Հա

Քաղաքական

08/01/2022 - 13:25

«Իրականում գործ ունենք ոչ թէ ահաբեկիչների, այլ ժողովրդի հետ, որը կարող է վատ տրամադրւել հայ համայնքի նկատմամբ». Կարէն Յովհաննիսեան

168.am-ի հետ զրոյցում ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանն անդրադառնալով Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու մասին որոշմանը՝ նշեց, որ Հայաստանը Ղազախստան խաղաղապահներ չուղարկելու հնարաւորութիւններ, այսինքն՝ մանեւրելու շանսեր ունէր։

«alikonline.ir» - Յունւարի 6-ին Նիկոլ Փաշինեանը ֆէյսբուքեան իր էջում գրել էր, որ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի 4-րդ յօդւածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատւածով Ղազախստանի Հանրապետութիւն ուղարկել ՀԱՊԿ հաւաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգաւորման նպատակով։

«Ղազախստանի Հանրապետութեան նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրայ եւ Ղազախստանի ազգային անվտանգութեանը եւ ինքնիշխանութեանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թւում արտաքին միջամտութեան արդիւնքում, ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհուրդը Հաւաքական անվտանգութեան պայմանագրի 4-րդ յօդւածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատւածով Ղազախստանի Հանրապետութիւն ուղարկել ՀԱՊԿ հաւաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգաւորման նպատակով»,- գրել էր Նիկոլ Փաշինեանը։

Նոյն օրը Նիկոլ Փաշինեանն իր գրառմանը պաշտօնական տեսք տւեց եւ ստորագրեց Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու վերաբերեալ որոշում։

168.am-ի հետ զրոյցում ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանն անդրադառնալով Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու մասին որոշմանը՝ նշեց, որ Հայաստանը Ղազախստան խաղաղապահներ չուղարկելու հնարաւորութիւններ, այսինքն՝ մանեւրելու շանսեր ունէր։

«Չնայած նրան, որ Ղազախստանի իշխանութիւնները յայտարարում են, որ կան ահաբեկիչներ, եւ այդ ամէնն անում են ահաբեկիչները, ուստի այդ յօդւածի ներքոյ է կանչում ՀԱՊԿ ուժերին, Հայաստանը կարող էր ասել, որ չկան ապացոյցներ, որ այդ ամէնն ահաբեկիչներ են անում։ Առհասարակ բոլորը գիտեն, որ նրանք ահաբեկիչներ չեն, այլ ժողովուրդն է։ Այսինքն՝ ամէն ձեւով Հայաստանն այստեղ կարող էր մանեւրել։ Սակայն, չգիտես՝ ինչու, Հայաստանը որոշեց, որ ինքը եւս կարող է ուժեր ուղարկել Ղազախստան, գուցէ հետագայի համար ինչ-որ պայմանաւորւածութիւննե՞ր է ձեռք բերել։ Ես ենթադրում եմ եւ ցանկալի կը լինէր՝ այդպէս լինէր, որ ինչ-որ պայմանաւորւածութիւնների արդիւնքում է համաձայնել խաղաղապահներ ուղարկել։ Ինքս այդ գործողութիւններին Հայաստանի մասնակցութեանը դէմ եմ։ Պէտք է նաեւ հաշւի առնենք, որ այնտեղ կայ հայկական մեծ համայնք, եւ ոչ միանշանակ է ընդունւելու Հայաստանից ժամանած ուժերի ներկայութիւնը։ Մենք այստեղ իրականում գործ ունենք ոչ թէ ահաբեկիչների հետ, ինչպէս ներկայացւում է, այլ ժողովրդի հետ, որը կարող է վատ տրամադրւել հայ համայնքի նկատմամբ։ Սա պէտք է հաշւի առնէին»,- նշեց Կարէն Յովհաննիսեանը։

Նա յիշեցրեց ՀԱՊԿ իրական նպատակներն ու գործողութիւնները, այն է՝ ՀԱՊԿ-ն արձագանգում է, եթէ ՀԱՊԿ անդամ երկրների տարածքային ամբողջականութեանը վտանգ է սպառնում։

Այս համատեքստում Կարէն Յովհաննիսեանը նկատեց՝ ոչ միայն Արցախի 44-օրեայ պատերազմի, այլեւ դրանից առաջ՝ 2020 թւականին Տաւուշում ծաւալւած յուլիսեան մարտերի, նոյնիսկ 2016 թւականի ապրիլեան պատերազմի ժամանակ, երբ ՀՀ սահմանների վրայ յարձակումներ եղան, կար ՀԱՊԿ-ի անմիջական միջամտութեան կարիքը, որին գոնէ ձեւականօրէն ՀԱՊԿ-ը պէտք է արձագանգէր։

«Ստացւում է, որ ՀԱՊԿ-ն իր իրական գործողութիւնները թողած՝ միջամտում է պետութիւնների ինքնիշխան ներքին կեանքին։ Միւս կողմից էլ պէտք է նկատենք, որ աշխարհաքաղաքական առումով ՀԱՊԿ-ի միջամտութիւնն այդ գործողութիւններին Հայաստանին ձեռնտու է, այսինքն՝ ինչը ձեռնտու չէ Թուրքիային, տւեալ դէպքում ձեռնտու է մեզ։ Այս հանգամանքը մի քիչ մեղմացնում է իրավիճակը։ Այս տեսանկիւնից հարցը մի քիչ խնդրայարոյց է եւ բազմաշերտ»,- յաւելեց Կարէն Յովհաննիսեանը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ նման որոշում կայացնելուց առաջ իշխանութիւնը որեւէ ռազմական փորձագէտի, քաղաքագէտի, վերլուծաբանի խորհրդատւութիւն չի ստացել։

«Հայաստանը կարծես թէ նմանատիպ մի մօտեցում է որդեգրել, որ ռազմական փորձագէտների ու վերլուծաբանների կարծիքներն այլեւս հաշւի չեն առնում, վարւում են այնպէս, ինչպէս իրենք են ճիշտ համարում»,- եզրափակեց Կարէն Յովհաննիսեանը։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։