Հա

Քաղաքական

01/12/2021 - 10:00

«Իրանը չի հրաժարւի Հայաստանի տարածքով դէպի Սեւ ծով ելքից». իրանագէտ

Իրանի ղեկավարութեան շահերը կապւած են երկրի հիւսիսում այլընտրանքային հաղորդակցական երթուղիների կառուցման հետ։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասել է իրանագէտ Կարինէ Գէորգեանը։

«alikonline.ir» - Իրանի ղեկավարութեան շահերը կապւած են երկրի հիւսիսում այլընտրանքային հաղորդակցական երթուղիների կառուցման հետ։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասել է իրանագէտ Կարինէ Գէորգեանը։

Նա պարզաբանել է, որ Իրանն ունի ելք դէպի Հնդկական ովկիանոս, հնարաւորութիւն ունի օգտւելու Հորմուզի նեղուցից, Սուէզի ջրանցքից, սակայն սրանք բաւականին ռիսկային ճանապարհներ են, հետեւաբար մայրցամաքային հաղորդակցութիւնը Թուրքիայով, Վրաստանով՝ Հայաստանի տարածքով, Ռուսաստանով, Ադրբեջանով շատ կարեւոր է Իրանի համար: Սա իրանական նախագծերի բաղադրիչներից մէկն է։

«Թեհրանը բաւականին հետեւողական է գործում, եւ նրա համար ձեռնտու չէ հիւսիս-հարաւ ճանապարհով հաղորդակցութիւն հաստատելը միայն Ադրբեջանով, քանի որ այս դէպքում Բաքուն ճնշում գործադրելու լծակ կունենայ։ Ուստի Իրանը չի հրաժարւի այլընտրանքներից եւ մի քանի երթուղիների գործարկման հասնելու ձգտումից՝ Հայաստանով, Ադրբեջանով, Կասպից ծովով դէպի Ռուսաստան»,- ընդգծել է Գէորգեանը։

Փորձագէտը կարեւորել է Իրանի եւ Հնդկաստանի ղեկավարութեան փոխկապակցւածութիւնն ու արտաքին քաղաքական ակտիւութիւնը՝ յիշեցնելով, որ դեկտեմբերի 6-ին Պուտինը պէտք է մեկնի Նիւ Դելի՝ շատ լուրջ բանակցութիւնների համար, որոնցում կը քննարկւեն նաեւ հաղորդակցութեան այս բոլոր ուղիները, քանի որ դրանում շահագրգռւած է նաեւ Հնդկաստանը։

Նա նշել է, որ այս ֆոնին Աշխաբադում Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ «Հանդիպումը տեղի ունեցաւ հոկտեմբեր-նոյեմբերին թէ՛ սահմանին, թէ՛ երկրների յարաբերութիւններում ստեղծւած լարւածութիւնից յետոյ։ Սա կարող է վկայել Ադրբեջանի ղեկավարութեան՝ դէպի Իրան զգուշաւոր դրէյֆի մասին»,- եզրափակել է Գէորգեանը։

«Հիւսիս-Հարաւ» միջանցքը անցնում է Հայաստանի տարածքով՝ հարաւից հիւսիս, եւ տանում է դէպի Սեւ ծովի վրացական նաւահանգիստներ, այնուհետեւ՝ դէպի Ռուսաստան, ԱՊՀ երկրներ եւ ԵՄ։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։