Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը ցոյց տւեց, որ Հայաստանը շարունակում է յանձնւել՝ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստներով։
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ
Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը ցոյց տւեց, որ Հայաստանը շարունակում է յանձնւել՝ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստներով։
Այդ հանդիպման արդիւնքում ընդունւած յայտարարութեան մէջ չկար որեւէ հայանպաստ ստորակէտ, այն դէպքում, երբ ողջ փաստաթուղթն Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերի մասին էր։
Դրանում որեւէ խօսք չկար հայ ռազմագերիների վերադարձի, Արցախի կարգավիճակի մասին, փոխարէնը՝ ամբողջութեամբ շարադրւած էին այն բոլոր ռազմավարական նպատակները, որոնց ձգտում է Ադրբեջանը, եւ որոնք առնւազն չեն հակասում Ռուսաստանի շահերին։
Հայ հասարակութեան լաւատեսական հատւածը մխիթարւում է, որ ի հեճուկս սպասումների՝ Սոչիում չստորագրւեց կապիտուլեացիոն հերթական ակտը, ասենք, «միջանցքի» ամրագրմամբ։
Դա, սակայն, խիստ մակերեսային ու իրավիճակային մխիթարանք է, քանի որ Սոչիում խորքային առումով շարունակւեց 2020 թւականի նոյեմբերի 9-ի տրամաբանութիւնը՝ սողացող կապիտուլեացիայի ու հայկական շահերի աստիճանական ոտնահարման գործընթացը, որը Նիկոլ Փաշինեանը սպասարկում է իր քարոզիչներին ոգեշնչող, սակայն իրականում խղճահարութիւն առաջացնող հայացքով ու կեցւածքով։
Հանդիպումից հանդիպում, բանակցութիւնից բանակցութիւն Նիկոլ Փաշինեանն ապացուցում է այն պարզագոյն ճշմարտութիւնը, որ պատերազմում պարտւած ղեկավարը չի կարող գոնէ նւազագոյն արժանապատւութեամբ ներկայացնել Հայաստանի շահերն աշխարհում, առաւել եւս՝ Ադրբեջանի հետ յարաբերութիւններում։
Այդ պարզ ճշմարտութիւնը, սակայն, չհասկացաւ ոչ միայն Նիկոլ Փաշինեանը, ով չհասկանալու սեփական շահերն ունէր, այլ նաեւ ՀՀ 680 հազարից աւելի հպարտ քաղաքացիներ, որոնք դա չհասկանալու որեւէ պատճառ չունենալով, իրենց քւէարկութեամբ ապահովեցին Հայաստանի շարունակւող նւաստացումը։
Նիկոլ Փաշինեանը ցոյց տւեց, որ յանուն Հայաստանի պատրաստ չէ յանձնել իշխանութիւնը, բայց յանուն իշխանութեան պատրաստ է յանձնել Հայաստանը, ինչը եւ անում է հանդիպումից հանդիպում ու բանակցութիւնից բանակցութիւն։
Անում է յանուն նրա, որ հանդիպումից հանդիպում ժամանակային միջակայքում երկրի ներսում «ուժեղ ղեկավար» խաղայ, յոխորտայ ընդդիմութեան վրայ, պարգեւավճարներ, տենդերներ ու զրահապատ մեքենաներ բաժանի սեփական թիմակիցներին։
Ահա այդ եւ բազմաթիւ այլ ճղճիմ նպատակներով նա պատրաստ է անձամբ նւաստանալ Պուտինի կամ Ալիեւի առաջ, կատարել հերթական զիջումը Հայաստանի հաշւին։
Պետութիւնների ղեկավարումը, քաղաքական իշխանութիւնն ընդհանրապէս աւելի լայն համատեքստում բնորոշւում են «առաջնորդութիւն» եզրով։ Նիկոլ Փաշինեանն իր գործունէութեամբ նոր խօսք է բերում համաշխարհային գիտութեան ու քաղաքագիտութեան ասպարէզ։ Այն, ինչ նա անում է Հայաստանի ղեկավարի պաշտօնում, բովանդակօրէն ոչ թէ առաջնորդութիւն է, այլ նահանջորդութիւն։ Ինքն էլ, հետեւաբար, ոչ թէ Հայաստանի առաջնորդն է, այլ նահանջորդը։
Բայց դա Նիկոլ Փաշինեանին քիչ է հետաքրքրում, նրա համար աւելի կարեւոր է ոչ թէ պետութեան ընթացքի ուղղութիւնը, այլ այն, որ այդ ընթացքն ինքը հակառակ ուղղութեամբ է տանում՝ զրահապատ աւտոմեքենաներով ու սարսափազդու թիկնազորով, ինչի համար պատրաստ է վճարելու, այդ թւում՝ Հայաստանի շահերի հաշւին։
168.am