Հա

Քաղաքական

02/01/2022 - 12:05

«ԱՄՆ-ի հայկական լոբբին կարող է երես թեքել Հայաստանի իշխանութիւններից». Բալասանեան

2021 թւականը հայ-ամերիկեան յարաբերութիւնների տեսանկիւնից առանձնապէս ոչնչով աչքի չընկաւ, ինչն ունի իր պատճառները, որովհետեւ ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ տեղի ունեցած գործընթացներին գրեթէ չէր մասնակցում, Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց միջազգայնագէտ Գրիգոր Բալասանեանը։

«alikonline.ir» - ԵՊՀ միջազգային յարաբերութիւնների եւ դիւանագիտութեան ամբիոնի դոցենտ, միջազգայնագէտ Գրիգոր Բալասանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 2021 թ. հայ-ամերիկեան յարաբերութիւններին։

2021 թւականը հայ-ամերիկեան յարաբերութիւնների տեսանկիւնից առանձնապէս ոչնչով աչքի չընկաւ, ինչն ունի իր պատճառները, որովհետեւ ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ տեղի ունեցած գործընթացներին գրեթէ չէր մասնակցում, Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց միջազգայնագէտ Գրիգոր Բալասանեանը։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի մամլոյ խօսնակի յայտարարութեանը, ըստ որի` ԱՄՆ-ի հայկական լոբբին շուտով կը փլուզւի, քանի որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսում է յարաբերութիւնների կարգաւորման գործընթաց, Բալասանեանն ընդգծեց, որ թուրքական տարբեր տրամաչափի պաշտօնեաները միշտ էլ ցանկալին փորձել են մատուցել իրականութեան տեղ, ու նման բան չի կարող լինել։

«Նման ճգնաժամ կար նաեւ 1990-ական թւականների սկզբին, սակայն այդ ժամանակ էլ հայկական լոբբին ապրեց ու զարգացաւ, պարզապէս վերջին իրադարձութիւնների ֆոնին ԱՄՆ-ի հայկական լոբբին կարող է պարզապէս երես թեքել ՀՀ իշխանութիւններից` ինքնուրոյնաբար շարունակելով ազգապահպան գործունէութիւնն ու հայկական պահանջատիրութիւնը, ինչպէս նաեւ կապ չունենալ Վաշինգտոնում գործող ՀՀ դեսպանութեան եւ Լոս Անջելէսում տեղակայւած գլխաւոր հիւպատոսութեան հետ։ Այդ դէպքում մեր դիւանագիտական կառոյցները կը զրկւեն այն կապերից ու հնարաւորութիւններից, որոնք կարող էին օգտագործել հայ-ամերիկեան յարաբերութիւնները զարգացնելու համար»,- նշեց միջազգայնագէտը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Ջօ Բայդէնի ստորագրած Ազգային պաշտպանութեան օրէնքին, որում դրոյթներ կան արցախեան 44-օրեայ պատերազմում Թուրքիայի եւ Ադրբեջանի յանցագործութիւնների վերաբերեալ, Բալասանեանն ընդգծեց, որ այդ փաստաթուղթը չի կարող օգտագործւել որպէս գործնական լծակ, այն հերթապահ որոշումների շարքից է, որով Միացեալ Նահանգները փորձում է ցոյց տալ, թէ մտահոգւած է Հայաստանի վիճակով եւ ամէն ինչ անելու է պատերազմի հետեւանքները վերացնելու համար։

«Իրականում եթէ ԱՄՆ-ն իսկապէս ուզում է գործնական քայլեր ձեռնարկել, ապա կարող էր, օրինակ, վերականգնել Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ բանաձեւը, որով արգելւում էր սպառազինութեան մատակարարումն Ադրբեջանին, սակայն այդ ուղղումն օրակարգից հանւեց դեռ Ջորջ Բուշ կրտսերի պաշտօնավարման ժամանակաշրջանում։ Այսինքն` նոր հեծանիւ յօրինելու փոխարէն Միացեալ Նահանգները կարող է կոնկրետ որոշմամբ փակել հարցը»,- ասաց միջազգայնագէտը։

Բալասանեանի կարծիքով` ԱՄՆ-ի համար դժւար կը լինի վերադառնալ մինչպատերազմեան ներկայութեանը Հարաւային Կովկասում, եթէ հաշւի առնենք առկայ նախադրեալներն ու աշխարհաքաղաքական միտումները։ Ըստ նրա` Միացեալ Նահանգները չունի այն վստահութիւնը, որ այսօր արդիւնաւէտօրէն վերահսկում է իրավիճակը, մասնաւորապէս, Հայաստանում, հետեւաբար դեսպան Լին Թրէյսիի «յանուն աւելի լաւ ապագայի համար համագործակցելու» յայտարարութիւնը, ըստ Բալասանեանի, լոկ դիւանագիտական ֆորմալ ձեւակերպում է, որի ներքոյ թաքցւում են իրական մտահոգութիւնները հայ-ամերիկեան յարաբերութիւնների վերաբերեալ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։