ին ամբողջ հայ ազգը ցնծում էր. հայկական զինւած ուժերը դուրս էին եկել Օմարի լեռնանցք` այդպիսով աւարտին հասցնելով Արցախի միջնաբերդ Քարվաճառի ազատագրումը: Քարվաճառի ազատագրումը կենսական անհրաժեշտութիւն էր Արցախի հիւսիսի անվտանգութիւնն ապահովելու համար: Թշնամուն Քարվաճառից դուրս շպրտելու եւ ադրբեջանական կրակակէտերը լռեցնելու գործողութիւնը ընթացաւ  մարտի 27-ից ապրիլի 2-ը:

«alikonline.ir» - 1993 թ. ապրիլի 5-ին ամբողջ հայ ազգը ցնծում էր. հայկական զինւած ուժերը դուրս էին եկել Օմարի լեռնանցք` այդպիսով աւարտին հասցնելով Արցախի միջնաբերդ Քարվաճառի ազատագրումը: Քարվաճառի ազատագրումը կենսական անհրաժեշտութիւն էր Արցախի հիւսիսի անվտանգութիւնն ապահովելու համար: Թշնամուն Քարվաճառից դուրս շպրտելու եւ ադրբեջանական կրակակէտերը լռեցնելու գործողութիւնը ընթացաւ  մարտի 27-ից ապրիլի 2-ը:

Քարվաճառի յաղթական ռազմական գործողութիւնը ղեկավարում էին Գուրգէն Դալիբալթաեանը, Հրաչ Անդրէասեանը (Արեւմտեան ուղղութիւն), Իւրի Խաչատուրովը (Լաչինի ուղղութիւն) եւ Մոնթէ Մելքոնեանը (Մարտակերտի ուղղութիւն):

Քարվաճառի ազատագրումից յետոյ սկսւեց հայերի վերադարձը, վերակառուցումը, վերաբնակեցումը.  Արցախի միջնաբերդը սկսել էր շնչել: Սփիւռքը, բազմաթիւ գործարարներ զբաղւում էին շրջանի տնտեսական զարգացմամբ: Այսպէս՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը միայն Քարվաճառում եւ Քաշաթաղում` Արցախը Հայաստանին կապող կենսական տարածքներում, ամենաշատ ներդրումներն էր կատարել՝ ենթակառուցւածքների, հասարակական շինութիւնների կառուցման, սոցիալական ապահովութեան, առողջապահութեան, կրթութեան, պատմամշակութային արժէքների պահպանութեան, արւեստի եւ սպորտի բնագաւառներում եւ այլն, բայց...

Ազատագրումից 27 տարի անց հայ ազգն այլեւս չէր ցնծում. Քարվաճառը դաւաճանւել էր: Մէկ տարի առաջ այս օրը` 2020 թ. նոյեմբերի 25-ին` ռազմական գործողութիւնների դադարից 15 օր անց, Արցախի միջնաբերդը դաւաճանաբար յանձնւեց թշնամուն` առանց որեւէ կրակոցի, յանձնւեց` համաձայն նոյեմբերի 9-ին ստորագրւած դաւաճանական փաստաթղթի:

Կապիտուլեանտ Նիկոլ Փաշինեանը դեռ պատերազմի ժամանակ` հոկտեմբերի վերջին, ռազմական գործողութիւնները դադարեցնելու առաջարկ էր ստացել (նոյեմբերի 9-ի նման հակահայկական փաստաթուղթ, բայց աւելի մեղմ), սակայն մերժել էր. ըստ այդ առաջարկի` Քարվաճառն ու Քաշաթաղը մնում էին Արցախի ՊԲ վերահսկողութեան տակ: 

Երբ յայտնի դարձաւ Քարվաճառի յանձնման մասին, Արցախի հիւսիսային, հիւսիսարեւմտեան շրջանը դարձեալ դատապարտւեց հայաթափման: Սկսւեց շրջանից գաղթը. շրջանը լքելու համար յատկացւած սեղմ ժամկէտները չէին բաւականացնում բնակչութեանը, որ` հանեն իրենց շարժական ու անշարժ գոյքը, անասուններին, մշակութային նմուշները: Հայրենազրկւած բնակչութեան մի մասը հարկադրւած այրում էր այն ամէնը, ինչ չէր կարողանում հանել Քարվաճառից, որպէսզի այն չվայելի թշնամին:

Քարվաճառը տասնամեակներ պահող զօրամասերը պայթեցւեցին. զինւորները նոյեմբերի 24-ին վերջին անգամ նկարւում էին Քարվաճառում՝ որպէս յուշ երբեմնի անառիկ Քարվաճառը անառիկ պահող զինւորներից:

Այսօր արդէն Քարվաճառում վխտում են թշնամիները, թունելներ փորում, ճանապարհներ կառուցում (այսպէս կոչւած՝ ապագայ «միջանցքի» համար), եւ որ ամենագլխաւորն է՝ սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականութեանը. օկուպացւած Քարվաճառից թշնամին յարձակումներ է իրականացնում Վայոց Ձորի, Գեղարքունիքի վրայ, ահաբեկում հայ խաղաղ բնակչութեանը, գերեւարում եւ սպանում զինւորներին:

Քարվաճառի կորստի վէրքը երբեք չի սպիանայ, Հայաստանն ամէն օր կը զգայ Քարվաճառի յանձնման հետեւանքները, կը զգայ մինչեւ այն պահը, երբ այնտեղ դարձեալ կը ծածանւի Հայաստանի դրօշը, եւ Քարվաճառը մեզ կը ողջունի «Քարվաճառը հայոց միջնաբերդն է» ցուցանակով:  

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։