Հա

Քաղաքական

04/01/2022 - 11:55

«Պետութիւնն առնւազն պէտք է ազնւութիւն ունենայ մեզ հետ խորհրդակցելու». Յարութ Սասունեանը՝ հայ-թուրքական բանակցութիւնների մասին

«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Յարութ Սասունեանի կարծիքով՝ այս իշխանութիւնների օրօք մեկնարկած բանակցութիւնների ճակատագիրը կախւած է վարչապետի կողմից հաւանական զիջումներից: Ամերիկահայ գործիչը չգիտի՝ արդեօ՞ք թուրքերը կը ցանկանան յարաբերութիւններ հաստատել հայերի հետ, եթէ վարչապետը զիջումներ չանի, կառչած մնայ մեր ազգային շահերից:

«alikonline.ir» - Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին զարկ տալու մասին պաշտօնական յայտարարութիւններին յաջորդեցին հանրային ու փորձագիտական շրջանակներից հնչող մտահոգութիւնները՝ թուրքական կողմից հնարաւոր նախապայմանների վերաբերեալ։ Աւելի վաղ նմանատիպ նախաձեռնութիւնները հիմնականում ձախողւել էին հէնց թուրքական նախապայմանների պատճառով: Յիշեցնենք՝ Հայաստանի բոլոր նախագահները Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարգաւորելու ուղղութեամբ քայլեր ձեռնարկել են: 2001-ին ստեղծւեց եւ որոշ ժամանակ գործելուց յետոյ դադարեցւեց Հայ-թուրքական հաշտեցման յանձնաժողովի գործունէութիւնը։ 2009 թւականի հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւեցին հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման նոր փուլի մասին արձանագրութիւնները, բայց այդպէս էլ առանց վաւերացնելու հանւեցին շրջանռութիւնից։

«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Յարութ Սասունեանի կարծիքով՝ այս իշխանութիւնների օրօք մեկնարկած բանակցութիւնների ճակատագիրը կախւած է վարչապետի կողմից հաւանական զիջումներից: Ամերիկահայ գործիչը չգիտի՝ արդեօ՞ք թուրքերը կը ցանկանան յարաբերութիւններ հաստատել հայերի հետ, եթէ վարչապետը զիջումներ չանի, կառչած մնայ մեր ազգային շահերից:

Անդրադառնալով հայ-թուրքական յարաբերութիւններին առհասարակ՝ ամերիկահայ գործիչը վստահեցրեց՝ թէեւ Թուրքիան մեր թշնամին է, սակայն որեւէ մէկը դէմ չէ Հայաստանի եւ Թուրքիայի կառավարութիւնների երկխօսութեանը, քանի որ պէտք է նաեւ երկխօսել թշնամու հետ, հասկանալ խնդիրների լուծման տեսլականը, սակայն խնդիրներն այլ տեղում են:

168.am-ի հետ զրոյցում նա մասնաւորապէս ասաց. «Սկզբունքային դէմ չեմ խօսելուն, բայց այստեղ կան շատ կոնկրետ խնդիրներ, որոնք վարչապետը չի հասկանում եւ դուռ է բացում մեծ սխալների: Առաջինն այն է, որ երբ ինքն իշխանութեան եկաւ, անընդհատ ասեց, որ դէմ է նախորդներին, նախորդների արածին. «մերժի՛ր Սերժին» եւ այլն, բայց ինչո՞ւ է հիմա կրկնում նոյն քայլերը, ինչ նախագահ Սերժ Սարգսեանը փորձեց անել 2009 թւականին Հայաստան-Թուրքիա պրոտոկոլների վերաբերեալ»:

Յաջորդ դիտարկմամբ՝ յիշեցրեց, որ Թուրքիան է սահմանը փակել Հայաստանի համար. ոչ հակառակը, իսկ այս պարագայում Թուրքիան կարող է նոյնիսկ այսօր յայտարարել, որ բացում է սահմանը:

Ամերիկահայ գործիչը նաեւ շեշտեց, որ երբ խօսում են Թուրքիա-Հայաստան յարաբերութունների մասին, պէտք է գիտակցել, որ այն համահայկական հարց է. «Սա ամբողջ հայութեան ամենակարեւոր հարցերից է. Ցեղասպանութիւն, Արեւմտեան Հայաստան, Թուրքիայի հետ յարաբերութիւններ: Վարչապետը պէտք է հասկանայ, որ սա փոքր հարց չէ, որ առնչւում է միայն Երեւանին, օրինակի համար՝ որ օրը եւ ինչպէս պէտք է հաւաքեն աղբը Երեւանի փողոցներից: Այդ հարցը թող ինքը որոշի, բայց երբ առնչւում է համահայկական հարցերին, որոնք առնչւում են մեզ հետ, որ ժառանգներն ենք Ցեղասպանութեան զոհերի, մենք էլ պէտք է ունենանք մեր ասելիքը: Պետութիւնն առնւազն պէտք է ազնւութիւն ունենայ մեզ հետ խորհրդակցելու՝ թէ ի՞նչ է ձեր կարծիքը. մինչ օրս վարչապետը ոչ մի սփիւռքահայի չի հարցրել, թէ ինչ կարծիք ունի, ինչը շատ զարմանալի է, որովհետեւ այս մարդն իշխանութեան եկաւ՝ որպէս դեմոկրատ, ժողովրդավար, սակայն ոչինչ չի անում ժողովրդավարութեան տեսակէտից»:

Մեր զրուցակիցը շեշտեց նաեւ յայտնի նախապայմանների մասին, որ տարիներ շարունակ թուրքական կողմը նետել է դաշտ՝ Արցախի վերադարձը Ադրբեջանին, Ցեղասպանութեան ճանաչումից հրաժարում, Թուրքիայի տարածքային ամբողջականութեան ճանաչում:

44-օրեայ պատերազմից յետոյ, ըստ Յարութ Սասունեանի, աւելացել են նաեւ այլ նախապայմաններ, որոնցից մէկը՝ Ադրբեջանի թելադրանքով, այն է՝ խաղաղութեան դաշնագրի ստորագրում, որը ենթադրում է Նախիջեւանից եւ Արցախից վերջնական եւ պաշտօնական հրաժարում, իսկ միւսը՝ թուրք-ադրբեջանական համատեղ ծրագիր «միջանցք»-ի վերաբերեալ. «Սրանք երկուսն էլ շատ խիստ նախապայմաններ են, որ Հայաստանի ղեկավարութիւնը, նախքան սեղան նստելը, պէտք է մերժի, եւ այդ մասին երբեք չխօսեն: Ոչ մի զիջում, ոչ մի նախապայման, եւ եթէ թուրքերը բանակցութեան սեղան գան նախապայմաններով, մենք էլ ունենք մեր նախապայմանները՝ Ցեղասպանութեան ճանաչումը թուրքական կառավարութեան կողմից եւ Արեւմտեան Հայաստանի վերադարձը Հայաստանին»:

Հարցին՝ արդեօք հնարաւոր համարո՞ւմ է, որ մինչեւ բանակցելը Սփիւռքի յանձնակատարի միջոցով Սփիւռքի ձայնը եւս լսելի կը դառնայ Հայաստանի իշխանութիւնների համար, Յ. Սասունեանը պատասխանեց. «Դժբախտաբար, Սփիւռքի յանձնակատարը չի ներկայացնում Սփիւռքը. նա ներկայացնում է Փաշինեանի կուսակցութիւնը, անաչառ յանձնակատար չէ, իր պաշտօնը վերածել է քաղաքական պաշտօնի»:

Սփիւռքահայ գործիչը ցաւով արձանագրեց, որ բազմաթիւ զիջումներից ու վարչապետի՝ Արցախի պատկանելութեան մասին ասուլիսում հնչեցրած վերջին մտքերից յետոյ խորը մտահոգութիւն ունի, որ մեծ ճեղք է բացւելու Սփիւռքի եւ Հայաստանի իշխանութիւնների միջեւ: Այս համատեքստում նա նաեւ յիշեցրեց Թուրքիայի նախագահի խօսնակ Իբրահիմ Քալընի Ամերիկայում արած յայտարարութիւնը, թէ Թուրքիայի նպատակն է, որպէսզի Հայաստանի հետ յարաբերութիւններ ստեղծելով՝ ջախջախեն ամերիկահայութեան դիրքորոշումը:

«Զարմանում եմ, որ Սփիւռքը մինչեւ հիմա լուռ է մնում, բայց եթէ սկսւեն այս բանակցութիւնները Թուրքիայի հետ, եւ իմանանք, թէ այն զիջումները, որ վախենում ենք՝ անելու է Փաշինեանը, Սփիւռքը եւս մէկ անգամ ոտքի է կանգնելու, եւ դա մեծ խրամատ է ստեղծելու Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ, ինչը որ թուրքերի նպատակն է: Վախենամ, որ թուրքերը հասնելու են իրենց երազին, որովհետեւ իրենք անընդհատ խօսել են, թէ Հայաստանի հայերը շատ լաւ հայեր են, եւ սփիւռքահայ ծայրայեղներն են, որ խանգարում են Թուրքիա-Հայաստան յարաբերութիւններին»,- նշեց մեր զրուցակիցը:

Յարութ Սասունեանն անդրադարձաւ նաեւ բանակցութիւններում հայկական կողմի բանագնացին՝ նկատելով, որ վարչապետը, ինչպէս շատ դէպքերում, այս անգամ եւս նշանակել է ամենաանկարող մարդուն:

«Ռուբէն Ռուբինեանը դէմ դիմաց նստելու է Թուրքիայի ներկայացուցչի՝ Սերդար Քըլըչի հետ, որը երկարամեայ, փորձառու դիւանագէտ է:

Ես այս երկու կողմերի հանդիպումը նմանեցնում եմ, որ սեղանի մի կողմում նստել է մի գայլ, միւս կողմում՝ մի գառնուկ, եւ այդ պարագայում ամէն մարդ շատ յստակ գիտի, թէ արդիւնքն ինչ է լինելու, երբ գայլն ու գառը իրար հանդիպեն»:

 

Զարուհի Դիլանեան

 

Յարակից լուրեր

  • Ո՛չ շարասիւն, ո՛չ ալ ողնասիւն
    Ո՛չ շարասիւն, ո՛չ ալ ողնասիւն

    Ո՛չ մէկ շարասիւն կրնայ մնալ Հայոց բանակին մէջ, եթէ Հայոց Վարչապետը շարունակէ գործել այս ընթացքով։ Երբ առաջին, երկրորդ, երրորդ եւ չորրորդ շարասիւնները ոչնչացնելու դիտաւորութիւն կայ, բնական հետեւանքը կ’ըլլայ լուսարձակի տակ բերել երեւակայական հինգերորդ շարասիւն մը։

  • Հայրենիք-պետութիւնը կործանումից փրկելու անյետաձգելի հրամայականը...
    Հայրենիք-պետութիւնը կործանումից փրկելու անյետաձգելի հրամայականը...

    Թեւակոխել ենք բնութեան գեղեցկագոյն վերափոխման` գարնան թարմ ու ջինջ շնչով վերածնւած տեսնելու բոլոր երեւոյթներն ու յատկապէս մեր մէջ, որպէս մարդ-էակներ՝ վերաիմաստաւորւած համարելու անհատական, ընտանեկան, հասարակական ու յատկապէս ազգային մեր լինելութեան ու դեռ այդ բոլորում առաջընթացի գրաւականները ամրակայող պատասխանատու եւ յանձնառու պարտաւորութիւնների արժանավայել կենսաւորումը զգալու:

  • «Արցախն առանց Հայաստանի չեմ պատկերացնում». Ռուբէն Վարդանեան
    «Արցախն առանց Հայաստանի չեմ պատկերացնում». Ռուբէն Վարդանեան

    Մարտի 18-ին Ստեփանակերտի Երիտասարդութեան պալատում կայացել է հանդիպում ԱՀ նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեանի հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էին հասարակութեան տարբեր խաւերի ներկայացուցիչներ, քննարկւել է «Ինչպէ՞ս դառնալ առաջնորդ» թեման:

  • «Հայաստանը պէտք է անգամ պատերազմ յայտարարի. այսօր խօսքը մեր գոյութեան մասին է». Կարէն Միրզոյեան
    «Հայաստանը պէտք է անգամ պատերազմ յայտարարի. այսօր խօսքը մեր գոյութեան մասին է». Կարէն Միրզոյեան

    168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, խօսելով Հայաստանի եւ Արցախի շուրջ ռազմական էսկալացիայի մեծ վտանգի ու դրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինեանի վարած քաղաքականութեան մասին, նման տեսակէտ յայտնեց Արցախի Հանրապետութեան նախկին արտգործնախարար Կարէն Միրզոյեանը՝ ընդգծելով.

  • «Ռազմական գործողութիւնները թելի պէս կախւած են մեր գլխավերեւում». Կարէն Յովհաննիսեան
    «Ռազմական գործողութիւնները թելի պէս կախւած են մեր գլխավերեւում». Կարէն Յովհաննիսեան

    Ժամանակակից աշխարհում բոլոր պետութիւնները ձգտում են ունենալ ռազմավարական ընկերներ, ոչ մէկ միայնակ չի ամբողջ աշխարհում, այս դէպքում, եթէ դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, ապա պէտք է ունենանք յստակ ճանապարհ, որ կարճ ժամանակհատւածում պէտք է ընդգրկւենք մէկ այլ դաշինքի մէջ. այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանը` անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի դերին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։