Որքան էլ զարմանալի թւայ, Ադրբեջան կոչւող արհեստածին կազմաւորման նաեւ ռազմաքաղաքական վերնախաւում դեռեւս պահպանւում է պաթոլոգիական վախը մեր հանդէպ։
«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.
«Որքան էլ զարմանալի թւայ, Ադրբեջան կոչւող արհեստածին կազմաւորման նաեւ ռազմաքաղաքական վերնախաւում դեռեւս պահպանւում է պաթոլոգիական վախը մեր հանդէպ։
Գրեթէ օր չկայ, որ Բաքւի բռնապետի քարոզչամեքենան սպառնալիքներ չհնչեցնի, թէ հայկական, իրենց եզրաբանութեամբ, «ռեւանշի» դէպքում իբր «Հայաստանի համար շատ վատ կը լինի», «Հայաստանը կը դադարի գոյութիւն ունենալուց», «փոքր հակաահաբեկչական գործողութեամբ Ադրբեջանը կոչնչացնի հայկական բանակը» եւ նման այլ բարբաջանքներ, որոնք ամփոփւում են նրանով, որ Հայաստանը որեւէ պարագայում ոչ միայն չպէտք է գնայ «ռեւանշի», այլեւ նոյնիսկ մտածի դրա մասին։
Այս ամւնից տրամաբանական հետեւութիւնը մէկն է․ եթէ ամէն ինչ այդքան հեշտ է ու պարզ, ապա Բաքւի բռնապետի համար շատ ձեռնտու կը լինէր Հայաստանի հէնց «ռեւանշի» գնալը, որովհետեւ հասկանալի է, չէ՞, որ այդ դէպքում Ադրբեջանը, դիցուք, կարող էր վերցնել Երեւանը, որը պաշտօնապէս հռչակւում է իբր «հին ադրբեջանական քաղաք»։
Սակայն, ո՛չ, Բաքւի բռնապետը դէմ է հայկական «ռեւանշին», ուստի թէ՛ նա եւ թէ՛ նրա քարոզչամեքենան զբաղւած են ակնյայտ սնապարծութեան միջոցով նաեւ սեփական վախերը թաքցնելու փորձով»: