Հա

Քաղաքական

10/01/2022 - 13:50

Ստեփանակերտ. «Ղազախստանում տեղի ունեցող իրադարձութիւնները Թուրքիայի կողմից ծրագրված գործողութիւնների արդիւնք են»

Այն, ինչ տեղի ունեցաւ Ղազախստանում, բնականաբար, ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ մեծ հաշւով աշխարհաքաղաքական գործընթացների արդիւնք է։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը։

«alikonline.ir» - Այն, ինչ տեղի ունեցաւ Ղազախստանում, բնականաբար, ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ մեծ հաշւով աշխարհաքաղաքական գործընթացների արդիւնք է։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը։

«Իհարկէ, չի կարելի ամբողջութեամբ անտեսել ներքաղաքական պատճառները, քաղաքական, սոցիալական նշանակութեան տարբեր նախադրեալները։ Այնուամենայնիւ, աշխարհաքաղաքական՝ հեռուն գնացող քայլերը կատալիզատորն ու հիմնական նպատակն էին։ Առանձնայատուկ դեր խաղացին պանթուրքական շրջանակները։ Այն, որ Ղազախստանը առանձնայատուկ նշանակութիւն ունի պանթուրքիստական ​​գաղափարների համար, կարծում եմ, միանգամայն ակնյայտ է։ Առաջին հերթին, այդ շրջանակների համար համեմատաբար հեշտ էր աշխատել այնտեղ, երկիրը շատ աւելի բաց է, քան տարածաշրջանի միւս պետութիւնները, երկիրն իր կազմով բազմազգ է, կան բազմաթիւ կազմակերպութիւններ։ Աւելին, Ռուսաստանի հետ գործնականում չկայ հսկւող սահման, այսինքն՝ կայ Ղազախստանով Ռուսաստան տարբեր տեսակի հոսքերի ներթափանցման հնարաւորութիւն, ինչը նոյնպէս պանթուրքիստական ​​շրջանակների հիմնական նպատակներից է։

Այդ մասին է վկայում Թուրքիայում եւ Ադրբեջանում հիստերիկ վերաբերմունքը։ Ճիշտ է, այնտեղ դրսեւորւեց «կամուֆլեաժային» մօտեցում․ իշխանութիւնները կարծես կողմնակից են չէզոքութեանը, բայց իշխանութեան իրական կարծիքն արտայայտող ամենատարբեր շրջանակներ՝ քաղաքագէտներ, վերլուծաբաններ, հասարակական շրջանակներ, որոնք ֆինանսաւորւում են կառավարութեան կողմից, ունեն աշխարհքաղաքական յաւակնութիւններ եւ նպատակներ, եւ դրա հետ մէկտեղ մեղադրանքներ են հնչեցնում՝ ուղղւած ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին, Հայաստանին՝ հէնց պանթուրքիզմի առումով։

Ինչո՞ւ, այնուամենայնիւ, Ղազախստանը։ Ինչպէս արդէն նշւեց, այն աւելի բաց է, ունի վիթխարի ռեսուրսներ՝ նաւթ, գազ, ուրան, այլ ռեսուրսներ, եւ միաժամանակ՝ շատ պայթիւնավտանգ է ներգրաււածութեան եւ սահմանակից պետութիւնների վրայ ներգործութեան տեսակէտից։ Բնականաբար, եթէ պանթուրքական շրջանակներին յաջողւէր զաւթել իշխանութիւնը Ղազախստանում, դրանով պայքարը չէր աւարտւի։ Ղազախստանում կողք-կողքի ապրում են տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ։ Ի յայտ եկած կենտրոնախոյս միտումներն անխուսափելիօրէն կանդրադառնային Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանում ապրող ռուս բնակչութեան վրայ։ Իրավիճակը յղի էր պայթիւնով, որը կարող էր տարածւել սահմանակից շատ պետութիւններում եւ ընդգրկել ընդարձակ աշխարհաքաղաքական տարածք, առաջ բերել բռնութեան վիթխարի բռնկում, իրավիճակի ապակայունացում։ Դա հնարաւորութիւն կը տար, որպէսզի Թուրքիան աւելի ակտիւ ներգրաււէր։ Մենք այժմ տեսնում ենք Անկարայի կողմից թուրքական միասնութեան բանաձեւի ակտիւ առաջմղումը, թուրքական պետութիւնների զինւած կազմաւորումների զինւորներ ուղարկելը, սա ակնյայտ ակնարկ է, որ նրանք մտադիր են շարունակել գործել ապակառուցողական ոգով։ Հարկ է ուշադրութիւն դարձնել 20 հազար գրոհայինների հիանալի պատրաստւածութեան վրայ։ Դա փաստացի նշանակում է, որ նրանք կարողացան ինչ-որ ժամանակով վերահսկողութեան տակ վերցնել բաւական մեծ տարածք, այդ թւում Ալմաթին։ Շատ վերլուծաբաններ ենթադրութիւններ են յայտնում, որ գրոհայինները եկել էին Աֆղանստանից, այլ տեղերից։ Այդ երթուղին հնարաւոր է։ Բայց կայ նաեւ աւելի կարճ եւ բացարձակապէս չվերահսկւող երթուղի՝ Թուրքիայից Ադրբեջանով, Կասպից ծովով։ Շատ հիմքեր կան ենթադրելու, որ օգտագործւել է հէնց այդ երթուղին։ Բաքւում եւ Անկարայում հակառուսական եւ հակահայկական հռետորաբանութեան բռնկումը նոյն բանի մասին է վկայում։ Այսինքն՝ մենք տեսնում ենք իրավիճակի ապակայունացման պլանաւորւած գործողութիւն։ Հաւանաբար, չէին մտածում, որ այդպէս կտրուկ կը կասեցւեն նման փորձերը։ ՀԱՊԿ գործողութիւնները ցոյց տւեցին խաղաղապահ գործողութեան արդիւնաւէտութիւնը։ Բայց ես կարծում եմ, որ պայքարն, այնուամենայնիւ, աւարտւած չէ, եւ լինելու են իրավիճակի ապակայունացման փորձեր նաեւ Կենտրոնական Ասիայի այլ պետութիւններում։ Մենք տեսնում ենք պանթուրքիզմը գործողութեան մէջ։ Չպէտք է մոռանալ Էրդողանի՝ վերջերս ցուցադրած քարտէզը, եւ այնտեղ Ղազախստանը առանցքային դերերից մէկն է խաղում։ Որովհետեւ առանց Ղազախստանի պանթուրքիզմն առաջ մղել Ռուսաստանի եւ Չինաստանի դէմ՝ անհամեմատ աւելի դժւար է լինելու։ Սրանք Թուրքիայի եւ պանթուրքական շրջանակների պլանաւորւած գործողութիւններն են՝ վտանգաւոր ծաւալապաշտական նախագծի իրականացման նպատակով։ Կարծում եմ՝ իրականանալու դէպքում նախագիծը մահացու վտանգ կը ներկայացնէր նաեւ մեզ համար։ Դա չեն թաքցնում Թուրքիայում, թուրք գործիչներն օրինակ են բերում Ղարաբաղը՝ որպէս թուրքական միասնութեան գլխաւոր արդիւնք։ Այդ գործընթացները բաւական որոշակի փոխկապւածութիւն ունեն։ Ուստի անհրաժեշտ է սառնարիւն, յոյզերին չտրւելով, իսկ մենք տեսնում ենք նման անհամարժէք ընկալումներ, կասեցնել արմատական պանթուրքական վեկտորները։ Հետեւանքը կարող է դառնալ գլոբալ մասշտաբի հրդեհը»,- ամփոփել է Դաւիթ Բաբայեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։