Print this page
28/11/2021 - 08:35

«Ազատագրական շարժում»-ը պահանջում է Նիկոլ Փաշինեանի եւ Արմէն Սարգսեանի հրաժարականը

ՀՀ Հանրապետութեան հրապարակում տեղի է ունեցել «Ազատագրական շարժման» հանրահաւաքը։

«alikonline.ir» - ՀՀ Հանրապետութեան հրապարակում տեղի է ունեցել «Ազատագրական շարժման» հանրահաւաքը։

Հանրահաւաքի սկզբին «Զարթօնք» կուսակցութեան հիմնադիր, «Ազատագրական շարժման» պայքարի նախաձեռնողներից Արա Զոհրաբեանը հանդէս է եկել յայտարարութեամբ․

«․․․ 2021 թւականի նոյեմբերի 26-ին ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրած յայտարարութեան համաձայն արձանագրւել է, որ ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ստեղծւում է սահմանազատման եւ սահմանագծման յանձնաժողով՝ ՌԴ խորհրդատւական օժանդակութեամբ։ Յայտարարութեան մէջ ստորագրող կողմերը հիմնւել են 3 պետութիւնների միջեւ 2020 թւականի նոյեմբերի 9-ին ստորագրւած յայտարարութեան վրայ, որի կէտերն, ի վնաս Հայաստանի, խախտւած են։ Այն է՝ ադրբեջանական ուժերը չեն մնացել իրենց զբաղեցրած դիրքերում, այլ առաջ են եկել դէպի հայկական ուժերի զբաղեցրած դիրքեր, ընդհուպ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։ Ռազմագերիները եւ պատանդառւած անձինք չեն վերադարձւել հայրենիք։ Մինչեւ վերջերս էլ ռազմական բախումներում, առաջնագծում ունենք զոհեր։ Սա նշանակում է, որ Հայաստանի անվտանգութեան հարցը լուծւած չէ, յայտնի չէ նաեւ, թէ ինչպէս է լուծւելու Արցախի Հանրապետութեան կարգավիճակի հարցը, երբ փորձ արւի իրագործել սահմանազատման ու սահմանագծման ծրագիրը»։

Արա Զոհրաբեանի խօսքով՝ այս ամենից ելնելով՝ «Ազատագրական շարժումն» արձանագրում է, որ Նիկոլ Փաշինեանը չի կարող համարձակօրէն առաջ տանել հայկական շահի պաշտպանութիւնը, ուստի, շարժումը յստակ պահանջներ է ներկայացնում։

««Ազատագրական շարժումը» պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը։ Երկրորդը՝ պահանջում է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հրաժարականը, կոչ է անում բոլոր կուսակցութիւններին, հասարակական միաւորներին, մասնագիտական համայնքներին, անհատներին՝ միաւորւել այս երկու պահանջի ներքոյ։ Մենք կոչ ենք անում միաւորւել ոչ թէ մեզ, այլ միաւորւել այս պահանջների ներքոյ եւ բոլորով միասին, ուժեղ ձայնով պահանջել այս երկու անձի հրաժարականը»,- յայտարարեց Արա Զոհրաբեանը:

 

Յարակից լուրեր