Հա

Քաղաքական

07/12/2021 - 12:35

«Սահմանազատման ու սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կը վնասեն Արցախին». Սէյրան Օհանեան

«Սահմանագծման եւ սահմանազատման այս զգայուն հարցը պէտք է բաց քննարկւի, իշխանութիւնը խուսափում է հրապարակային դարձնել այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում»,- Ազգային ժողովում ասաց «Սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրների մասին» յայտարարութեան նախագծի հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը։

«alikonline.ir» - «Սահմանագծման եւ սահմանազատման այս զգայուն հարցը պէտք է բաց քննարկւի, իշխանութիւնը խուսափում է հրապարակային դարձնել այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում»,- Ազգային ժողովում ասաց «Սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրների մասին» յայտարարութեան նախագծի հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը։

Նա նշեց, որ պայմանաւորւածութիւնների մասին իմանում են կատարւած փաստերից յետոյ։

«Թուրք-ադրբեջանական ագրեսիան, Արցախի տարածքների բռնազաւթումը, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներ ներխուժումը, փաստացի միակողմանի սահմանագծման եւ սահմանազատման գործողութիւնները Հայաստանի ինքնիշխանութեան կորստի եւ Արցախի իր իսկ պատմական տարածքում միջազգային իրաւունքով ինքնորշմանը եւ գոյութեանը լուրջ սպառնալիք են։ Իշխանութիւնն ամէն ինչ անում էր, որպէսզի կարեւոր եւ զգայուն սահմանագծում եւ սահմանազատում հիմնախնդիրների քննարկումն ամէն կերպ փակ ֆորմատով կազմակերպւէր եւ դրա ընթացքում ներկայացւած խմբագրւած յայտարարութեան տարբերակին որեւէ նոր առաջարկութիւն չտալով՝ դէմ քւէարկեց»,- ասաց Ս. Օհանեանը։ 

Նա նշեց, որ, ըստ էութեան, իրենք յայտարարութեամբ պահանջում են՝ գնահատական թուրք-ադրբեջանական ագրեսիային, պահանջում են բոլոր պայմանաւորւածութիւնները կատարել ՀՀ գործող օրէնսդրական ընթացակարգերի համաձայն, սահմանազատման ու սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կը վնասեն Արցախին, նաեւ պետութեան անվտանգութեան ազգային եւ միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով բանակն արագ վերականգնել, սահմաններն ամրապնդել, յստակեցնել, կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ յարաբերութիւնները։

«Յայտարարութիւնը մեր շահերի մասին է»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցութեան ղեկավարը։
Գլխադասային արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի անդամ, նախագծի յարակից զեկուցող Մարիա Կարապետեանն ասաց, որ յանձնաժողովը քննարկել է սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդրի վերաբերեալ «Հայաստան» խմբակցութեան յայտարարութեան նախագիծն ու տւել բացասական եզրակացութիւն։

Նա նշեց, որ այս յայտարարութիան նախագիծն ընդդիմադիր խմբակցութեան յայտարարութիւն է, ընդդիմադիր դիրքրոշումները, բնականաբար, կառավարող խմբակցութիւնը չի կիսում։

«Յայտարարութիւնը փորձ է անվստահութիւն յայտնել ՀՀ կառավարութեանը բանակցութիւններում, մասնաւորապէս սահմանագծման եւ սահմանազատման հարցում պետութեան եւ ժողովրդի շահերը առաջ մղելու պատրաստակամութեան վերաբերեալ»,- ասաց ՔՊ-ական պատգամաւորը։

Նրա խօսքով, յանձնաժողովը կարծում է, որ սահմանազատման եւ սահմանագծման օրակարգը ոչ թէ պէտք է փոխկապակցել ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացի հետ, այլ տարանջատել։

«Հայաստանն ունի ինքնիշխան տարածք եւ այն պէտք է պաշտպանւի, այդ թւում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի միջոցով։ Կարեւոր է նաեւ ի նկատի ունենալ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահութիւնն է եւ կրկին Հայաստանի եւ Արցախի շահերից չի բխում եռանախագահութեան ներքոյ քննարկւելիք հարցերը տեղափոխել կամ փոխկապակցել սահմանազատման եւ սահմանագծման օրակարգի հետ»,- ասաց Մ. Կարապետեանը։

Ս. Օհանեանն արձագանգեց, որ յայտարարութեան մէջ որեւէ անվստահութիւն չկայ կառավարութեանը, ընդհակառակը՝ փորձում է բարձրացնել ԱԺ վերահսկողական խորհրդարանական մեխանիզմների իրականացումը, պահանջում է այսօրւայ իշխանութիւնները, որոնք, իրօք, գտնւում են անվստահութեան այսպիսի իրավիճակում, իրականացնեն գործողութիւններ, որոնք դէմ չեն Հայաստանի օրէնսդրութեանը եւ ԱԺ հաշւետւութեանը, գոյութեան ունեցող ընթացակարգերին։

«Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանն ասաց, որ այս յայտարարութեան շուրջ լսումներ են կազմակերպւել, լսել են հասարակական, հանրային, քաղաքական, մտաւոր, գիտական հատւածի ներկայացուցիչների առաջարկները։
«Ցաւում եմ, որ ներկայացւած հակափաստարկը՝ իբր թէ փակ ռեժիմով անցկացնել, հիմք է հանդիսանում ընդհանրապէս նախագիծն օրակարգ չներառելու կառավարող խմբակցութեան տեսակէտն արտաբերելու համար։

Բայց նախորդ քւէարկութիւնը, ինչպէս նաեւ հրատապ թեմային նման մօտեցումը, ցոյց է տալիս, որ կառավարող ուժը պատրաստ չէ բաց, հանրային, հրապարակային առանձին դէպքերում նաեւ փակ քննարկումներ իրականացնելուն»,- ասաց Ա. Մինասեանը։

Նախքան նախագծի քւէարկութիւնը, «Հայաստան» խմբակցութիւնը 20 րոպէ ընդմիջում առաջարկեց։

Ընդմիջումից յետոյ տեղի ունեցաւ քւէարկութիւն, 28 կողմ, 0 դէմ, 1 ձեռնպահ ձայների յարաբերակցութեամբ յայտարարութեան նախագիծը չընդունւեց։

Արծւիկ Մինասեանն ասաց, որ նկատի ունենալով այս քւէարկութիւնը, այսօր իսկ նախագծի լրամշակւած տարբերակը դրւելու է շրջանառութեան մէջ եւ դեկտեմբերի 14-ին ժամը 12։00-ին պատգամաւորների առնւազն մէկ քառորդի ստորագրութեամբ առաջարկելու են արտահերթ նիստ այս նոյն օրակարագով։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։