Հա

Քաղաքական

02/12/2021 - 12:15

«Չնայած «դրական ֆոնին»՝ իրանցիները ռազմական ուժի ցուցադրութիւնն Ադրբեջանի նկատմամբ շարունակում են». Ոսկանեան

Օրերս Աշխաբադում տեղի է ունեցել Իրանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում Իրանի նախագահ Էբրահիմ Ռէյիսին յիշեցրել է՝ Թեհրանը «բաց ու միանշանակ դիրքորոշում ունէր ղարաբաղեան հարցում, Գերագոյն առաջնորդից մինչեւ պետական պաշտօնեաներ՝ բոլորը հաւատարիմ են եղել այն դիրքորոշմանը, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը պէտք է ապահովւի»:

«alikonline.ir» - Օրերս Աշխաբադում տեղի է ունեցել Իրանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում Իրանի նախագահ Էբրահիմ Ռէյիսին յիշեցրել է՝ Թեհրանը «բաց ու միանշանակ դիրքորոշում ունէր ղարաբաղեան հարցում, Գերագոյն առաջնորդից մինչեւ պետական պաշտօնեաներ՝ բոլորը հաւատարիմ են եղել այն դիրքորոշմանը, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը պէտք է ապահովւի»:

Հանդիպման ընթացքում համաձայնագրեր են ստրագրւել, այդ թւում նաեւ Իրանի տարածքով Թուրքմենստանից դէպի Ադրբեջան գազի մատակարարումների մասին:

Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման եւ արդիւնքների վերաբերեալ Panorama.am-ը զրուցել է ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վարդան Ոսկանեանի հետ:

 

Panorama.am - Պարոն Ոսկանեան, ինչպէ՞ս կը գնահատէք Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, առհասարակ ինչո՞վ է բացատրւում Իրանի դրական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ՝ նկատի ունենալով վերջին շրջանում իրանա-ադրբեջանական յարաբերութիւններում զարգացումները:

Վ. Ոսկանեան - Իրականում մենք պէտք է հաշւի առնենք մի կարեւոր հանգամանք. չնայած այս ամենին, Իրանում տեղի ունեցած վերջին զօրավարժութիւնների արդիւնքում Արաքսի ողջ երկայնքով տեղակայւած իրանական զօրամիաւորումները մնում են իրենց տեղում: Սա շատ կարեւոր ցուցիչ է: Ըստ էութեան, իրանցիները ռազմական ուժի ցուցադրութիւնն Ադրբեջանի նկատմամբ շարունակում են, չնայած, այսպէս կոչւած, «դրական ֆոնին»: Մենք պէտք է յստակօրէն դա նկատի ունենանք մինչեւ մնացեալ դէպքերը քննարկելը:

Ինչ վերաբերում է աշխաբադեան հանդիպմանը, ապա տարածքային ամբողջականութեան խնդրի վերաբերեալ Իրանն ունի շատ յստակ դիրքորոշում: Իրանական կողմը որեւէ պարագայում չի կարող հրաժարւել տարածքային ամբողջականութեան սկզբունքից՝ հաշւի առնելով այս պետութեան կենսական շահերը, իսկ դրանք ենթադրում են առաջին հերթին տարածքային ամբողջականութեան հանգամանքի շեշտադրում: Իրանի ներսում կան սեպարատիստական օջախներ եւ որեւէ պարագայում իրանցիները չեն կարող խօսել ազգերի ինքնորոշման իրաւունքի մասին՝ հաշւի առնելով այն խնդիրները, որոնք կարող են ստանալ իրենց երկրի ներսում:

Բերեմ շօշափելի օրինակ. եթէ, ենթադրենք, իրանցիները մի պահ խօսում են Արցախի ինքնորոշման իրաւունքի մասին, վաղը կարող են առերեսւել այսպէս կոչւած «Հարաւային Ադրբեջանի» ինքնորոշման խնդիր հետ, հետեւաբար, իրանական դիրքորոշումները շատ յստակ են այս հարցում: Նաեւ հաշւի առնելով տարածաշրջանային Իրանի շահերը, որը ենթադրում է միասնական Իրաքի եւ միասնական Սիրիայի գոյութիւն: Գիտէք, Իրաքը տրոհելու եւ սունիների, շիաների, քրդերի պետութիւններ ստեղծելու, Սիրիան տրոհելու ծրագրեր կան նաեւ: Բնականաբար, իրանցիները չեն կարող դուրս գալ այս սկզբունքի շրջանակներից առնւազն յայտարարութիւնների մակարդակում:

Ինչ վերաբերում է փաստաթղթերին կամ համաձայնութիւններին, ապա տեղի է ունեցել ոչ թէ գազամուղի շինարարութեան վերաբերեալ գործարք, այլ սւոթային պայմանաւորւածութիւն, այսինքն՝ իրանական կողմը ստանալու է Թուրքմենստանից գազ եւ սւոթային եղանակով իր գազը փոխանցելու է Ադրբեջանին: Ըստ էութեան, ադրբեջանցիները գազ են գնում ոչ թէ Իրանից, այլ Թուրքմենստանից:

Դատելով այդ գազի ծաւալներից՝ դա չի կարող լուրջ նշանակութիւն ունենալ իրանա-ադրբեջանական յարաբերութիւնների համատեքստում, այսինքն, ըստ էութեան, պէտք է ենթադրել, որ այդ գազի զգալի կամ որոշակի հատւածը մատակարարւելու է Նախիջեւանի ինքնավար հանրապետութեանը, ինչը ենթադրում է, որ իրանցիները ստանալու են Նախիջեւանի վրայ հնարաւոր ճնշում բանեցնելու լրացուցիչ լծակ: Այսինքն ստանալու են, ըստ էութեան, գազային լծակ, որով կարող են անհրաժեշտութեան դէպքում ճնշում բանեցնել ոչ միայն Նախիջեւանի ինքնավար հանրապետութեան, այլ նաեւ Ադրբեջանի վրայ ընդհանրապէս:

Յայտարարութիւնների ընդհանուր համատեքստը եթէ վերլուծենք, կը նկատենք, որ Իրանի նախագահը Ադրբեջանի մասին արտայայտւելիս չի կիրառում եղբայրական բառը, մինչդեռ իրանական դիւանագիտութեան մէջ, յատկապէս վերջին տարիներին, ընդունւած էր այդ եզրոյթով բնորոշել իրանա-ադրբեջանական յարաբերութիւնները՝ եղբայրական, բարիդրացիական յարաբերութիւններ: Մինչդեռ Բաքւի բռնապետը կիրառում է եղբայրական բառը Իրանի հետ յարաբերութիւնների համատեքստում, ինչը ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանում լրջօրէն անհանգստացած են եւ փորձում են նաեւ արեւելեան շողոքորթութեան եղանակներով չէզոքացնել այն հնարաւոր մարտահրաւէրները, վտանգները, որոնք իրենք տեսնում են Իրանից:

Իսկ այդ մարտահրաւէրները խիստ իրական են, կրկնեմ՝ իրանական զօրամիաւորումներն են կանգնած սահմանին, նաեւ Իրանն աշխատում է Ադրբեջանի ներսում կրօնական, յատկապէս շիայական ընդդիմութեան հետ առանց բարձրագոչ յայտարարութիւնների: Տեսանք, որ ստեղծւել է առանձին կազմակերպութիւն Ադրբեջանի ներսում:

Բացի այդ, Իրանն աշխատում է ազգային եւ էթնիկական խմբերի հետ, յատկապէս իրանալեզու տեղաբնիկ ժողովուրդների՝ թալիշների եւ կովկասեան պարսիկների:

Ընթերցողի ուշադրութիւնը սեւեռեմ մէկ այլ կարեւոր հանգամանքի վրայ. Իրանի ներսում փորձագիտական արձագանգներն են, որտեղ նոյնպէս այդ գազային գործարքն առանձնապէս մեծ ձեռքբերում չի գնահատւում: Միւս կողմից էլ մենք պէտք է շատ յստակ մի հանգամանք հաշւի առնենք՝ իրանցիները շարունակում են մնալ իրենց դիրքորոշումներում հաստատակամ: Խօսքը վերաբերում է իբր «զանգեզուրեան միջանցքին»: Իրանը դէմ է դրան, իրանցիները դէմ են, որպէսզի Արցախից բռնազաւթւած այդ տարածքներում իսրայէլական, նաեւ ահաբեկիչներ ներկայութիւն լինի:

Իրանական կողմը բազմիցս յայտարարել է, որ եթէ պատերազմից յետոյ ահաբեկիչների ներկայութիւնը հաստատւի այդ տարածքներում, ապա իրանական կողմը դիմելու է ռազմական միջոցների՝ ոչնչացնելու դրանց առանց որեւէ մէկից թոյլտւութիւն հարցնելու:

Մէկ այլ կարեւոր հանգամանք կայ. հաշւի առնելով իրանա-ամերիկեան յարաբերութիւնների համատեքստը, Վիեննայում մեկնարկելու են Իրանի շուրջ միջուկային համաձայնագրի բանակցութիւնների նոր շրջափուլը, իրանցիները ձգտում են այս պահին հնարաւորինս նւազեցնել իրենց սահմանների երկայնքով մէկ առկայ հնարաւոր լարւածութեան բոլոր կէտերը՝ ունենալով հիմնական թիրախ, ըստ էութեան, լուծելու իրենց խնդիրը ԱՄՆ հետ:

Կայ այլ գործօն էլ, որը ազդում է իրանա-ադրբեջանական համատեքստի վրայ. Թուրքիայի գործօնն է: Ակնյայտ է, որ թուրքական կողմը պատժամիջոցների ֆոնին Իրանի նկատմամբ ձեռք է բերել ճնշումներ կիրառելու որոշակի լծակներ յատկապէս տնտեսական ոլորտում: Թէեւ այս մասին չի խօսւում, բայց Թուրքիան կարեւոր օղակ է դարձել պատժամիջոցները շրջանցելու համար: Հետեւաբար, թուրքական գործօնն էլ ազդում է Իրանի դիրքորոշումների վրայ:

Բայց կրկնեմ՝ իրանա-ադրբեջանական յարաբերութիւններում, ըստ էութեան, որեւէ խնդրայարոյց հարց իր լուծումը չի ստացել: Այդ հարցերը մնացել են, եւ մենք գործ ունենք մի գործընթացի հետ, որը կարող է պարբերաբար կրկին ունենալ լարւածութեան փուլեր:

 

Panorama.am - Այսինքն, կարելի՞ է ասել, որ աշխաբադեան հանդիպման ժամանակ ի վնաս Հայաստանի որեւէ խնդիր չի լուծւել:

Վ. Ոսկանեան - Իրականում, եթէ մենք չենք աշխատում իրանական կողմի հետ կամ աշխատում ենք շատ թոյլ, իսկ հիմա այս մարտահրաւէրների ֆոնին Իրանի հետ համագործակցութիւնը խորացնելու համար լուրջ հնարաւորութիւններ են ստեղծւել, բայց մեր տարերային մօտեցումները բերում են նրան, որ իրանցիներն իրենց խնդիրները նաեւ լուծեն այն կողմի հետ, որը հանդէս է գալիս այդ խնդիրների լուծման նախաձեռնութեամբ:

Երբ Հայաստանից հնչում է յայտարարութիւն, որ Հայաստանի Գորիս-Կապան աւտոճանապարհի Որոտանի հատւածում իրանական բեռնատարների վարորդների խնդիրը չի առնչւում Հայաստանին, այլ Իրանը պէտք է այդ խնդիրը լուծի Ադրբեջանի հետ, ուրեմն իրանցիներն այդ խնդիրը լուծում են Ադրբեջանի հետ:

Մենք պէտք է ի նկատի ունենանք մի կարեւոր հանգամանք եւ յստակօրէն արձանագրենք՝ Իրանը շարունակում է պահպանել իր յստակ դիրքորոշումները կապւած «զանգեզուրեան միջանցքի», Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան, Ադրբեջանի հակաիրանական գործողութիւնների հետ եւ այդ օրակարգը որեւէ կերպ չի փոխւել:

 

Panorama.am - Շնորհակալութիւն հարցերին պատասխանելու համար:

 

Յարակից լուրեր

  • Հայաստանը դառնում է մէկ մարդու կամքից, քաղաքական քիմքից, արժեհամակարգից ու պատկերացումներից կախւած երեւոյթ
    Հայաստանը դառնում է մէկ մարդու կամքից, քաղաքական քիմքից, արժեհամակարգից ու պատկերացումներից կախւած երեւոյթ

    «alikonline.ir» - «Այո, ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահը ՔՊ վարչութեան նախագահ Սուրէն Պապիկեանն է: Այդ որոշումը ե՛ս եմ կայացրել, բայց Սուրէն Պապիկեանը չի գնացել այնտեղ, ոչ էլ Տիգրան Աւինեանը՝ այնտեղ ՔՊ-ացնելու, այլ գնացել են՝ բուհերին պաշտպանեն կուսակցականացումից: Սա է գործիքը: Գնացել են, որ բուհերից արմատախիլ անեն բոլոր կուսակցական, խմբային, կոռուպցիոն եւ ենթակոռուպցիոն երեւոյթները, դրա համար մանդատ ենք ստացել»,- այսպիսի յայտարարութիւն արեց վարչապետ Նիկոլ Փաշինեանը իր վերջին առցանց ասուլիսում: Մինչդեռ 2018-ի ապրիլին յայտարարել էր, թէ՝ բուհերը պէտք է ապաքաղաքականացւեն ու որեւէ կուսակցական չպէտք է բուհ կառավարի:

    Aravot.am-ը ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ԱԺ գիտութեան, կրթութեան, մշակոյթի, սփիւռքի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերի յանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստեանին հարցրեց՝ Փաշինեա՞նը պէտք է որոշի ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահին, թէ՞ դրա համար հոգաբարձուների խորհուրդ կար ու խորհուրդը պէտք է որոշէր:

    Նա պատասխանեց. «Արդէն 3 տարի է՝ մենք հասկացել ենք, որ ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինեանը իրենց նախկին էութեան, իրենց հաստատումների, համոզումերի 180 աստիճանով խեղւած իրականութիւնն են պարտադրում հայ ժողովրդին: Աւելի քան տրագիկոմիկ էր Նիկոլ Փաշինեանի շուրթերից լսելը, թէ՝ Հայաստանի բրենդային պատկերը ժողովրդավարութիւնն է: Նրանք դեռ հաւատում են, որ Հայաստանը ժողովրդավարութեան բաստիոն է»:

    Երբ փոխանցեցինք՝ Գագիկ Մելքոնեանն ասում է՝ Բրիւսէլ են կանչում, մեզ մարդատեղ են դնում, նշանակում է՝ ժողովրդավար ենք՝ Գալստեանը արձագանգեց. «Չգիտեմ ինչպէս կառուցեմ խօսքս, որ անձնական վիրաւորանքի դաշտ չտանեմ, բայց պարոն Մելքոնեանին, որ յայտնւել է խորհրդարանում ՔՊ ցուցակով, երեւի ինչ-որ առիթով եւրոպական կառոյցների, արժեհամակարգերի, կանոնադրութիւնների նաեւ մեր անդամակցութեան վերաբերեալ որոշակի նիւթեր կը տամ ու կը հասկանայ, որ Երեւան-Բրիւսէլ, Երեւան-Ստրասբուրգ տոմսի գոյութիւնը, կամ նոյնիսկ ժողովրդավարութեան, պառլամենտարիզմի մայրաքաղաք Լոնդոն մեկնելը դեռ չի նշանակում, որ դու այդ ինստիտուտի բաժնեկից եւ ժողովրդավար ես»:

    Ինչ վերաբերում է բուհերի քաղաքականացմանը, Լիլիթ Գալստեանը նշեց, որ այս իշխանութիւնները «զոռբայութեամբ» «Կրթութեան մասին» օրէնքում փոփոխութիւնները բերեցին ու անցկացրեցին արագընթաց. «Բուհերի կառավարման թափանցիկ ու ժողովրդավարական մեխանիզմներ ունէինք: Ըստ էութեան, բուհերի կառավարման խորհուրդը դարձրեցին 5 եւ 3-ը նշանակւում են լիազօր մարմնի կողմից: Սա եւս զաւթման մասին է խօսում: Այն Փաշինեանը, որն իբրեւ ընդդիմադիր պատգամաւոր այստեղ բոցաշունչ ելոյթներ էր ունենում կրթութեան համակարգի քաղաքականացման եւ իշխող քաղաքական ուժերի ձեռք տակ պահելու մասին էր խօսում, այսօր ոչ միայն բուհերն են քաղաքականացւում Պապիկեանի, Տիգրան Աւինեանի նշանակումով: Այստեղ խօսում են բարոյականութեան մասին, բայց երկրորդ վայրկեանին հակառակն են ապացուցում: Գլխիվայր այսօր էլ շրջում են դպրոցի կառավարման մոդելը եւ, ըստ էութեան, նոյնը վերաբերում է դպրոցի տնօրէններին, այլեւս տնօրէնի համար նախատեսել են նշանակովիութեան ինստիտուտը: Հայաստանը դառնում է մէկ մարդու կամքից, քաղաքական քիմքից, արժեհամակարգից ու պատկերացումներից կախւած երեւոյթ»:

    Դիտարկմանը, որ իրենք էլ ձեզ են քննադատում, որ դպրոցների տնօրէններին կուսակցականացրել էիք, դուք էլ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն գործընկեր էիք՝ Լիլիթ Գալստեանը պատասխանեց. «Ներողութիւն, շատ յաճախ անպատասխանատու գնահատականներ ենք շպրտում: Եթէ հանրակրթութեան մէջ խնդիրներ կան, գնում ենք ամէն ինչ ոչնչացման ճանապարհով, չենք գնում լուծման ճանապարհով: Սրանք մերժումն ու ուրացումը բերեցին հաւասարեցրեցին: Նախ, վերջին իշխանութիւնների օրօք մենք ընդամէնը մէկ տարի եւ մի քանի ամիս ենք եղել իշխանութեան մաս, բայց դա չի նշանակում, որ ես մերժում եմ դա: Հայրասպանութեան վերածւող ուրացումի են գնացել սրանք՝ կուզի կրթական համակարգին վերաբերի, արտաքին քաղաքականութեանը, բանակին: Դրա համար ունենք պարտւած, նւաստացած, զգետնւած Հայաստանը, Եռաբլուրն է նրանց կնիքը: Տկլոր, սին մեղադրանքները երբեւէ տեսե՞լ էք, որ փաստերով ամրագրեն: Այո, ունեցել ենք խնդիրներ, 3 տարի դուք եկել էք Հայաստանը նորովի կառուցելու, բայց որտեղ ձեռք տւեցին, այնտեղ աւեր եւ քանդում»:

    Փոխանցեցինք՝ ՔՊ պատգամաւոր Յակոբ Ասլանեանն ասում է, որ Եռաբլուրը ձեր մեղքն է, քանդեցիք երկիրը՝ Լիլիթ Գալստեանը հակադարձեց. «Մենք պետականութիւն ենք կառուցել, մենք երկիր ու հայրենիք ենք ազատագրել, ՀՅԴ-ն մասնակցել է հայոց պետականաշինութեանը: Կարելի՞ է այդպէս մերկապարանոց յայտարարութիւն անել, ո՞նց արձագանգենք, ասենք՝ տգիտութիւն է, չեմ պատասխանում այդ տգէտ յայտարարութիւններին: Իսկապէս տգէտ է, ո՞նց կարելի է: Եւ այդ յայտարարողը պատմութեան ուսուցիչ է, ո՞նց կարելի է այդքան սնամէջ լինել»:

     

  • Արցախի Հանրապետութեան հռչակումը տեղի է ունեցել մինչեւ Ադրբեջանի կողմից իր անկախութեան հռչակումը
    Արցախի Հանրապետութեան հռչակումը տեղի է ունեցել մինչեւ Ադրբեջանի կողմից իր անկախութեան հռչակումը

    Lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

  • Թուրքիայի համար հիմա շատ կարեւոր է աշխարհում բարձրացնել իր հեղինակութիւնը
    Թուրքիայի համար հիմա շատ կարեւոր է աշխարհում բարձրացնել իր հեղինակութիւնը

    Նիկոլ Փաշինեանն իր առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը, ասել է, որ Հայաստանը երբեք Հայ Դատի քաղաքականութիւն չի վարել եւ որ երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել։ Վերջերս էլ Թուրքիան Հայաստանին հրաւիրել է Անթալիայի դիւանագիտական ֆորումին, իսկ Նիկոլ Փաշինեանը հնարաւոր համարեց, որ առաջարկը չեն մերժի։

  • ««Այս պահին առկայ օրակարգը միայն ի վնաս Հայաստանի է». դէ ֆակտօ իշխանութիւնները չեն պաշտպանում երկրի շահը». «Փաստ»
    ««Այս պահին առկայ օրակարգը միայն ի վնաս Հայաստանի է». դէ ֆակտօ իշխանութիւնները չեն պաշտպանում երկրի շահը». «Փաստ»

    Այսպէս կոչւած՝ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում «Կովկաս» ինստիտուտի փորձագէտ, քաղաքագէտ Հրանտ Միքայէլեանը միանգամից մի քանի կողմերի ներգրաււածութիւն է տեսնում:

  • «Փորձ է արւում մեղաւորի գտնել անցեալ եւ ապագայում անխուսափելի պարտութիւնների համար. ի՞նչ է նշանակում ՀՀ նախագահի հրաժարականը». Regnum  
    «Փորձ է արւում մեղաւորի գտնել անցեալ եւ ապագայում անխուսափելի պարտութիւնների համար. ի՞նչ է նշանակում ՀՀ նախագահի հրաժարականը». Regnum  

    Հայաստանի նախագահի հրաժարականի յայտարարութիւնը սենսացիա չդարձաւ: Իրական իշխանութիւնն ու լիազօրութիւնները մի քանի տարի է, ինչ պատկանում են կառավարութեանը, որը, չնայած ներքին քաղաքականութեան տապալումներին եւ անգամ 2020 թւականին պատերազմում կրած պարտութեանը, գլխաւորում է Նիկոլ Փաշինեանը: Այս մասին գրում է Regnum գործակալութեան յօդւածագիր Ալեքսանդր Սաւելեւը՝ վերլուծելով նախագահի հրաժարականի ենթատեքստը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։