Հա

Քաղաքական

19/12/2021 - 10:50

«Եթէ Հայաստանն իր ենթակառուցւածքները զարգացնի, կարող է Իրանի համար տարանցման ուղի լինել». իրանագէտ

«Հետք»-ի հարցերին պատասխանում է իրանագէտ Գարիկ Միսակեանը:

«alikonline.ir» - «Հետք»-ի հարցերին պատասխանում է իրանագէտ Գարիկ Միսակեանը:

 

- Պարոն Միսակեան, իրանական լրատւամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ Իրանը Պարսից ծոցից դէպի Եւրոպա դուրս գալու «Հիւսիս-հարաւ» ծրագրի համար, որը պէտք է օգտագործէր Հայաստանի ճանապարհները, դիտարկում է այլընտրանքային տարբերակ՝ Ադրբեջանի տարածքը։ Նկատի ունենալով Կապան-Աղւանի-Տաթեւ վերանորոգւած հատւածը՝ նշւում էր, որ Հայաստանի լեռնային ճանապարհներն անյարմարութիւններ են առաջացնում։ Փաստօրէն, Գորիս-Կապան ճանապարհի մի հատւածը վերահսկելով՝ ադրբեջանցիները ոչ միայն տուրքեր են գանձում իրանցի վարորդներից, այլեւ հեռանկարում Իրանին դրդում օգտւել իրենց ճանապարհներից։

- Վերջին դիտարկումը բաւականին իրաւացի է։ Նախ յիշատակենք, որ լրատւամիջոցների տարածած լուրերի համաձայն՝ 1 միլիոն դոլարից աւելի տուրքեր են գանձել։ Երկրորդը՝ դա օգտագործեցին նաեւ որպէս աշխարհաքաղաքական գործիք՝ ազդելու Իրանի հիւսիսային տարանցման վրայ։ Ի՞նչն է խնդիրը, որ Իրանը դեռեւս չի կարողանում օգտւել Հայաստանի ճանապարհներից։ Բաւականին շատ տեսանիւթեր, յայտարարութիւններ եղան վարորդների կողմից, նաեւ իրանական դաշտում սոցիալական ցանցերում նկատում էին, որ Տաթեւի, այսպէս կոչւած, այլընտրանքային ճանապարհը բաւականին դժւարանցանելի է յատկապէս եղանակային վատ պայմանների դէպքում։ Եւ իրանցի վարորդները բաւականին մեծ խնդիրներ էին ունենում այդ տարածքով անցնելիս։

Եթէ վերադառնանք իրանական լրատւամիջոցներում եղած յայտարարութիւններին, ապա նախ պէտք է նշել, որ դա ճանապարհային նախարարութեան բաժիններից մէկի ղեկավարի յայտարարութիւնն էր, այսինքն՝ ոչ այդքան բարձրաստիճան պաշտօնեայի, սակայն միւս կողմից փաստ է, որ իրանական կողմը նաեւ Ադրբեջանի ճանապարհներից է օգտւում հիւսիսային տարանցման համար։ Սակայն իրանական կողմը երբեք մի պետութեան տարածքով չի կառուցում իր ռազմավարական նշանակութիւն ունեցող խնդիրները, այսինքն՝ Իրանը դեռեւս նայում է Հայաստանին որպէս հիւսիսային տարանցման ուղիներից մէկի։ Բայց Հայաստանի ենթակառուցւածքների շինարարութիւնը պէտք է աւարտւի՝ ե՛ւ «Հիւսիս-հարաւ» ամբողջական մայրուղու, ե՛ւ Սիւնիքի հատւածի հետ տեղի ունեցող խնդիրների լուծում պէտք է լինի հայկական կողմից, որպէսզի նաեւ սպասելի լինի Իրանի կողմից տարանցման ուղու փոխադրումը դէպի հայկական տարածք։ Եթէ Հայաստանն իր ենթակառուցւածքները բաւականաչափ զարգացնի, կարող է նաեւ լինել որպէս տարանցման ուղի։

 

- Այսինքն՝ դեռ ամէն բան կորած չէ։

- Կարծում եմ՝ երբեք ամէն ինչ կորած չէ՝ հաշւի առնելով իրանական քաղաքականութիւնը, երբ փորձում են համագործակցել բոլորի հետ՝ հաշւի առնելով նաեւ Ադրբեջանի հետ Իրանի խնդիրները եւ վերջին շրջանում դրանց սառեցումը, բայց ոչ յաղթահարումը, վաղ թէ ուշ որոշակի լարւածութիւն հնարաւոր է։ Եւ եթէ Հայաստանն ապահովի բաւականաչափ հնարաւորութիւններ Իրանի համար, ապա, կարծում եմ, Իրանում կը գերադասեն այդ տարանցումն անցկացնել Հայաստանով, այլ ոչ թէ Ադրբեջանով։

 

- Սկզբում իրանցի վարորդները բաւականին դժգոհ էին ադրբեջանցիների կողմից գանձւող տուրքերից, սակայն հիմա տեսնում ենք, որ նրանք նախընտրում են հէնց Կապան-Գորիս ճանապարհը թէկուզ գումար վճարելով։ Ադրբեջանական կողմը յայտարարել էր, թէ 1.2 մլն դոլար է հաւաքւել այդ վճարներից։ Ինչպէ՞ս է Իրանում ընկալւում այս նոր իրողութիւնը։

- Իրանում միանշանակ դրական չի ընկալւում, եւ հէնց սա է պատճառներից մէկը, որ իրանցի վարորդները նաեւ որոշակի փուլում գերադասում են կամ գերադասելու են անցնել հէնց Ադրբեջանի բուն տարածքով, որպէսզի յաւելեալ մաքսատուրքեր չվճարեն, այսինքն՝ մի մաքսատուրքով անցնեն։ Իսկ թէ ինչու են օգտւում Գորիս-Կապան ճանապարհից, նշեցի, որ եղանակային եւ ճանապարհային պայմաններից ելնելով՝ այդ ճանապարհից օգտւելն աւելի հեշտ է իրանցի վարորդների համար, քան Տաթեւի այլընտրանքային ճանապարհն օգտագործելը։ Բազմաթիւ են սոցիալական ցանցերում յայտարարութիւնները, որ Տաթեւի ճանապարհը գրեթէ անանցանելի է լինում մեծ բեռնատարների համար։

 

- Իսկ գործող իշխանութիւնների օրօք հնարաւոր համարո՞ւմ էք «Հիւսիս-հարաւ» ծրագրի գործարկումը։

- Գործող իշխանութիւնների եւ ընդհանրապէս մեր տարածաշրջանում կանխատեսումներից խուսափենք։ Բայց փաստը ցոյց է տալիս, որ դեռեւս որեւէ լուրջ առաջխաղացում չենք տեսնում «Հիւսիս-հարաւ» մայրուղու շինարարութեան ոլորտում։

 

- Բաքւում Իսրայէլի դեսպանութիւնը վերջերս շնորհակալութիւն էր յայտնել Ադրբեջանի անվտանգութեան ուժերին, որոնց հետ համատեղ վարժանքներ էին անցկացւել։ Իրանում լաւ գիտեն Իսրայէլ-Ադրբեջան համագործակցութեան մասին, բայց ամէն նոր իրադարձութիւն հավանաբար ջղաձգումներով է ընկալւում Թեհրանում։ Ի՞նչ արձագանքներ եղան այս անգամ։

- Իրանում Իսրայէլը մշտապէս կարմիր գիծ է համարւում, այսինքն՝ ցանկացած պետութեան համագործակցութիւն Իսրայէլի հետ բացասաբար է ընկալւում Իրանում։ Եւ այնտեղ երկար ժամանակ գիտակցում են Ադրբեջանի եւ Իսրայէլի ռազմավարական համագործակցութեան խնդիրը, սակայն ներկայ փուլում, կարծես թէ, ուշադրութիւն այնքան չի դարձւում դրան կամ հրապարակայնօրէն չի դարձւում։ Դա կարող է կախւած լինել երկու հանգամանքից՝ նախ հնարաւոր է, որ Ալիեւի եւ Ռէյիսիի հանդիպումների ընթացքում եւ այն աշխատանքի ընթացքում, որն ադրբեջանական հանրապետութիւնն է իրականացնում Իրանի հետ, Իրանին տրւել են որոշակի խոստումներ, որոնք որոշ չափով բաւարարել են Իրանին, եւ երկրորդ՝ ներկայ պահին Իրանը Վիեննայում բաւականին լուրջ բանակցութիւնների փուլում է։ Կարծես թէ, բոլոր հակամարտութիւնները հարեւանների հետ զրոյականի է հասցրել, որպէսզի իր համար առաջնային խնդիրը լուծի, յետոյ արդէն կենտրոնանայ հարեւանների հետ յարաբերութիւնների վրայ։ Ի յաւելում սրա՝ ադրբեջանական կողմը, կարծես, գիտակցելով Իրանի տնտեսական խնդիրները, վերջին շրջանում մի քանի տնտեսական առաջարկներ է արել Իրանին, որով, կարելի է ասել, որոշ չափով կոմպենսացրել է իր համագործակցութիւնը Իսրայէլի եւ հակաիրանական Թուրքիայի հետ ու որոշակի ժամանակահատվածում կասեցրել է նաեւ Իրանում հակաադրբեջանական գործողութիւնները։

 

- Առհասարակ տարածաշրջանում իրավիճակն ինչպէ՞ս էք գնահատում։

- Մեր տարածաշրջանում ընդհանուր իրավիճակը մնում է լարւած նոյնիսկ արցախեան պատերազմից յետոյ, չնայած խօսւում է խաղաղութիւնից, բայց տեսնում ենք, որ թշնամական տրամադրւած մեր հարեւանները այդքան էլ տրամադրւած չեն որեւէ խաղաղութեան, հակառակը՝ միշտ ծաւալապաշտական քաղաքականութիւն են որդեգրում։ Կարծում եմ՝ նման հարեւանների հետ խաղաղութիւնը մի քիչ անիրատեսական գործընթաց է լինելու։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։