Հա

Քաղաքական

07/12/2021 - 11:30

«Ադրբեջանը դա կարող է կոչել «Զանգեզուրի հիւրասենեակ» կամ «վերելակ», միայն թէ ստանայ իր ուզածը». քաղաքագէտ

«Լաւրովի պլանի», միջանցքային տրամաբանութեան, ադրբեջանցի զինւորականի ձեռքով արցախցի խաղաղ բնակչի սպանութեան եւ Բրիւսէլում կայանալիք հանդիպման մասին Yerkir.am-ը զրուցել է քաղաքագէտ Բենիամին Պօղոսեանի հետ։

«alikonline.ir» - «Լաւրովի պլանի», միջանցքային տրամաբանութեան, ադրբեջանցի զինւորականի ձեռքով արցախցի խաղաղ բնակչի սպանութեան եւ Բրիւսէլում կայանալիք հանդիպման մասին Yerkir.am-ը զրուցել է քաղաքագէտ Բենիամին Պօղոսեանի հետ։

 

- Պարո՛ն Պօղոսեան, դատարանի որոշմամբ ձերբակալւեց «Սիսական ջոկատի» հրամանատար Աշոտ Մինասեանը։ Այս նոյն ժամանակահատւածում կալանքի տակ են գտնւում Սիւնիքի համայնքապետերը։ Աշոտ Մինասեանը շատերի պնդմամբ քաղաքական հետապնդւողներից մէկն է, շատերի պնդմամբ՝ Ն. Փաշինեանի վախի արտայայտման գործօններից մէկը: Աշոտ Մինասեանի եւ Սիւնիքի համայնքապետերի կալանքի հետ կապւած ձեր դիտարկումները, արդեօ՞ք այս ամէնին քաղաքական հետապնդում անվանելը ճիշտ չէ։

- Ես, բնականաբար, իրաւական նրբութիւններին ծանօթ չեմ եւ այժմ որեւէ գնահատական չեմ կարող տալ (իհարկէ գիտեմ, որ մէկ տարի առաջ, կարծես թէ, Աշոտ Մինասեանի դէմ քրէական գործ կար յարուցւած նոյեմբերի 10-ից յետոյ տեղի ունեցած դէպքերից): Եթէ մի փոքր ամպերից կտրւենք եւ ընդհանուր վիճակը նայենք, ապա հասկանալի է, որ այն ինչ կատարւում է Սիւնիքում (այդ թւում՝ համայնքապետերի հետ կապւած), հասկանալի է, որ այս գործընթացները չեն կարող նպաստել Սիւնիքի պաշտպանողունակութեանը, եւ, ընդհանրապէս, Սիւնիքում դրական մթնոլորտի ձեւաւորմանը։ Ես գնահատականներ տալ չեմ կարող ո՛չ իրաւական, ո՛չ էլ քաղաքական տեսանկիւնից, սակայն, ես, որպէս անվտանգութեան մասնագէտ, կարող եմ ասել, որ այն ինչ հիմա կատարւում է Սիւնիքում, հաշւի առնելով նաեւ այն վտանգները, որոնք առկայ են Սիւնիքի մարզում, բնականաբար, այս ամէնը ցանկալի գործընթաց չէ։

 

- Աժ նախագահ Ալէն Սիմոնեանը ռուս լրագրողի հետ հանդիպման ժամանակ ասել էր, թէ Ղարաբաղի յանձնումը հնարաւոր էր մի քանի տարբերակով` ներառեալ «Լաւրովի պլանը»։ Պաշտօնական Ռուսաստանն էլ իր հերթին հերքեց Աժ նախագահի այդ յայտարարութիւնը։ Կը ցանկանայինք լսել Ձեր կարծիքը, եւ ինչի՞ է ձգտում հասնել այս իշխանութիւնը նման վարքագծի դրսեւորմամբ, արդեօ՞ք, իշխանութիւնները փորձում են հակառուսական նոր տրամադրութիւններ սերմանել հասարակութեան մէջ։

- Նախ մենք պէտք է հասկանանք, թէ ի՞նչ նկատի ունի Աժ նախագահը Ղարաբաղի յանձնում ասելով։ Եթէ մենք խօսում ենք այն տարբերակների մասին, որը ԵԱՀԿ Մինսկի խումբն էր առաջարկում (սկսած 2004 թւականից), սրան զուգահեռ կային ռուսական առաջարկներ. համենայն դէպս այդ առաջարկները երբեք չեն հրապարակւել, աւելին` ռուսական կողմը անընդհատ հերքում է այդ առաջարկների գոյութիւնը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկները, որոնք հրապարակւած են, իմա՝ այն, ինչ որ կար ըստ այդ առաջարկութիւնների, եւ այն իրավիճակը, ինչ մենք ունենք 2020 թ. նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ, որը ի դէպ ստորագրել է ՀՀ վարչապետը, դրանք իրարից, բնականաբար, տարբերւող փաստաթղթեր են։ Ասել, օրինակ, մենք Ղարաբաղը կարող էինք յանձնել` համաձայնելով Մինսկի խմբի համանախագահների կամ ռուսական առաջարկի, որը, ենթադրաբար, որոշակի տարրերով տարբերւում էր համանախագահների առաջարկից, սակայն ակնյայտօրէն շատ աւելի լաւ էր մեզ համար, քան իշխանութիւններն ինչին համաձայնւել են եւ ստորագրել։ Ստացւում է՝ մենք որոշել էինք չյանձնել Ղարաբաղը` հրաժարւելով այդ առաջարկներից, բայց փոխարէնը յանձնել ենք Ղարաբաղը՝ համաձայնւելով շատ աւելի վատ առաջարկի, այն էլ առնւազն 4000 զոհ տալուց յետոյ։ Հետեւբար, ասել, թէ մենք Արցախը չենք ուզել յանձնել, դրա համար են նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը ստորագրել, դա որեւէ տրամաբանութեան մէջ չի մտնում։

 

- Ճանապա՞րհ, թէ՞ միջանցք. Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակական պատկերացումները ինչպիսի՞ն են: Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կը գնա՞յ ռազմական էսկալացիայի «Զանգեզուրի միջանցքը» ստանալու համար։

- Եկէք տերմիններից կտրւէք` խօսելով բովանդակութեան մասին։ Ադրբեջանցիները ասում են միջանցք, բայց նրանք պատրաստ են ասել ցանկացած այլ բառ, եւ կարեւորը բովանդակութիւնն է։ Ադրբեջանն աւելի քան մէկ տարի է, ինչ ունի սեփական դիրքորոշումը. իրենք պէտք է Ադրբեջանից անցնեն Նախիջեւան, եւ հատեն Հայաստանի սահմանը երկու անգամ։ Ե՛ւ թէ երկու անգամ Հայաստանի տարածքը հատելիս, ե՛ւ թէ երթեւեկելիս՝ Հայաստանը չպէտք է իրականացնի մաքսային, սահմանային եւ անձնագրային հսկողութիւններ։ Սա Ադրբեջանի պահանջն է` բովանդակութեան մասով։ Հիմա ադրբեջանցիները մեզ ասում են՝ վախենում եք «միջանցք» բառից՝ եկէք անունը դնենք «հիւրասենեակ», եթէ «հիւրասենեակ» չէ, անունը դնենք «տարանցում», դա չէք ուզում՝ անունը կը դնենք «վերելակ»։ Մեզ համար պէտք է կարեւոր լինի բովանդակութիւնը, քանի որ Ադրբեջանը դա կարող է կոչել «Զանգեզուրի վելերակ», միայն թէ լինի այն բովանդակութիւնը, ինչ ինքն է ուզում։

Տերմինների շուրջ պատերազմը, որ մարդիկ ուզում են հասկանալ՝ ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը՝ «միջանցք» ասելով, ի՞նչ նկատի ունենք մենք, կամ, ընդհանրապէս, ի՞նչ է նշանակում «միջանցք». անիմաստ խօսակցութիւններ են, որովհետեւ Ադրբեջանը գիտի` ինչ է ուզում։ Իսկ ինչ վերաբերում է ռազմական էսկալացիային, ապա Ադրբեջանը ռազմական էսկալացիայի ոչ թէ կը գնայ, այլ արդէն գնում է. մայիսի 12-ից սկսած Ադրբեջանական զօրքերը մեր տարածքում են, եւ Արցախում վերջին ամիսներին ՀՀ քաղաքացիների են սպանել։ Ադրբեջանը, բացի այն, որ ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, այլեւ շարունակում է գրաււած պահել որոշ հատւածներ, այդ ընթացքում սպանել կամ գերեվարել է բազմաթիւ հայ զինծառայողների, բացի դրանից՝ Ադրբեջանը շարունակում է ՀՀ քաղաքացիների սպանութիւնը։ Ադրբեջանը սպանելու է, քանի դեռ իր պահանջը չի ստացել, այն է՝ առաջին` առանց մաքսային, սահմանային, անձնագրային վերահսկողութիւնների ճանապարհ Սիւնիքի մարզով, երկրորդ` Հայաստանը պէտք է ճանաչի Արցախը (պաշտօնապէս, ստորագրութեամբ) Ադրբեջանի կազմում։ Քանի այս երկու պահանջները չեն կատարւել Ադրբեջանը շարունակելու է ռազմական ճնշումները թէ՛ Հայաստանի տարածքում, թէ՛ ՀՀ քաղաքացիների սպանութիւնը` Արցախում։

 

- Ականատես եղանք, թէ ինչպէս ադրբեջանցի զինւորականի ձեռքով արցախցի խաղաղ բնակիչ սպանւեց։ Եվ այս մթնոլորտում Հայաստանի ներկայիս իշխանութիւնները շարունակում են հասարակութեանը նախապատրաստել ադրբեջանցիների հետ «խաղաղութեան դարաշրջանի» բացմանը։ Այս ամէնին զուգահեռ, մենք ականատես ենք լինում, թէ ինչպէս է Ալիեւը յոխորտում եւ ծաղրում հայերին միջազգային տարատեսակ հարթակներում, իսկ հայաստանեան իշխանութիւնները ոչ մի քայլ չեն ձեռնարկում՝ հակազդելու Ալիեւի սպառնալիքներին: Ինչո՞ւ են իշխանութիւնները լռում:

- Կը դժւարանամ այդ հարցին պատասխանել։ Մի բան յստակ է, որ ՀՀ քաղաքացիների սպանութիւնից յետոյ ՀՀ արձագանքն անբաւարար էր. որքան էլ ասէք, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ մենք կոչ ենք անում, որպէսզի իրականացւի հետաքննութիւն, եւ քաղաքացիներ չսպանւեն։ Սա, համարում եմ, անբաւարար։ Սա ոչինչ չասող յայտարարութիւն է։

Ինչ վերաբերում է խաղաղութեան դարաշրջանի բացմանը, ապա Ադրբեջանի դիրքորոշումը յստակ է՝ եթէ ցանկանում էք խաղաղութիւն, Արցախը ճանաչեցէք Ադրբեջանի մաս, իսկ քաղաքացիները կը շարունակեն ապրել Արցախում` ծառայելով ադրբեջանցիներին որպէս էժան աշխատուժ։ Ադրբեջանը նման խաղաղութեան պատրաստ է` Արցախի Հանրապետութիւն չկայ, կան ընդամենը Ադրբեջանի տարածքում ապրող մի քանի տասնեակ հազարաւոր էթնիկ հայեր։ Եթէ ՀՀ-ի համար այս տարբերակն ընդունելի է (առայժմ ամէն ինչ գնում է դրան, որովհետեւ հասկանալի է` եթէ ամէն ինչ շարունակւի զարգանալ ինչպէս մէկ տարում, նկատի ունեմ` այն, ինչ արւել է նոյեմբերի 10-ից յետոյ), ապա Արցախի հայերը շարունակելու են հեռանալ, որովհետեւ ապագան է անորոշ, եւ ֆիզիկական անվտանգութիւնը ամբողջութեամբ ապահովւած չէ։ Այս դէպքերը ցոյց են տալիս, որ որեւէ մէկը չունի երաշխիք, որ վաղն ինքը չի սպանւի։

 

- Ի՞նչ էինք մենք ակնկալում Սոչիի հանդիպումից որպէս պետութիւն եւ ժողովուրդ եւ ի՞նչ կարող ենք ակնկալել Բրիւսէլում կայանալիք հանդիպումից։

- Ճիշտն ասած, չգիտեմ` ինչ էինք ակնկալում Սոչիի հանդիպումից, բայց գիտեմ, որ Սոչիի հանդիպմանը մի բան կարող էր տեղի ունենալ. կա՛մ Հայաստանը գրաւոր կը համաձայնւէր Ադրբեջանի պահանջներին, կա՛մ կը համաձայնւէր պահանջներին բանաւոր, կա՛մ Հայաստանը չի համաձայնւել ո՛չ գրաւոր, ո՛չ բանաւոր։ Ադրբեջանի քայլերը Սոչիի հանդիպումից յետոյ ասում են, որ Ադրբեջանը ամբողջութեամբ չի ստացել այն, ինչ պէտք է ստանար։ Բրիւսէլեան հանդիպումից ինչ պէտք է սպասել, առնւազն ոչինչ։ Առնւազն չնչին քանակութեամբ գերիների վերադարձ, որի դիմաց Հայաստանը Ադրբեջանին կը տայ ականապատման քարտէզներ։

 

Լենա Կարապետեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։