Հա

Քաղաքական

27/11/2021 - 12:50

«Նւիրաբերութեան գումարները արդեօ՞ք այդ հաշւեհամարի հետ առնչութիւն ունեն». «Հայաստան» խմբակցութիւն

«Հայաստան» հիմնադրամի կողմից ՀՀ կառավարութեանը փոխանցւած գումարների օգտագործման հարցով քննիչ յանձնաժողովը հրապարակել է ՀՀ կառավարութեանն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղւած հարցերը:

«alikonline.ir» - «Հայաստան» հիմնադրամի կողմից ՀՀ կառավարութեանը փոխանցւած գումարների օգտագործման հարցով քննիչ յանձնաժողովը հրապարակել է ՀՀ կառավարութեանն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղւած հարցերը:

«Յարգելի գործընկերներ

Յիշեցնենք, որ օրեր առաջ յայտարարութիւն էինք տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարութեանը փոխանցւած գումարների օգտագործման հարցով քննիչ յանձնաժողովի աշխատանքի մասին եւ տեղեկացրել, որ այս փուլում պահաջել ենք կառավարութիւնից, ինչպէս նաեւ դիմել ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ անհրաժեշտ տեղեկատւութիւն ստանալու համար:

Ստորեւ ներկայացնում ենք կառավարութեանը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղւած հարցերը:

Կառավարութեանը՝

1. Այն պետական մարմինների անւանումները եւ պաշտօնատար անձանց անունները, որոնք ներկայացրել են եւ/կամ հիմնաւորել են նւիրաբերութեան կարգով նշւած գումարը հիմնադրամից ներգրաւելու առաջարկը (առկայութեան դէպքում), ինչպէս նաեւ առաջարկը եւ դրա քննարկումը արձանագրող փաստաթղթերը (տեսաձայնագրութիւնները): Այս կէտի ներքոյ տեղեկատւութիւնը պէտք է պատասխանի նաեւ հարցին. թէ ինչ՞ հիմնաւորմամբ է որոշւել (առաջարկւել) հիմնադրամի միջոցներից ներգրաւել նւիրատւութիւն (նւիրաբերութիւն):

2. Նւիրատվութեան (նւիրաբերութեան) պայամանագրերը:

3. Գանձապետական հաշւեհամարը բացելու, ինչպէս նաեւ նւիրաբերութեան նշւած գումարը գանձապետական հաշւեհամարին փոխանցելու (հաշւեհամարին մուտքագրելու) վերաբերեալ բոլոր իրաւական ակտերը (նորմատիւ, անհատական եւ ներքին), ինչպէս նաեւ վարչական ակտերը, նամակագրութիւնները, յանձնարարականները եւ/կամ այլ փաստաթղթերը:

Այս կէտով ներկայացւող տեղեկատւութեան ներքոյ պէտք է յստակ պատասխանել նաեւ հետեւեալ հարցերին. Արդեօ՞ք գանձապետական այս հաշւեհամարը բացւել է բացառապէս նշւած նւիրաբերութեան համար, հիմնադրամն ունի՞ Հայաստանի Հանրապետութեան գանձապետարանում բացւած գանձապետական հաշիւ, եւ եթէ այո, ապա արդեօ՞ք այդ հաշւեհամարից գումարներ են ելքագրւել կառավարութեան համար:

4. Գանձապետական նշւած (նւիրաբերութեան գումարները մուտքագրելու համար բացւած) հաշւեհամարի շարժը նկարագրող տեղեկանք (քաղւածք հաշւից)՝ հաշւեհամարի բացման պահից մինչեւ սոյն կէտով պահանջւող տեղեկատւութիւն տրամադրելու օրը: Սոյն կէտում նշւած տեղեկութիւնը պէտք է ներառի նաեւ հաշւեհամարի իւրաքանչիւր շարժի (մուտքի եւ ելքի) համար հիմք հանդիսացող առաջնային (սկզբնական) փաստաթղթերի տւեալները, ինչպէս նաեւ շարժի արդիւնքում ֆինանսական միջոցների ելքի հանրագումարը՝ տարանջատւած մինչեւ 2020թ. դեկտեմբերի 31-ը եւ 2021 թւականին՝ ըստ ամիսների:

5. Տեղեկանք գանձապետական նշւած հաշւեհամարից 300 մլն. դրամ եւ աւելի մէկանգամեայ կամ միմեանց փոխկապակցւած փոխանցումների վերաբերեալ՝ նշելով գումարի մեծութիւնը, ծրագրի անւանումը եւ ստացողին:

6. Տեղեկատւութիւն այն ծրագրերի վերաբերեալ, որոնք իրականացնելու համար ծախսւել են յատկացւած միջոցները՝ ներկայացնելով ծրագրի կատարման պատասխանատու պետական մարմնին, ծրագրի նկարագիրը, անւանումը, ծրագրով նախատեսւած ֆինանսական եւ ոչ ֆինանսական, ինչպէս նաեւ կատարողականի ցուցանիշները, ծրագրի սկզբի եւ աւարտի ամսաթւերը:

Այս կէտի պահանջի ներքոյ պէտք է ներկայացնել նաեւ տեղեկութիւն այն մասին, թէ մինչեւ նշւած ծրագրի հաստատումը արդեօ՞ք համանման ծրագիր (ծրագրեր), ծախսեր նախատեսւել են ՀՀ 2020թ. պետական կամ տեղական ինքնակառավարման բիւջէներով: Եթէ առկայ են համընկնումներ, հարկ է պատասխանել նաեւ, թէ ի՞նչ ուղղութիւններով (նպատակներով) են ծախսւել (վերաբաշխւել) բիւջէներում նախատեսւած միջոցները:

7. Տեղեկութիւն նախորդ կէտում նշւած ծրագրերի իրականացման հսկողութեան համակարգի մասին՝ ծրագրի նախատեսւած նպատակների եւ արձանագրւած արդիւնքների համապատասխանութեան վերաբերեալ հսկողութիւն իրականացնող մարմնի եւ պաշտօնատար անձի հաստատումները:

8. Նւիրաբերութեան պայմանագրերով ստացւած միջոցների վերաբերեալ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ներկայացւած հաշւետւութիւնները, դրանց վերաբերեալ տրւած բացատրութիւնները, մասնագէտների եւ/կամ փորձագէտների, ինչպէս նաեւ աուդիտորական կազմակերպութեան եզրակացութիւնները:

«Հայաստան» համահայկական հիմնադրամին՝

1. «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահաւաքի անցկացման նպատակները, դրամահաւաքի վերաբերեալ հրապարակային յայտարարութիւնները, դրամահաւաքին մասնակցած անձանց (ֆիզիկական եւ իրաւաբանական) քանակը:

2. «Հայաստան» համահայկական հիմադրամի կանոնադրութիւնը՝ բոլոր փոփոխութիւններով եւ լրացումներով:

3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը եւ դրանում փոփոխութիւնները՝ նւիրաբերութիւն կատարելու որոշման կայացման պահից մինչեւ սույն հարցման պատասխանի տրամադրման օրը:

4. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատւած հիմնադրամի գոյքի տնօրինման կարգը, ինչպէս նաեւ հոգաբարձուների խորհրդի կողմից՝ նւիրատւութիւն(ներ) կատարելու մասին իր որոշումների կատարման ընթացքի վերահսկման ընթացակարգը եւ փաստացի իրականացւած վերահսկողութեան արդիւնքները:

5. Նւիրատվութիւն (նւիրաբերութիւն) կատարելու որոշման համար հիմք հանդիսացած հանգամանքները:

6. Նւիրաբերութիւն կատարելու մասին հոգաբարձուների խորհրդի բոլոր նիստերի արձանագրութիւնները: Սոյն կէտի ներքոյ ակնկալւող տեղեկատւութիւնը պէտք է պատասխանի նաեւ հարցերին. Իրաւասու էր արդեօ՞ք հիմնադրամը իրականացնելու նոյն ծրագրերը, ինչը նւիրաբերութեան գումարներով իրականացրել է կառավարութիւնը, քննարկւել է արդեօ՞ք կառավարութեան կողմից իրականացւելիք ծրագրերը հիմնադրամի կողմից անմիջականօրէն իրականացնելու տարբերակը: Եթէ այո, ապա ի՞նչ հիմնաւորմամբ է հիմնադրամը հրաժարւել դրանք անմիջականօրէն իրականացնելուց:

7. Հիմնադրամն ունի՞ Հայաստանի Հանրապետութեան գանձապետարանում բացւած գանձապետական հաշիւ: Նւիրաբերութեան գումարները արդեօ՞ք այդ հաշւեհամարի հետ առնչութիւն ունեն:

8. Տեղեկատւութիւն 5-րդ կէտում նշւած նիստերի անցկացման վերաբերեալ խորհրդի անդամներին ծանուցելու, նիստերի օրակարգերը, դրանցոււմ ներառւած հարցերի վերաբերեալ անհրաժեշտ նիւթերը խորհրդի անդամներին (անւանական) տրամադրելու մասին: Նւիրատւութեանը (ներին) կողմ քւէարկած խորհրդի անդամները:

9. Նւիրատւութեան նպատակների՝ հիմնադրամի կանոնադրութեանը համապատասխանելու վերաբերեալ իրաւասու մարմնի եզրայանգումը (փորձագիտական եզրակացութեան դէպքում նաեւ դա):

10. Կառավարութեան կողմից նւիրատւութեան գումարի փաստացի ծախսման ուղղութիւնները եւ արձանագրւած արդիւնքները, ինչպէս նաեւ նւիրաբերութեան եւ կառավարութեան կատարած ծախսերի վերաբերեալ փորձագիտական, մասնագիտական եւ աուդիտորական եզրակացութիւնները»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։