Հա

Քաղաքական

11/01/2022 - 11:50

«Իրանը Սիւնիքի կենսականութիւնը հաշւի առնելով՝ ցանկանում է այնտեղ ունենալ աւելի լայն ու ակտիւ ներկայութիւն՝ դիմագրաւելու ադրբեջանաթուրքական հնարաւոր ոստնձգութիւններին». Ոսկանեան

168.am-ի հետ զրոյցում ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով Կապանում հիւպատոսութիւն բացելու վերաբերեալ Իրանի Կառավարութեան որոշմանը, նկատեց՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ հիւպատոսութիւն բացելու խնդիրն արծարծւում էր բաւականին երկար ժամանակ, ընդ որում, խօսքը գրեթէ մէկ տասնամեակի կամ աւելի ժամանակահատւածի մասին է։

«alikonline.ir» - 2021թ․ դեկտեմբերի վերջին Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութիւնը հաւանութիւն էր տւել Կապանում գլխաւոր հիւպատոսութիւն բացելու վերաբերեալ երկրի արտաքին գործերի նախարարութեան առաջարկին: Այս մասին հաղորդագրութիւն էր հրապարակւել Իրանի նախագահի պաշտօնական կայքում:

«Սահմանադրութեան 138-րդ յօդւածի համաձայն՝ նախարարների խորհուրդը հաւանութիւն է տւել արտաքին գործերի նախարարութեան առաջարկին Հայաստանի Կապան քաղաքում գլխաւոր հիւպատոսութիւն բացելու վերաբերեալ»,- նշւած էր հաղորդագրութեան մէջ:

168.am-ի հետ զրոյցում ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով Կապանում հիւպատոսութիւն բացելու վերաբերեալ Իրանի Կառավարութեան որոշմանը, նկատեց՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ հիւպատոսութիւն բացելու խնդիրն արծարծւում էր բաւականին երկար ժամանակ, ընդ որում, խօսքը գրեթէ մէկ տասնամեակի կամ աւելի ժամանակահատւածի մասին է։

«Այս համատեքստում ենթադրւում էր, որ Հայաստանը պէտք է հիւպատոսութիւն ունենայ Թաւրիզում, երբեմն էլ խօսւում էր Սպահանի մասին։ Իրանն էլ իր հերթին՝ հիւպատոսութիւն պէտք է բացէր ՀՀ որեւէ խոշոր քաղաքում, խօսւում էր Կապանի մասին։ Եթէ իրանական դիրքորոշումները դիտարկենք Արցախի 44-օրեայ պատերազմի հետեւանքների համատեքստում, ապա ակնյայտ է, որ Իրանը կարեւորագոյն դերակատարում ունեցաւ, որպէսզի ապահովի Սիւնիքի մարզի անվտանգութեան զգալի հատւածը։

Պարզ էր, որ ադրբեջանաթուրքական դաշինքն իր «զանգեզուրեան միջանցք» ծրագիրը կեանքի կոչելու համար պատրաստ էր նոյնիսկ ռազմական ինտերւենցիայի։ Հետեւաբար՝ իրանական զօրաշարժերն էին այն զսպող գործօններից մէկը, որը թոյլ չտւեց Ադրբեջանին ու Թուրքիային գնալ այդ քայլին, իհարկէ, կային այլ գործօններ եւս, բայց սա այդ գործօններից մէկն էր։

Ակնյայտ է, որ Իրանը Սիւնիքի մարզի կենսականութիւնը հաշւի առնելով՝ ցանկանում է այնտեղ ունենալ աւելի լայն ու ակտիւ ներկայութիւն, դիմագրաւելու ադրբեջանաթուրքական հնարաւոր ոստնձգութիւններին։ Այստեղ խօսքը նաեւ քարոզչական տիրոյթում ոտնձգութիւնների մասին է։ Այս իմաստով Իրանի կառավարութեան այս քայլը շատ կարեւոր էր»,- նշեց Վարդան Ոսկանեանը։

Իրանագէտի կարծիքով՝ հայկական կողմից էլ չափազանց կարեւոր կը լինի, եթէ այս պատմական կտրւածքում կարողանայ իրականացնել Թաւրիզում հիւպատոսարան բացելու ծրագիրը։

Այդ երկու հիւպատոսութիւնները, ըստ Վարդան Ոսկանեանի, կիրականացնեն ոչ միայն դիւանագիտական, քաղաքական աշխատանքներ՝ Հայաստան-Իրան յարաբերութիւններ ամրապնդելու ուղղութեամբ, այլեւ կարեւոր ուղերձ կը լինի թշնամական այն պետութիւններին, որոնք մտածում են հայ-իրանական ցամաքային հաղորդակցութիւնը խափանելու մասին։

Միաժամանակ նա ընդգծեց, որ թշնամական պետութիւնների այս ծրագիրը միայն քարոզչական հնարք չէ, իրականութեան մէջ դրանք լուրջ ծրագրեր են եւ միտւած են թուլացնելու թէ՛ Հայաստանին, թէ՛ նրան կախւածութեան մէջ դնելու թուրք-ադրբեջանական դաշինքից։

«Այդուհանդերձ տեղին չէ ասել, որ իրանական հիւպատոսութեան ներկայութիւնը Կապանում կարող է թշնամու ագրեսիայի համար զսպող դեր ունենալ, սակայն այն, որ սա յստակ ուղերձ էր, եւ միջազգային դիւանագիտական լեզւով էլ այդ ուղերձը շատ հասկանալի էր եւ ուղիղ՝ ակնյայտ էր։ Միւս կողմից էլ, որպէսզի Սիւնիքի մարզում ունենանք շատ աւելի կայուն ու անվտանգ իրավիճակ, ռազմաքաղաքական բաղադրիչին զուգահեռ՝ պէտք է նաեւ հայ-իրանական յարաբերութիւնների տնտեսական բաղադրիչը զարգացնենք, այդ բաղադրիչը շատ դէպքերում պէտք է կենտրոնացւած լինի Սիւնիքի մարզում։

Խօսքը վերաբերում է Մեղրու ազատ տնտեսական գօտուն, Հիւսիս-Հարաւ աւտոճանապարհի հնարաւորին արագ ու որակեալ շինարարութեանը։ Մշտապէս խօսւում է հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակման, նաեւ իրանական Ջուլֆա-Երասխ երկաթգծի գործարկման մասին, որը ձեռնտու կը լինի թէ՛ Իրանին, թէ՛ Հայաստանին, որն ունի նաեւ որոշակի ռիսկեր։ Ռիսկերն ու վտանգները կապւած են նրա հետ, որ դրանով կը նւազի Սիւնիքի մարզի կարեւորութիւնը՝ որպէս Հայաստանի մնացեալ հատւածի եւ Իրանի միջեւ կապող օղակի։

Չափազանց կարեւոր է, որպէսզի իրանական բեռնատարները գնան հէնց Սիւնիքի մարզով եւ ցամաքային ճանապարհով։ Այդ ամէնը մեզ համար ոչ միայն տնտեսական, այլեւ աշխարհաքաղաքական կարեւորութիւն ունեն, իւրաքանչիւր իրանական բեռնատարի անցում Սիւնիքով ուղերձ է Թուրքիային եւ Ադրբեջանին, թէ որքանով է Սիւնիքը կարեւոր Հայաստանի համար»,- եզրափակեց Վարդան Ոսկանեանը։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։