Հա

Քաղաքական

09/01/2022 - 11:55

«Չկայ Թուրքիայի մի նախապայման, որը Հայաստանը չի կատարել». Գառնիկ Դաւթեան

Ադրբեջանի հարցերով փորձագէտ Գառնիկ Դաւթեանը Ղազախստանում հակահայ քարոզչութիւնը պայմանաւորում է թուրքական ազդեցութեամբ:

«alikonline.ir» - Ադրբեջանի հարցերով փորձագէտ Գառնիկ Դաւթեանը Ղազախստանում հակահայ քարոզչութիւնը պայմանաւորում է թուրքական ազդեցութեամբ:

«Լաւ գիտենք, որ այսօր հայ հասարակութիւնը գտնւում է պառակտման խորը փուլում, եւ փաստացի, այսօր ադրբեջանական քարոզչութիւնը մեծ ջանք չի թափում Հայաստանում տարատեսակ տրամադրութիւններ զարգացնելու մասով: Այսօր թուրքական աշխարհի, յատկապէս՝ Թուրքիայի թիրախը Հայաստանից դուրս գտնւող հայ համայնքներն են: Էրդողանը լաւ հասկանում է, որ այսօր Հայաստանի արտաքին քաղաքականութեան, մասնաւորապէս՝ Ցեղասպանութեան ճանաչման կարեւոր գործընթացում մեծ դեր է կատարում Հայ Դատի յանձնախումբը, որի հիմքում հայ համայնքի գոյութեան հարցն է: Թուրքիան գլխաւորում է հակահայկական այս քարոզը, նպատակ ունի կազմաքանդելու հայկական համայնքը ԱՊՀ երկրներում»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագայ» կուսակցութեան առաջնորդ Դաւութօղլուն անհանգստացնող է համարել Ղազախստանի կողմից իրավիճակի կարգաւորման համար ՀԱՊԿ-ին դիմելը, որը նախագահում է Հայաստանը։

Նա նաեւ նշել է, որ Ղազախստանի ինքնիշխանութիւնը եւ կայունութիւնը պէտք է Թուրքիայի ռազմավարական առաջնահերթութիւնը լինի:

Գառնիկ Դաւթեանի գնահատմամբ՝ Թուրքալեզու պետութիւնների կազմակերպութեան պասիւութիւնը նշանակում է, որ այն գործնական առումով իրենից ոչինչ չի ներկայացնում. «Չունեն յստակ գործողութիւնների պլան, թէ թուրքալեզու պետութիւններում որեւէ քաղաքական, պատերազմական կամ այլ ճգնաժամային իրավիճակներում ինչպիսի գործուն քայլեր պէտք է իրականացւեն»:

Նրա խօսքով՝ Ղազախստանի նախագահը որոշեց դիմել ՀԱՊԿ-ին եւ ոչ, օրինակ, Թուրքալեզու պետութիւնների կազմակերպութեանը, որովհետեւ վերջինս չունէր գործնական քայլերի յաջորդականութիւնը, որը կարող էր առաջ անցնել ՀԱՊԿ-ից. «ՀԱՊԿ-ին դիմելը նաեւ Ղազախստանում հակառուսական տրամադրութիւնները ճնշելու նպատակ ունէր, որովհետեւ բացի խանութները թալանելուց, ցոյցերից, տարբեր խմբեր իրենց ակցիաներում թիրախաւորում էին ռուսներին, ասում էին, որ Ղազախստանը պէտք է լինի ինքնիշխան պետութիւն, եւ, որ իրենց պէտք չեն ղեկավարներ, որոնք գալիս են Սովետական Միութիւնից»:

Նա ոչ պրոֆեսիոնալ որակեց ՀԱՊԿ շրջանակում Ղազախստան հայկական զօրախումբ ուղարկելու ՀՀ իշխանութիւնների որոշումը. «Հաշւի չեն առնում, որ այնտեղ ունենք հայ համայնք»:

Հարցին՝ Դուք կարծում էք, որ Նիկոլ Փաշինեանն ինքնուրո՞ւյն է որոշել զօրախումբ ուղարկել Ղազախստան, նա պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինեանի որոշումն աւելի շատ պայմանաւորւած է որոշակի ակնկալիքներով: Մենք անընդհատ փորձում ենք թերագնահատել Նիկոլ Փաշինեանին՝ նրան ներկայացնելով ապիկար. բնականաբար, ունի ապիկարութիւն, անմեղսունակութիւն եւ, ինչո՞ւ չէ՝ յանցաւոր մտադրութիւն, բայց այստեղ կայ նաեւ որոշակի քաղաքական ակնկալիքների նպատակ»:

Անդրադառնալով հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաււորման շուրջ երկխօսութեանը, նա նշեց, որ սպառնալիքները բազմաթիւ են.

«Ես աւելի շատ հակւած եմ նրան, որ այսօր չկայ Թուրքիայի մի նախապայման, որը Հայաստանը չի կատարել: Կտրւած է այսօր Հայաստան-Սփիւռք աշխատանքը, կայ կոնֆլիկտ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններում, մասնաւորապէս՝ Արցախի սուբիեկտայնութեան բարձրացման հարցը, Ցեղասպանութեան մասով աշխատանքների գործընթացը»:

Դիտարկմանը՝ թէ՛ հայկական, թէ՛ թուրքական կողմից վստահեցնում են, որ գնում են առանց նախապայմանների յարաբերութիւնների կարգաւորման, Գ. Դաւթեանն արձագանգեց. «Հաշւի առնելով, որ Արցախի տարածքի 75 տոկոսը օկուպացւած է, սուբիեկտայնութիւնը գտնւում է բաւականին ցածր վիճակում, այնտեղ կան ռուս խաղաղապահներ, հետեւաբար՝ այս հարցը որոշ չափով լուծւած է Ադրբեջանի ժողովրդի շահերի օգտին: Ցեղասպանութեան ճանաչման հարցում, արդէն նշեցի, որ Հայաստան-Սփիւռք կապը կտրւած է: Այսինքն՝ երկու նախապայման գործնականում լուծւած է, միակ խնդիրը մնում է Սահմանադրութեան փոփոխութիւնը Հայաստանում, եւ Նիկոլ Փաշինեանը դրա մասին խօսել է: Դա Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջն է»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։