Հա

Քաղաքական

02/01/2022 - 13:15

«Պայթիւնը լինելու է անխուսափելի. այս տարի այս իշխանութիւնը դադարելու է գոյութիւն ունենալ». Դաւիթ Ջամալեան

Ռազմական փորձագէտ Դաւիթ Ջամալեանը 2021թ. միակ ձեռքբերումն է համարում հասարակութեան յարաճուն տեմպերով սթափւելը, «նիկոլական թմբիրից» դուրս գալը:

«alikonline.ir» - Ռազմական փորձագէտ Դաւիթ Ջամալեանը 2021թ. միակ ձեռքբերումն է համարում հասարակութեան յարաճուն տեմպերով սթափւելը, «նիկոլական թմբիրից» դուրս գալը:

«Առանց հասարակութեան սթափւելու՝ հնարաւոր չէ ազատւել այս չարիքից, եւ այն, որ հասարակութիւնը հասկանում է, թէ ինչ մեծագոյն փորձանք է բերել իր գլխին 2018թ., արդէն իսկ պէտք է համարել ձեռքբերում: Թէպէտ, 2018թ. պրոցեսներին մասնակցել է հասարակութեան մի մասը միայն, բայց, ամէն դէպքում, հասարակութիւնը սթափւում է, հասկանում է ողջ ողբերգութիւնը, պատճառահետեւանքային կապերն այդ ողբերգութեան: Սա լուրջ լաւատեսութեան հիմք է տալիս»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց նա:

Ինչ վերաբերում է 2021թ. կորուստներին, նա նշեց, որ իբրեւ ինքնիշխան պետութիւն՝ Հայաստանն այսօր չկայ. «Հայաստանի պետականութեան հեռանկարը մշուշոտ է, մենք գահավիժում ենք դէպի անդունդ, շատերն ասում են, որ մենք արդէն անունդին ենք հասել, բայց ոչ, մենք դեռեւս գահավիժում ենք: Անդունդին կը հասնենք այն ժամանակ, երբ Հայաստանում թուրքական ներկայութիւնը լինի այնքան հաստատուն, որ հայը Հայաստանում այլեւս որոշիչ ձայն չունենայ: Այդ հեռանկարը միանգամայն իրատեսական կը լինի 10-15 տարի յետոյ, եթէ առաջիկայ մէկ-երկու-երեք ամիսներին փոփոխութիւն չլինի՝ կապիտուլիանտական թրքացածների ռեժիմը չփոխւի եւ պետականակենտրոն ուժերը պետութեան ղեկը չվերցնեն իրենց ձեռքը: Մենք կորցրել ենք Իրանի հետ մեր ռազմավարական նշանակութիւն ունեցող կոմունիկացիան: Վստահ եմ, որ այստեղ կայ միտում, որովհետեւ հակառակ պարագայում գոնէ շրջանցող ճանապարհը կը կառուցէին այնպէս, որ փոխադրումների անխափանութիւնն ու ծաւալը պահպանւէր, մինչդեռ բոլորի համար յստակ է, որ այն ճանապարհը, որ փոխարինելու է իբրեւ թէ Գորիս-Կապանի յանձնւած հատւածին, նախ՝ չի ապահովելու իրանական կողմից բեռների նոյն ծաւալը, ինչ ունէինք մինչ այդ: Սա արւելու է նաեւ այն բանի համար, որ մի որոշ ժամանակ անց ասւի, որ այդ բացը պէտք է լրացնել թուրքական ուղղութիւնից: Սա թուրքական աշխարհին ինտեգրւելու, այլ կերպ ասած՝ թրքացւելու համատեքստում պէտք է դիտարկել»:

Դաւիթ Ջամալեանը նկատեց՝ 2021թ. մենք կորցրել ենք տարածքներ, Արցախի հետ Հայաստանի Հանրապետութեան օրգանական կապը.

«Այսօր Գորիսին յարող բլուրներից մէկից ադրբեջանական կողմը դիտարկում է Գորիսը: Այսօր Իշխանասարի մատոյցներում՝ Երեւան-Գորիս ռազմավարական ճանապարհին յարող հատւածում, արդէն ադրբեջանցիներն են, էլ չասած, որ մօտ 100 հազար մարդ լքել է երկիրը: Ընդ որում, ամբողջ ողբերգութիւնը դրանով չի սահմանափակւում, մենք շարունակում ենք գնալ դէպի կապիտուլիացիա: Արագացւած տեմպերով հիմա Թուրքիայի հետ քիրւայութեան սխեման է կեանքի կոչւում, բոլորս հասկանում ենք, որ առանց թուրքական նախապայմանների բաւարարման՝ այդ պրոցեսը, ընդ որում, նման կայծակնային արագութեամբ հնարաւոր չէ յանգեցնել ինչ-որ տրամաբանական աւարտի, ուրեմն՝ այդ պայմանները բաւարարւած են: Ճիշտ նշեց նախագահ Քոչարեանը, որ փաստացիօրէն այդ նախապայմանների մի զգալի մասն արդէն իսկ բաւարարւած է»:

Դաւիթ Ջամալեանը ստեղծւած իրավիճակը աղէտ է բնորոշում. «Ունենք աղէտ: Հայաստանի պետականութեան կորուստ: Պետականութեան զուտ ձեւական պահպանում, արտաքուստ կը լինեն պետական ինստիտուտներ, Հայաստանը կունենայ խորհրդանիշներ, ատրիբուտներ, փաստացիօրէն մենք գնում ենք թուրքական աշխարհից կախւածութեան մէջ գտնւելու ճանապարհով, մենք դառնում ենք Մեծ թուրանը սպասարկող փոքրիկ խաչմերուկ, ոչ աւելին: Այնպէս որ, թրքացման պրոցեսը յարաճուն տեմպերով առաջ է մղւում: Սա լկտիաբար Հայաստանի բնակչութեանը մատուցւում է իբրեւ զարգացման միակ հեռանկար՝ այն դէպքում, երբ մենք տնտեսական զարգացման ահռելի ներուժ ունենք Ռուսաստան, Իրան, Չինաստան բեւեռի հետ ինտեգրացիայի գնալու պարագայում, բայց ոչ, մեզ փորձում են այնքան յիմարացնել, որ մենք չնկատենք ռուսական ահռելի շուկան, իրանական ահռելի շուկան: Մենք ունենք այլընտրանք, որի պարագայում կարող ենք պահպանել մեր հայրենիքը, բայց ոչ, թրքացածները մեզ փորձում են յիմարացնել, այն գաղափարը ներարկել, թէ մենք այլընտրանք չունենք, պէտք է ամէն ինչ տանք, որի դիմաց կուշտ փորով հաց ուտելու հեռանկար ունենանք՝ թուրքական աշխարհին ինտեգրւելով»:

Նրա գնահատմամբ՝ հայ ժողովուրդը վերոնշեալ դժգոյն եւ դժբախտ հեռանկարը կարծես թէ հասկանում է. «Մարդիկ հասկանում են, որ աղէտ է: 2022թ. հետ կապւած ինձ կարող եմ թոյլ տալ կանխատեսել, որ դեռ մի որոշ ժամանակ այս պրոցեսները կը շարունակւեն, բայց պայթիւնը լինելու է անխուսափելի: Վստահ եմ, որ այս տարի այս իշխանութիւնը դադարելու է գոյութիւն ունենալ, եւ մենք ինտեգրւելով ստրատեգիական դաշնակցի հետ աւելի սերտօրէն, օգտագործելով առկայ ինտեգրացիոն հնարաւորութիւնները, նորերը ստեղծելով, բարեկամ Իրանի հետ յարաբերութիւնները պատշաճ մակարդակի բերելով, թիկունք ապահովելով՝ մեր մէջքը շտկելու ենք, տէր ենք կանգնելու Արցախին: Այս թրքացածների իշխանութիւնը Արցախը լքել է, մենք պէտք է տէր կանգնենք Արցախին, Սիւնիքին: Քայլ առ քայլ ունենալու ենք կայուն, զարգացող, անվտանգ, իր սեփական ռեսուրսով սեփական անվտանգութիւնն ապահովելու ունակ երկիր»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։