Հա

Քաղաքական

02/12/2021 - 10:10

«Նախիջեւանը հայաթափւեց այդ նոյն «խաղաղութեան» շրջանակներում». քաղաքագէտ

Հայաստանում կատարւող վերջին իրադարձութիւնների, Սոչիում կայացած հանդիպման ժամանակ չքննարկւած հարցերի եւ հնարաւոր «խաղաղութեան դարաշրջանի» բացման մասին Yerkir.am-ը զրուցել է քաղաքագէտ Թեւան Պօղոսեանի հետ։

«alikonline.ir» - Հայաստանում կատարւող վերջին իրադարձութիւնների, Սոչիում կայացած հանդիպման ժամանակ չքննարկւած հարցերի եւ հնարաւոր «խաղաղութեան դարաշրջանի» բացման մասին Yerkir.am-ը զրուցել է քաղաքագէտ Թեւան Պօղոսեանի հետ։

 

- Պարո՛ն Պօղոսեան, ներկայիս իշխանութիւններն Արցախի մեծ մասի կորստից յետոյ փորձում են ամէն կերպ հասարակութեանը նախապատրաստել, այսպէս կոչւած, խաղաղութեան պայմանագրի կնքմանը։ Հետաքրքիր է՝ արդեօ՞ք Ադրբեջանի հետ «խաղաղութեան դարաշրջան» բացող իշխանութիւնները հարց տւել են՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է այդ խաղաղութիւնը:

- Իհարկէ, չեն տւել, եթէ տային, ապա չէր առաջանայ այնպիսի հարց, թէ՝ ցանկանում ենք Ադրբեջանին հարցնել` իրենց նպատակը ո՞րն է. ուզում են ցեղասպանե՞լ հայերին, թէ՞ ոչ։ Այս մօտեցումը միայն կարելի է ցինիզմով մեկնաբանել։ Ձեր թշնամին երբեւէ յետ կը կանգնի՞ իր նպատակներից։ Նպատակների մասին եզրակացութիւնը կազմում ենք ոչ թէ խօսքի, այլ գործողութիւնների վրայ։

Ուղղակի պէտք է գիտակցենք՝ Ադրբեջանում փոփոխութիւններ չեն եղել, Թուրքիայում էլ` վերջին 5 տարիներին, այդ ո՞նց է ստացւում, որ 2018-19 թւականների «կոնստրուկտիւ» ղեկավարը զէնքով սկսեց կրակել։ Դա չի սկսւել սեպտեմբերի 27-ին, չգիտես՝ ինչու, բոլորս մոռանում ենք, որ ընդամէնը դրանից երկու ամիս առաջ տաւուշեան դէպքերն էին։ Բայց այդ ժամանակ մենք ունէինք յաղթանակած բանակ. փաստօրէն, նախկինների կողմից բանակը չէր թալանւել, իսկ յետոյ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ մինչեւ 27-ը, թալանւեց ամէն ինչ, եւ ունեցանք պարտութիւններ։

Գիտէք` մեզ թւում է, որ մենք ենք ինչ-որ ձեւով ներազդելու Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականութեան վրայ։ Այդ քաղաքականութիւնը նոր չի ձեւաւորւել. 1000 տարի առաջ, երբ թուրքերը ներխուժեցին տարածաշրջան, այդ ժամանակից սկսած, Հայաստանը փոքրանում եւ փոքրանում է։ Թուրքիան եւ Ադրբեջանը առաջնորդւելու են իրենց սեփական մօտեցումներով։ Միակ լեզուն, որը թշնամին գիտի, ուժի լեզուն է։ Մենք այդ ուժը կարողացանք միասնական ցուցադրել 1994 թ., երբ Ադրբեջանը գնաց եւ Արցախի հետ նստեց բանակցութիւնների սեղանի շուրջը` ստորագրելով զինադադար։

 

- Վերջին շրջանում Էրդողանը մեծ պլաններ ունի այս տարածաշրջանի եւ, յատկապէս, Հայաստանի հետ կապւած։ Մտավախութիւն չկա՞յ, որ սիրիական սցենարը չի կրկնւի այստեղ, եւ թուրքական զօրքերը չեն ներխուժի Սիւնիք։

- Էրդողանի պլանը մէկն է` Հայաստանի չլինելը։ Հասկանալի է, որ Զանգեզուրի միջանցքը նրանց միշտ է հետաքրքրել, ու հիմա ենք դիտարկում Մոնթէի խօսքերը՝ եթէ չլինի Արցախը, մենք կը շրջենք հայոց պետականութեան վերջին էջը: Հասկանալի է, որ եթէ Արցախը վերցրին, յաջորդը Սիւնիքն է, իսկ դրանից յետոյ Հայաստան լինել չի կարող։ Երէկ էլ տեսանք, որ Էրդողանը դարձեալ կրկնեց՝ «Զանգեզուրի միջանցքը» իրենց նպատակն է, եւ իրենք դա անպայման, ինչ գնով էլ լինի, պէտք է վերցնեն։

Այնպէս որ՝ նրանք իրենց ծրագրերը իրագործելու համար քայլերի են դիմում։ Եթէ Հայաստանը ուժեղ լինի, ծրագրերը կը խափանի, իսկ եթէ՝ ոչ, ապա ո՛չ պանթուրքիզմի, ո՛չ Թուրքիայի հայատեացութեան, ցեղասպանութեան քաղաքականութեան շարունակութեանը չենք կարող դիմագրաւել։ Թուրքիան կամ Ադրբեջանը ցանկացած դէպքում, երբ հասկանան, որ կարող են մինչեւ վերջ լուծել այդ խնդիրը, գնալու են այդ խնդրի հետեւից։

 

- Փաստօրէն, եռակողմ հանդիպումից պարզ դարձաւ, որ կողմերը դէ ֆակտօ հաստատում են՝ Արցախի կարգավիճակի հարցը փակւած է, քանի որ ոչ մի խօսք չկար Արցախի մասին, թէ ինչպիսի՞ն է լինելու Արցախի ապագան։

- Տեսէք` ամբողջ խնդիրը մեր մէջ է՝ արդեօ՞ք Հայաստանի իշխանութիւնները կը խօսեն մեր շահերից։ Գործող իշխանութիւնները ձեռքերը լւացել են Արցախի հարցից։ Այլ պարագայում չմոռանանք, որ կայ ՀՀ օրէնք, ըստ որի՝ արգելւում է Հայաստանի որեւէ պաշտօնեայի ստորագրութիւն մի փաստաթղթում, որտեղ Արցախի խնդիրը՝ ինքնորոշման իրաւունքը, ամրագրւած չլինի։ Եթէ այդպէս է եղել, այն դառնում է անօրինական, եթէ, իհարկէ, մենք իրաւական պետութիւն լինէինք, բայց, ցաւօք, շատ հեռու ենք դրանից։

 

- Խօսւում է սահմանազատման եւ սահմանագծման անհրաժեշտութեան մասին, բայց ի՞նչ սկզբունքով եւ տրամաբանութեամբ, ոչ մի խօսք։ Հաշւի առնելով մինչ օրս տեղի ունեցող իրադարձութիւնների ընթացքը՝ դժւար չէ գուշակել, որ իրադարձութիւնները նոյնպէս զարգանալու են ոչ ի շահ Հայաստանի:

- Ցաւօք, պարտւած իշխանութիւնները չեն կարողանալու որեւէ բանակցային սեղանի շուրջը Հայաստանի շահն առաջ տանել։ Բանակցողի փոփոխութեան անհրաժեշտութիւն կայ, եւ դա պէտք է ցանկացածը գիտակցի, եւ առաջինը հէնց իրենք` բանակցողները։ Այս պարագայում մենք միշտ պարտւած ենք լինելու։ Նոյնիսկ մինչ Սոչի գնալն էինք այդ մասին խօսում, որ մենք պէտք է հասկանանք՝ այո, Ադրբեջանն իր շահերի հետեւից է քայլ առ քայլ գնում` ցանկանալով հայաթափել Արցախը, ճնշումներ գործադրել (դա կը լինի նաեւ ուժի ցուցադրութեամբ), կտրել Սիւնիքը Հայաստանից։ Որքան կը ստացւի, կը ստացւի, իսկ յետոյ կը հասնի մի կէտի, որ, այսպէս ասած, «խաղաղութեան դարաշրջանում» աւելի արագ կը կորցնենք շատ հայկական տարածքներ, քան երբ ունէինք առճակատումներ։ Օրինակ` նոյն Նախիջեւանը հայաթափւեց «խաղաղութեան» շրջանակներում։

 

- Ներկայի իշխանութիւնների վարած քաղաքականութիւնն արդեօ՞ք սպառնալիք չէ Հայաստանի ինքնիշխանութեանը, երբ ակնյայտ երեւում է, որ Էրդողանը նպատակ ունի, ի հաշիւ Հայաստանի տարածքների, միաւորել թուրքական աշխարհը։

- Բնական է, բայց հարց է, թէ հիմա պանթիւրքիստական աշխարհի ո՞ր մասը կը միաւորի, ինչպիսի՞ քայլեր կը կատարի։ Այդ իմաստով Թուրքիան, ինչպէս այդ նպատակները ունեցել է նախկինում, այդպէս էլ շարունակում է։ Մենք պէտք է գիտակցենք մեր ճակատագիրը եւ պատրաստ լինենք այդ ճակատագրով ապրելուն՝ կա՛մ կը լինենք, կա՛մ կը ձուլւենք։ Յստակ չեմ կարող ասել` ինչ սցենարներ կը լինեն, բայց ինքներս մեզ հարց տւե՞լ ենք՝ որքա՞ն է եղել մեր ինքնիշխանութիւնը մինչեւ 2018թ. եւ որքա՞ն է եղել 2018թ. մինչ 2020թ. սեպտեմբերի 27-ը, իսկ որքա՞ն է այդ իշխանութիւնը մնացել դրանից յետոյ։

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կէտը եթէ մինչեւ վերջ կարդում ենք, էլ այդտեղ ինքնիշխանութեան մասին խօսք անգամ չկայ։ Ինքնիշխանութիւնն այն էր, երբ ցանկացած հայ հանգիստ կարող էր գնալ Արցախ։ Մենք ինքնիշխանութեան խնդիր ենք ունեցել, երբ որոշում էինք անդամակցել տարբեր կազմակերպութիւնների։ Երբ ինքնիշխանութիւն ենք ասում, ապա պէտք է յստակ պատկերացնենք՝ ո՞րն է, որ բխում է մեր շահերից, որտե՞ղ մենք կարող ենք աւելի երկար ճանապարհ ունենալ ՀՀ-ի համար։ Հիմա, երբ ամբողջ Սիւնիքի անվտանգութիւնը ապահովում է մեր ռազմավարական դաշնակիցը, էլ ի՞նչ ինքնիշխանութեան մասին է խօսքը։ Երբ մեզ ստիպում են երթեւեկել ոչ թէ այն ճանապարհներով, որ մենք ունենք, այլ այլընտրանքային (ամէն օր արագ-արագ ճանապարհ են կառուցում), ապա դա արդեօ՞ք ինքնիշխանութիւն է։ Միայն նախարար նշանակելուց ես եմ որոշում՝ դա՞ է ինքնիշխանութիւնը։

 

- Ինչպիսի՞ զարգացումներ էք կանխատեսում Բրիւսէլում կայանալիք հանդիպումից յետոյ, արդեօ՞ք Փաշինեանը կը բարձրացնի Արցախի հարցի կարգաւորման եւ Արցախի ժողովրդի իրաւունքի իրացման հարցը։

- Բրիւսէլում կայանալիք հանդիպումից որեւէ ակնկալիք չպէտք է ունենալ։ Այս իշխանութիւններն ամէն օր իրենց վարքագծով են ապացուցում, որ իրենք փակել են Արցախի հարցը։ Մինչեւ Սոչիի հանդիպումը` օրեր առաջ, Փաշինեանը մամուլի ասուլիսում Արցախի հարցի կարգաւորման մասին ասում է՝ արդեօ՞ք դա մեզ պէտք է, դա մեզ ի՞նչ է տալու։

 

Լենա Կարապետեան

 

Յարակից լուրեր

  • «Դրօշակ»-ի առաջնորդող. Խաբկանքի եւ իրականութեան միջեւ
    «Դրօշակ»-ի առաջնորդող. Խաբկանքի եւ իրականութեան միջեւ

    Հայաստանում լրատւամիջոցներ կան, որոնք Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանավարման օրերից գրեթէ ամէն օր յայտարարում են, թէ Ռուսաստանը փլուզւում է, շուտով այդ երկիրը կը դադարի գոյութիւն ունենալուց, առնւազն այն տեսքով, որ ունի հիմա։ Այս քարոզին զուգահեռ ժամանակի ընթացքում Արեւմուտքի ձեռքին խաղալիք դարձած Ելցինին փոխարինեց ռուսական մեծապետական ձգտումները մարմնաւորող Պուտինը, եւ փոխւեց Ռուսաստանը։ 

  • Ակնարկ. «Սուրմալու»-ի ողբերգութիւն. Հետեւութիւններ
    Ակնարկ. «Սուրմալու»-ի ողբերգութիւն. Հետեւութիւններ

    «Սուրմալու»-ի ողբերգութիւնը քանի մը ուղղութիւններով ուշացած հետեւութիւններու առիթ կու տայ:

    Նախ եւ առաջ դէպքին ահաւորութիւնը ցաւակցելու, սգոյ օր յայտարարելու, զոհերու եւ ընդհանրապէս տուժածներու ընտանիքներուն ամէն տեսակի աջակցութիւն ցուցաբերելու հրամայականը կ՛ընդգծէ: Նման ողբերգութիւններ անշուշտ պէտք չէ քաղաքականացնել եւ առաւելներ ձեռք բերելու առիթի ծառայեցնել: 

  • «Ադրբեջանը՝ որպէս արհեստածին կազմաւորում, մեղմ ասած, այնքան էլ բարւոք վիճակում չէ». Վարդան Ոսկանեան
    «Ադրբեջանը՝ որպէս արհեստածին կազմաւորում, մեղմ ասած, այնքան էլ բարւոք վիճակում չէ». Վարդան Ոսկանեան

    Ադրբեջանը՝ որպէս արհեստածին կազմաւորում, մեղմ ասած, այնքան էլ բարւոք վիճակում չէ, որքան դա փորձում է ներկայացնել Բաքւի բռնապետական վարչախումբը, իսկ Արցախի բռնազաւթւած տարածքներում ծախսւող իւրքանչիւր մանաթը կտրւում է առաջին հերթին հէնց բուն Ադրբեջանի տարբեր շրջաններից, ինչն էլ յարուցում է արդէն իսկ նկատելի դժգոհութիւն:

  • «Անկարեւորութեան փառատօնը»՝ հայկական տեսադաշտին մէջ
    «Անկարեւորութեան փառատօնը»՝ հայկական տեսադաշտին մէջ

    Վերոյիշեալ նախադասութիւնն ու վերնագիրը պերճախօս իրապաշտութեամբ կը ներկայացնեն ներկայի մեր՝ հայութեան ու Հայաստանի իրավիճակը:

  • Հայաստանում յայտարարւել է երկօրեայ սուգ
    Հայաստանում յայտարարւել է երկօրեայ սուգ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի որոշմամբ Հայաստանում յայտարարւել է երկօրեայ սուգ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։