Հա

Քաղաքական

04/01/2022 - 11:50

Փաշինեանը կը հեռանայ իր իսկ ճանապարհով

Փողը եւ քաղաքականութիւնը մշտապէս գտնւել են դիալեկտիկական կապի մէջ։ Յատկապէս ժամանակակից աշխարհում, երբ քաղաքականութիւնն իրացւում է առաւելապէս տեխնոլոգիաների, ազդեցութեան մեթոդների, գովազդային ու լրատւական արշաւների միջոցով, առանց փողի ուղղակի անհնար է զբաղւել քաղաքականութեամբ։ Դա, իհարկէ, չի նշանակում փողի դերի բացարձակացում քաղաքականութեան մէջ, եւ այնպէս չէ, որ փողին տիրապետող ցանկացած մէկը կարող է զբաղւել քաղաքականութեամբ եւ հասնել յաջողութեան։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Փողը եւ քաղաքականութիւնը մշտապէս գտնւել են դիալեկտիկական կապի մէջ։ Յատկապէս ժամանակակից աշխարհում, երբ քաղաքականութիւնն իրացւում է առաւելապէս տեխնոլոգիաների, ազդեցութեան մեթոդների, գովազդային ու լրատւական արշաւների միջոցով, առանց փողի ուղղակի անհնար է զբաղւել քաղաքականութեամբ։ Դա, իհարկէ, չի նշանակում փողի դերի բացարձակացում քաղաքականութեան մէջ, եւ այնպէս չէ, որ փողին տիրապետող ցանկացած մէկը կարող է զբաղւել քաղաքականութեամբ եւ հասնել յաջողութեան։

Սակայն ժխտել ֆինանսական միջոցների կարեւորութիւնը քաղաքականութեան մէջ՝ եւս հնարաւոր չէ, քանի որ փողը քաղաքականութեամբ զբաղւելու մի քանի կարեւոր նախապայմաններից առնւազն մէկն է։

Սա, առանց բացառութեան, վերաբերում է բոլոր երկրներին։ Ու նաեւ դրանով է պայմանաւորւած, որ գրեթէ բոլոր պետութիւններում գործում են բիզնեսի ու քաղաքականութեան տարանջատման ինստիտուցիոնալ, օրէնսդրական կարգաւորումներ ու մեխանիզմներ։ Դրանք այս կամ այն չափով ապահովում են բիզնեսի ու քաղաքականութեան տարանջատումը, բայց վստահաբար չեն ապահովում ու չեն կարող ապահովել փողի ու քաղաքականութեան տարանջատումը, քանի որ առանց փողի քաղաքականութիւն պարզապէս հնարաւոր չէ։

Այդ պատճառով նաեւ գրեթէ բոլոր երկրներում մշտապէս արդիական է քաղաքականութեան ֆինանսաւորման աղբիւրների, դրանց թափանցիկութեան հարցը։ Ոչ զարգացած ժողովրդավարութիւններում, որպէս կանոն, փողին մշտապէս տիրապետում է միայն իշխանութիւնը՝ իշխող կուսակցութիւնը։

Քաղաքականութեամբ զբաղւող միւս սուբիեկտները մշտապէս ունենում են ֆինանսական միջոցների անբաւարարութիւն, հետեւաբար՝ այդ առումով երբեք չեն կարողանում մրցել իշխանութեան հետ։ Նաեւ դա է այդպիսի երկրներում իշխանութիւնների գրեթէ մշտական վերարտադրութեան գրաւականը։

Իսկ նման պետութիւններում փողը միշտ գտնւում է իշխանութեան տրամադրութեան տակ, քանի որ դէպի իշխանութիւն են ձգտում գրեթէ բոլոր գործարարները, որոնք չունենալով իրաւական պաշտպանութիւն՝ իրենց բիզնեսը փորձում են կայացնել իշխանութեան տանիքի ներքոյ։

Կայացած ժողովրդավարական, բիզնեսի պաշտպանութեան ինստիտուցիոնալ համակարգեր ունեցող երկրներում այդ կանոնը չի գործում, կամ գործում է ոչ այն չափով, որ որոշիչ դառնայ իշխանութեան ձեւաւորման համար։ Իրաւական պետութիւններում բիզնեսն ազատ է օրէնքով սահմանւած կարգով իր աջակցութիւնը յայտնելու ցանկացած քաղաքական միաւորման, եւ որեւէ հարկային տեսուչ չի կարող տուգանել որեւէ գործարարի՝ որեւէ ընդդիմադիր կուսակցութեան օրինական դրամահաւաքին մասհանում կատարելու համար։

Աւելին, բազմաթիւ ժողովրդավարական երկրներում, այդ թւում՝ եւրոպական, պետութիւնը պետական միջոցներից կամ տարբեր հիմնադրամներից զգալի չափով ֆինանսաւորում է բոլոր քաղաքական կուսակցութիւններին։ Հայաստանում այդ նորմը գործում է միայն խորհրդարան անցած ուժերի համար, սակայն յատկացւող միջոցները ծիծաղելիօրէն չնչին են։

Արդիւնքում՝ իշխանութիւնից դուրս մնացած ուժերը կա՛մ ուղղակի չեն կարողանում գոյատեւել, կա՛մ գոյատեւում են չափազանց մեծ դժւարութիւններով՝ յաճախ յայտնւելով որեւէ օլիգարխի գրպանում, ինչն էլ նպաստում է առանց այդ էլ խեղւած քաղաքական համակարգի դեգրադացմանը։

Պատկերը բոլորովին այլ կը լինէր, եթէ եւրոպական երկրների օրինակով՝ պետութիւնը զգալի միջոցներ յատկացնէր ոչ թէ ուղղակի գրանցւած, այլ իրական քաղաքականութեամբ զբաղւող կուսակցութիւններին։ Բայց Հայաստանում դա ուղղակի ուտոպիա է թւում, քանի որ իշխանութիւնը չի կարող ֆինանսաւորել այն, ինչն ապագայում կը դառնայ իր կործանման պատճառ։

Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը հէնց քաղաքական համակարգի դեգրադացիայի հետեւանք է, որի վերացումն առնւազն ժամանակի մէջ կը յանգեցնի նաեւ նրա իշխանութեան վերջին։

Մինչդեռ առանց քաղաքական համակարգի կայացման՝ Հայաստանում էական փոփոխութիւններ հնարաւոր չեն։ Բայց այդ խնդրի լուծումը նման է փակ շղթայի․ լուծման համար անհրաժեշտ է փող, փողին ու փող ունեցողներին տիրապետում է իշխանութիւնը, իսկ իշխանութիւնը թոյլ չի տայ քաղաքական համակարգի կայացումը, քանի որ դա կը լինի նոյն այդ իշխանութեան վերջի սկիզբը։

Լայն իմաստով, այս փակուղային իրավիճակը նշանակում է, որ Հայաստանում քաղաքական ճանապարհով փոփոխութիւններ գործնականում հնարաւոր չեն։

Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ եթէ փոփոխութիւններ տեղի ունենան, ապա դրանք ունենալու են ոչ քաղաքական, պայմանականօրէն ասած՝ յեղափոխական բնոյթ։

Այսինքն՝ խոչընդոտելով քաղաքական համակարգի կայացմանը, Նիկոլ Փաշինեանն ակամայից պայմաններ է ստեղծում նոր յեղափոխութեան համար։ Այն տարբերութեամբ, որ դրանում ինքը լինելու է ոչ թէ առաջնորդի, այլ մերժւողի դերում։

 

168.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։