Հա

Քաղաքական

09/01/2022 - 12:10

«Փաստն այն է, որ ՀՀ տարածքի նկատմամբ եղել է ու կայ ագրեսիա, եւ ՀՀ-ն չի կարողացել ՀԱՊԿ-ից ստանալ օգնութիւն». Սաղաթելեան

Եթէ այդպէս է եւ նրանցից էր կախւած ՀԱՊԿ աշխատեցնելը, ինչո՞ւ չէին աշխատեցնում այն ժամանակ, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ կար ագրեսիա: 

«alikonline.ir» - Եթէ այդպէս է եւ նրանցից էր կախւած ՀԱՊԿ աշխատեցնելը, ինչո՞ւ չէին աշխատեցնում այն ժամանակ, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ կար ագրեսիա: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը` անդրադառնալով ԱԽ քարտուղարի յայտարարութիւններին:

Յիշեցնենք, որ ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը յունւարի 7-ին Հանրային հեռուստաընկերութեան եթերում յայտարարեց, որ Հայաստանն իրաւունք չունէր իրեն նեղացած երիտասարդի պէս պահել եւ Ղազախստանին ասել՝ դուք չէք արել, մենք էլ չենք անի։ Արմէն Գրիգորեանը նաեւ ընդգծել է, որ պատմութեան մէջ երեւի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել են, ցոյց տւել, թէ ինչպէս պէտք է աշխատի եւ յոյս է յայտնել, որ եթէ Հայաստանը հետագայում նման իրավիճակում յայտնւի, կը ստանայ համապատասխան օգնութիւն ՀԱՊԿ-ից։

«Ես ՀՀ բարձրաստիճան պաշտօնեաների մտքերից վաղուց արդէն չեմ զարմանում։ Ի՞նչ է նշանակում՝ մենք կարողացանք առաջին անգամ ՀԱՊԿ-ը աշխատեցնել։ Եթէ այդպէս է եւ նրանցից էր կախւած ՀԱՊԿ աշխատեցնելը, ինչո՞ւ չէին աշխատեցնում այն ժամանակ, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ կար ագրեսիա, ընդ որում՝ այդ ագրեսիան դեռ աւարտւած չէ, այսինքն այս պահին մեր տարածքում են գտնւում թշնամու զօրքերը։ Եթէ դա ԱԽՔ քարտուղարութիւնից էր կախւած, ապա ինչու այն ժամանակ ջանքեր չէին գործադրում մեխանիզմներն աշխատեցնելու համար, թէ՞ Ղազախստանի համար աւելի սրտացաւ են։ Այսինքն գլուխ են գովում մի բանի համար, ինչի հետ ակնյայտ է, թէ նրանք որքան կապ ունեն: Ի՞նչ է նշանակում նման իրավիճակ, այսինքն եթէ Հայաստանում էլ ցոյցեր լինեն, ՀԱՊԿ-ին խնդրելո՞ւ են։ Փաստն այն է, որ Հայաստանի տարածքի նկատմամբ եղել է ու կայ ագրեսիա, եւ ՀՀ-ն չի կարողացել ՀԱՊԿ-ից ստանալ օգնութիւն։ Մինչեւ հիմա պարզ չէ՝ արդեօք մենք գրաւոր ընթացակարգով, պատշաճ ձեւով նոյեմբերին դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ օգնութեան ակնկալիքով։ Ղազախստանն այս ընթացքում ՀԱՊԿ-ից ստացաւ այն, ինչ իրեն հարկաւոր էր, իսկ ՀՀ-ն չկարողացաւ, ունենք անսկզբունք, անտեսակէտ եւ անկարող իշխանութիւն, որը չի կարողանում պաշտպանել երկրի անվտանգութիւնը»,- ասաց Սաղաթելեանը։

Իշխան Սաղաթելեանը ընդգծեց, որ իրենք կարեւորում են ՀԱՊԿ-ի գործունէութիւնը որպէս անդամ երկիր եւ որպէս անվտանգութեան համակարգ, որին մենք մաս ենք կազմում, բայց նաեւ ակնկալում են փոխադարձ օժանդակութիւն մեր երկրի տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու հարցում։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը պէտք է խոչընդոտ չհանդիսանար ՀԱՊԿ-ի կոնսենսուսային որոշման ընդունման համար՝ հաշւի առնելով նաեւ այն ակնկալիքները, որ ունենք այդ կառոյցի հետ կապւած։ Բայց զօրախումբ ուղարկելու հարցում պէտք է ձեռնպահ մնայինք՝ հաշւի առնելով, որ չկայ ամբողջական ինֆորմացիա, վերլուծութիւն զօրք ուղարկելու հետեւանքների առումով, եւ Ղազախտանի վերաբերմունքը 44-օրեայ պատերազմի ընթացքում եւ նրա յայտարարութիւնները»,- յաւելեց նա։

Իշխան Սաղաթելեանի խօսքով` Նիկոլ Փաշինեանը յանուն իր իշխանութեան պահպանման պատրաստ է ցանկացած քայլի:

«Պէտք է արձանագրենք, որ այս մարդը սկզնունքներ չունի, յանուն իր իշխանութեան պատրաստ է ցանկացած քայլի։ Յիշենք՝ ինչ որ ժամանակին խօսում ՀԱՊԿ-ի, ցոյցերի մասին, բանակը ներքաղաքական հարցերին չխառնելու մասին եւ ինչ է անում հիմա։ Իշխանութիւնը առաւօտեան կարող է լինել ռուսամէտ, կէսօրին՝ արեւմտամէտ, երեկոյեան՝ թուրքամէտ։ Պատահական չէր, որ ասում էին՝ մեր իշխանութիւնը «իզմեր» չունի։ Հետեւաբար պէտք չէ նրանց գործողութիւններում տամաբանութիւն փնտրել»,- եզրափակեց նա։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։