Հա

Քաղաքական

07/12/2021 - 11:40

«Քանի սրանք կան, մեր հիասթափութիւնները կը լինեն շարունակական»․ Արթուր Մոսիեան

44-օրեայ պատերազմի, Արցախում ՀՅԴ դերակատարութեան, Արցախի ներքաղաքական իրավիճակի եւ հետագայ զարգացումների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանի հետ:

«alikonline.ir» - 44-օրեայ պատերազմի, Արցախում ՀՅԴ դերակատարութեան, Արցախի ներքաղաքական իրավիճակի եւ հետագայ զարգացումների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանի հետ:

 

- 44-օրեայ պատերազմից աւելի քան մէկ տարի է անցել: Վերլուծելով այն ժամանակւայ իրավիճակը՝ կարո՞ղ ենք ասել, որ պատերազմն անխուսափելի էր:

- Պատերազմից հնարաւոր էր խուսափել: Այն անխուսափելի են դարձրել ՀՀ իշխանութիւնները, որոնք իշխանափոխութիւնից յետոյ ամէն ինչ արեցին օր առաջ պատերազմը մօտեցնելու համար: Խօսքը վերաբերում է թէ ներքին եւ թէ արտաքին քաղաքականութեանը: Պատերազմը ցոյց տւեց, որ Հայաստանը փաստօրէն մենակ էր մնացել՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, հարեւան Իրանի հետ յարաբերութիւնների վատթարացման հետեւանքով: Յիշենք Նիկոլ Փաշինեանի արած յայտարարութիւնն այն մասին, որ մի օր հայ-իրանական սահմանը կարող է փակւել: Այսպիոսվ, ռազմավարական իմաստով մեր բոլոր դաշնակիցները, կամ այն պետութիւնները, որոնք տարածաշրջանում ունեն նոյն շահերը, Հայաստանի իշխանութեան ապիկար քաղաքականութեան հետեւանքով չէզոքացւել էին:

Ինչ վերաբերում է ներքին ճակատին, իշխանափոխութեան առաջին օրից շարժիչ ուժ դարձած ատելութիւնը շարունակւեց նաեւ հետագայ տարիներին: Հասարակութիւնը բաժանեցին «սեւերի եւ սպիտակների», «նախկինների ու ներկաների», սկսւեց «վհուկների որս» եւ, որպէս հետեւանք, ազգը պառակտւեց: Մենք յաղթանակի ենք հասել մեր ազգի միասնական ներուժն օգտագործելով: Նոյն իրավիճակն ստեղծւել էր բանակի ներսում. «կոռումպացւած գեներալներ», «զինւորի բաժին իւրացնողներ» պիտակաւորումներով փաստօրէն գլխատւել է բանակը:

Այսպիոսվ, պատերազմի նախօրեակին, 2.5-3 տարւայ ընթացքում այս հասարակութիւնն առաւելագոյնս պառակտւել է: Դժւար է ասել` դա գիտակցաբար վարւող քաղաքականութի՞ւն է, թէ՞ պարզապէս ապաշնորհութեան հետեւանք: Անմեղութեան կանխավարկածը յարգելով հանդերձ, պէտք է արձանագրել ՀՀ իշխանութիւնների հետեւեալ քայլերը՝ ազգի պառակտում, եկեղեցու, ազգային կուսակցութիւնների, ազգային մտածելակերպի նկատմամբ հալածանք: Այս քաղաքականութիւնը գիտակցւած դաւադրութիւն է յիշեցնում:

Վերջին հաշւով, փաստերը վկայում են, որ պատերազմից կարելի էր խուսափել երկիրը միասնական պահելու, բանակը զօրացնելու, հաւասարակշռւած արտաքին ու ներքին քաղաքականութիւն վարելու դէպքում:

 

- Պատերազմի օրերին ԱԺ պատգամաւորներն ամենօրեայ ռեժիմով կատարւող իրադարձութիւնների մասին հաղորդումներ էին ստանում ԱՀ նախագահից: Այդ օրերին ձեռնարկւած միջոցառումները համարժէ՞ք էին տիրող իրավիճակին:

- Ոչ, համարժէք չէին տիրող իրավիճակին: Թէկուզ այն փաստը, որ պատերազմի հէնց առաջին օրը պէտք է ստեղծւէր պարետատուն, որը գործի դրւեց պատերազմից միայն 20 օր յետոյ: ԱՀ նախագահը ժամանակ առ ժամանակ այցելում էր Ազգային ժողով եւ տեղեկութիւններ հաղորդում, սակայն շատ դէպքերում դրանք իրականութեանը չէին համապատասխանում: Մենք ռազմաճակատից ուղղակի ստացւած տեղեկութիւններ ունէինք, տեսնում էինք, որ իրավիճակն օր օրի վատթարանում էր: Նաեւ պէտք է յիշեցնել, որ պատերազմի օրերին ՀՀ կառավարութեան «միսիոներները» ԱՀ նախագահի մօտ կարծես հերթապահութիւն էին սահմանել եւ, փաստօրէն, սահմանափակել «Նիկոլի գծից շեղման» հնարաւորութիւնը:

Մենք մի քանի անգամ փորձեցինք խորհրդարանական հարթակն օգտագործելով հանդիպել ՀՀ ղեկավարութեան հետ: Այդ ընթացքում պարզւեց, որ Արցախի իշխանութիւնները, յատկապէս գործադիր իշխանութեան մասով, լայն լիազօրութիւններ չունեն: Բայց այդ փորձերը յաջողութիւն չունեցան:

 

- Արցախեան առաջին պատերազմում ՀՅԴ-ն առանցքային դերակատութիւն ունէր Արցախում եւ Հայաստանում, իսկ վերջին պատերազմի ժամանակ ընդդիմութեան կարգավիճակում էր: Որպէս առաջին պատերազմի յաղթանակին նպաստած կուսակցութիւն` այս անգամ ինչպէ՞ս է օգտագործւել ՀՅԴ-ի ներուժը:

- Ոչ միայն ՀՅԴ-ի, այլեւ ողջ հայ ազգի ներուժը համապատասխան ձեւով չի օգտագործւել: Դրան նպաստել են նաեւ իմ յիշատակած բաժանարար գծերը, որ վերջին երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը ներդրել էր: Բայց, չնայած դրան, ի տարբերութիւն իշխանութիւնների, հայութիւնն ինչքան հնարաւոր էր` համախմբւել էր:

Ինչ վերաբերում է Դաշնակցութեանը, ապա նրա գործունէութիւնը պատերազմի օրերին կարելի է բաժանել երկու մասի՝ ռազմական ու քաղաքական: Հասկանալի է, որ Արցախի կառոյցը Պաշտպանութեան բանակից առանձին չի գործել, եւ մեր ընկերները ՊԲ-ի շարքերում եւ նրա կողքին կատարել են իրենց քաղաքացիական պարտքը: 44-օրեայ պատերազմի օրերին Արցախի կառոյցից 5 կուսակցական ու մէկ տասնեակից աւելի համակիր ընկերներ են նահատակւել: Իսկ ՀՅԴ Հայաստանի կառոյցը «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան միջոցով վաշտեր է մարզել եւ ուղարկել ռազմաճակատ: 500 հոգուց բաղկացած այդ գումարտակը կատաղի մարտեր է մղել Արցախի հիւսիսային հատւածներում, յետ մղել թշնամու յարձակումները, հակայարձակման շնորհիւ ազատագրել ռազմավարական մեծ նշանակութիւն ունեցող բարձունք: Ցաւօք, կամաւորական գումարտակը եւս ծանր կորուստներ ունեցաւ:

Քաղաքական առումով, ՀՅԴ-ն Հայ Դատի գրասենեակների եւ երիտասարդական միութիւնների միջոցով իրազեկման ակցիաներ, ցոյցեր է կազմակերպել Սփիւռքում՝ նպատակ ունենալով ի ցոյց դնել ագրեսոր կողմի գործողութիւնները: Դրան զուգահեռ, Դաշնակցութեան ուղեկից գրասենեակները հարիւրաւոր նամակներ են յղել միջազգային տարբեր շրջանակների՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ միջազգային հանրութեան մօտ պարզաբանելով Ադրբեջանի ոճրագործութիւնները:

Կարելի է ասել, որ ինչպէս Արցախեան առաջին պատերազմի, այնպէս էլ 44-օրեայ պատերազմի օրերին ՀՅԴ-ն իր ամբողջ ներուժն է զօրաշարժի ենթարկել: Սակայն ելակէտային պայմաններն անբաւարար էին, եւ ՀՅԴ-ն պետական մակարդակով որոշումների կայացմանը չէր մասնակցում:

 

- Դուք Ձեր հարցազրոյցներում նշե էք, որ իշխանութիւնները սոցիալական անեսթեզիայի տակ են պահում ժողովրդին: Սոցիալական ծրագրերը առաջնային չէ՞ք համարում:

- Սոցիալական ծրագրերը միշտ էլ կարեւոր են, մանաւանդ` յետպատերազմեան շրջանում, երբ երկրում հումանիտար աղէտ է տիրում: Սակայն առաջնային այլ մարտահրաւէրներ են կանգնած Արցախի առաջ: Ամենաառաջինն անվտանգութիւնն է, երկրորդը՝ կարգավիճակի հարցը: Արցախի Պաշտպանութեան բանակը եւ ռուս խաղաղապահներն այսօր ապահովում են մեր անվտանգութիւնը: Մենք պէտք է կարողանանք կարճ ժամկէտում վերականգնել Պաշտպանութեան բանակը: Մեր խորին համոզմամբ, Արցախի զինւած ուժերն են, որ կարող են եւ պէտք է իրական անվտանգութիւն ապահովեն, սակայն այս ուղղութեամբ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկւում:

Իհարկէ, կարեւոր է բռնի տեղահանւածների եւ պատերազմից տուժած միւս քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծումը, բայց պետական համակարգի ողջ ներուժը կենտրոնացնել դրա վրայ` չվարելով արտաքին քաղաքականութիւն, հոգ չտանելով անվտանգութեան մասին, հեռանկարային չէ:

 

- Ինչպէ՞ս է հնարաւոր Արցախը ու Հայաստանը նորից վերածել տարածաշրջանային գործօնի:

- Մեզ միասնականութիւն է անհրաժեշտ: Նախ` ազգին պարտութեան հասցրած ուժերը պէտք է հեռանան, որպէսզի ժողովուրդը կարողանայ մէջքն ուղղել: Պէտք է իրական, քննիչ յանձնաժողով ստեղծւի՝ ոչ այս իշխանութիւնների կողմից: Պատերազմի օրերին եւ դրանից յետոյ ծագած առեղծւածային հարցերին պէտք է յստակ պատասխան տրւի: Մեղաւորները պէտք է պատժւեն, «Հայկական Նիւրնբերգ» պէտք է լինի, որից յետոյ միասնական մթնոլորտում հնարաւոր կը լինի բոլոր հարցերը լուծել:

Արցախը հայութեան միասնութեան խորհրդանիշն է՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան առանցքային մասնիկը: Այս պատերազմում ոչ միայն Արցախը, այլ ամբողջ հայ ազգն է պարտւել եւ, հետեւաբար, շատ կարեւոր է այդ պարտութեան պատճառների ուսումնասիրումը, հետաքննութիւնը ու իրական պատկերը ներկայացնելը: Միայն այդ դէպքում կարելի կը լինի վերականգնել եռամիասնութեան գաղափարը, իսկ այս եռամիասնութեամբ է, որ Հայաստանն ու Արցախը կարող են դառնալ տարածաշրջանային գործօն: Դրա համար քրտնաջան աշխատանք է պէտք, որի համար քիչ ժամանակ ունենք:

 

- Նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը որակւում է որպէս կապիտուլեացիայի ակտ: Դուք ինչպէ՞ս էք գնահատում այն եւ ի՞նչ կանխատեսումներ ունէք: Արդեօ՞ք մեզ առաւել ծանր պայմաններով նոր փաստաթղթի ստորագրում է սպասւում:

- Քանի դեռ այս իշխանութիւնը Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ գոյութիւն ունի, մեզ ամէն օր, ամէն ժամ նորանոր պարտութիւններ ու կապիտուլեացիայի ակտեր են սպասւում: Պատերազմից մէկ տարի է անցել եւ գործուն քայլեր չեն ձեռնարկւել սահմանների ամրապնդման եւ բանակի հզօրացման համար: Իշխանութիւնները սեփական մեղքը եւ ապիկարութիւնը թաքցնելու համար զբաղւած են մեղաւորների փնտրտուքով: Քանի սրանք կան, մեր հիասթափութիւնները կը լինեն շարունակական: Դրանք կարող են դրսեւորւել թէ բանաւոր պայմանաւորւածութիւններով եւ թէ գործնականում ոչինչ չանելով ու յղումներ անելով խորհրդային ժամանակների ինչ-որ քարտէզների: Դրանք բոլորն անձնատւութեան դրսեւորումներ են:

 

- «Արցախն ու ՀՅԴ-ն բնական դաշնակիցներ են»: Այս գաղափարը տարիներ շարունակ հնչեցւել է Դաշնակցութեան մամուլում եւ պատասխանատու անձանց կողմից: Արդեօ՞ք այն ներկայումս արդիական է, եւ ինչպէ՞ս կը մեկնաբանէք դա ընդդիմադիր դիրքերից հանդէս եկող ՀՅԴ-ի պարագայում:

- Ընդդիմադիր դաշտում, թէ իշխանութեան մէջ Դաշնակցութիւնը միշտ էլ հանդէս է եկել պետականամէտ դիրքերից: Հնարաւոր է Դաշնակցութիւնն իշխանութեան կողքին չլինի, բայց միշտ պետութեան կողքին է: Վերջին պատերազմը ցոյց տւեց, որ ՀՀ իշխանութիւնները պետութեան եւ բանակի կողքին չեն:

Ինչ վերաբերում է «Արցախն ու ՀՅԴ-ն բնական դաշնակիցներ են» գաղափարին, պէտք է ասել, որ սրանք լոկ խօսքեր կամ գեղեցիկ բառերի շարան չեն: Պատահական չէ, որ մեր ծրագիրը եւ Արցախի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ընթացքում արծարծւող մօտեցումները նոյն գաղափարական ելակէտներից են բխում: Հնարաւոր է ինչ-որ ժամանակահատւածում Դաշնակցութեան ազդեցութիւնն աւելանայ կամ նւազի, սակայն դրանից էութիւնը չի փոխւում: Այս գաղափարական զուգակցումն արտացոլւում է Արցախի պետական համակարգում Դաշնակցութեան չընդհատւող ներկայութեամբ: Այստեղ մէկ անգամ եւս ցանկանում եմ շեշտել՝ կարեւոր չէ Դաշնակցութիւնն իշխանութեան մաս է, թէ ընդդիմութիւն, առանցքային պետական հարցերում Դաշնակցութեան կշիռն ու դերակատարութիւնը միշտ էլ զգացւել է:

 

- Պատերազմից յետոյ ինչպիսի՞ն է ՀՅԴ-ի տեսլականը Արցախեան հիմնահարցի լուծման առումով:

- Մեր դիտանկիւնից` պետութեան դերն այս պայմաններում աւելի շեշտակի է դառնում: Պետութիւնը պէտք է ժողովրդին հաւատ ներշնչի, որպէսզի վերջինս կարողանայ ուղղել իր ծռւած մէջքը, պէտք է բանակը զօրացւի: Ամէն ինչ պէտք է անել, որ Արցախը չհայաթափւի: Արցախցին պէտք է մնայ Արցախում՝ անկախ Ադրբեջանի կողմից գործադրւող հոգեբանական եւ այլ ճնշումների: Մենք սրանից աւելի վատ պայմանների ենք դիմագրաւել եւ պէտք է պատրաստ լինենք նոր դժւարութիւնների յաղթահարմանը, մինչեւ հարցի վերջնական լուծումը:

Պէտք է շարունակել ապրել, արարել Արցախում: Իսկ սրան զուգահեռ` կարեւոր պայման է նաեւ սոցիալական արդարութեան հաստատումը: Իսկ արտաքին քաղաքականութեան հիմնական առանցքը պէտք է դառնայ Արցախի անկախութեան ճանաչումը: Մեր պետականութեան հիմնասիւնը պէտք է ամուր պահել, դա մեր ինքնորոշման իրաւունքի իրացումն է, որն արտացոլւել է անկախութեան կամքի դրսեւորմամբ` հանրաքւէի միջոցով եւ սրբադասւել մեր զոհերի արեամբ:

Մեր համոզմամբ` աւելի քան 30 տարիների ընթացքում մեր հայրերի, եղբայրների, քոյրերի եւ զաւակների թափած արիւնն ու քրտինքը մեր պետականութեան գոյութեամբ է իմաստաւորւում: Ամէն գնով պէտք է պահպանւի Արցախի անկախութիւնը: Սրանում պէտք է համոզւած լինի Արցախի քաղաքացին, Հայաստանի քաղաքացին եւ համայն հայութիւնը:

 

Հարցազրոյցը՝ Տաթեւիկ Աղաջանեանի

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։