Հա

Քաղաքական

11/01/2022 - 13:00

«Ղազախստանի դէպքերի ֆոնին Հայաստանի իշխանութեան պահւածքը հերթական անգամ ապացուցեց, որ այս իշխանութիւնը զրոյացրել է Հայաստանի սուբիեկտայնութիւնը». Վահէ Յակոբեան

«Փաստ» թերթի հարցազրոյցը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան նախագահ Վահէ Յակոբեանի հետ:

«alikonline.ir» - «Փաստ» թերթի հարցազրոյցը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան նախագահ Վահէ Յակոբեանի հետ:

 

- Պարոն Յակոբեան, տարին սկսւեց Ղազախստանում ներքաղաքական բուռն զարգացումներով, որոնք, բնական է, չեն կարող միայն Ղազախստանին առնչւել: Ի՞նչ ցոյց տւեցին այս իրադարձութիւնները եւ ի՞նչ ազդեցութիւն կը թողնեն աւելի լայն զարգացումների վրայ:

- Այսօր դեռ վաղ է ու բաւական դժւար յստակ գնահատականներ տալ Ղազախստանում տեղի ունեցածին եւ դեռ տեղի ունեցողին: Բաւական բարդ է հասկանալ բոլոր դերակատարներին եւ նրանց շարժառիթները, սոցիալական ընդվզման կապը սադրանքների կազմակերպիչների, ահաբեկիչների հետ, կամ դրա բացակայութիւնը: Բայց միանշանակ է, որ իրադարձութիւններն այնպէս եւ այնպիսի արագութեամբ էին զարգանում, որ կար արագ, օպերատիւ արձագանգի անհրաժեշտութիւն՝ կանխելու համար արիւնահեղութիւնը: Առաջին եւ կարեւորագոյն դասը, որ աշխարհը պէտք է քաղի Ղազախստանում տեղի ունեցողից, այն է, որ ուժի կիրառման, ահաբեկիչների ներգրաւման հանդէպ ընդհանուր առմամբ անտարբերութիւնն ու լռութիւնը խթան են դառնում այդ պրակտիկայի աւելի լայն կիրառման:

Երբ Ադրբեջանն ագրեսիա սանձազերծեց Արցախի նկատմամբ, երբ Թուրքիան ահաբեկիչներ տեղափոխեց տարածաշրջան ու ուղղեց նրանց Արցախի դէմ, լայն իմաստով աշխարհը ոչինչ չձեռնարկեց՝ սահմանափակւելով մի քանի ձեւական յայտարարութիւններով: Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան որեւէ պատասխանատւութեան չենթարկւեցին, պատիժ չկրեցին: Բնական է, որ անտարբերութիւնը եւ պատասխանատւութեան չենթարկելը ստեղծեցին անպատժելիութեան մթնոլորտ, ծառայեցին որպէս ուղերձ կամ ազդակ, որ այս գործիքը կարելի է անպատիժ կիրառել: Հետեւանքները տեսնում ենք այսօր Ղազախստանում եւ շարունակելու ենք տեսնել այլ վայրերում: Ասեմ աւելին, նոյնիսկ Ղազախստանում ուժով ահաբեկիչներին ճնշելով՝ այս հարցը չի լուծւելու, քանի դեռ այս ձեռագիրը որդեգրած երկրները պատասխանատւութեան չենթարկւեն, քանի դեռ նոյն Թուրքիան ու Ադրբեջանը եւ նրանց միջոցով ողջ աշխարհը չզգան, որ նման գործելաոճն անհետեւանք չի անցնում եւ անպատիժ չի մնում: Իսկ այն մասին, որ Ղազախստանում նոյն ահաբեկչական ձեռագրին ենք ականատես լինում, ինչ 2020-ին Արցախում, վկայում է, այդ թւում՝ գլխատւած ուժայինների մասին տեղեկատւութիւնը:

 

- Բուռն քննարկումների առիթ դարձաւ Ղազախստանի դիմումը ՀԱՊԿ-ին եւ Ղազախստան ՀԱՊԿ զօրակազմ ուղարկելը: Ինչպէ՞ս էք գնահատում ՀԱՊԿ գործողութիւններն այս համատեքստում եւ յատկապէս Հայաստանի դերակատարումն այդ ամենում:

- ՀԱՊԿ-ն իրեն դրսեւորեց որպէս արագ արձագանգի ունակ կառոյց: Իսկ մեզ համար այդքան ծանր բոլորովին թարմ դէպքերի հետ դրա համեմատութիւնը մի շարք հարցերի տեղիք է տալիս: 44-օրեայ պատերազմի ողջ ընթացքում, երբ առաջին օրերից կար ոտնձգութիւն, այդ թւում՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, ապա նաեւ պատերազմից յետոյ, երբ ադրբեջանական ԶՈՒ-ն անխոչընդոտ մուտք գործեց ՀՀ սուվերեն տարածքն ու առ այսօր գտնւում է ՀՀ տարածքում, Հայաստանի իշխանութիւնը կա՛մ չդիմեց ՀԱՊԿ-ին, կա՛մ դիմելու իմիտացիա արեց: Եւ այդ յանցաւոր անգործութեան ու յանցաւոր գործունէութեան համար այս իշխանութիւնը պատասխան է տալու: Ինչ վերաբերում է հարցի միւս բաղադրիչին, Հայաստանի գործող իշխանութիւնը հերթական անգամ ցուցադրեց իր անսկզբունքային ու անարժէք լինելը:

Առիթ ունեցել եմ ասելու, կրկնեմ, փողոցով իշխանութեան եկածը, նոյն մարդը, ով հրահրել է Մարտի 1-ը եւ պարծենում էր այն ժողովրդով, որ խլել էր ոստիկանից մահակն ու վահանը, այժմ զինւորներ է ուղարկում Ղազախստան, որ ղազախ ոստիկանից խլած վահանն ու մահակը յետ վերադարձնի նրան։ Եւ ամենազարհուրելին այն է, որ դա անում է՝ հերթական անգամ ժողովրդին որեւէ բացատրութիւն չտալով, որեւէ կերպ իր գործողութիւնները չհիմնաւորելով ու չմեկնաբանելով: Փաշինեանը նոյնիսկ ԱԺ արտահերթ նիստ չհրաւիրեց այլ երկիր զօրք ուղարկելու հարցով, իսկ Հայաստանը, յիշեցնեմ, խորհրդարանական երկիր է: Անվտանգութեան խորհրդի քարտուղարի ցինիկութիւնն էլ հերիքում է յայտարարելու, որ իրենք յոյս ունեն, որ նման իրավիճակում յայտնւելու պարագայում Հայաստանն էլ համապատասխան օժանդակութիւն կը ստանայ: Սա այլ կերպ, քան արժէքների եւ սկզբունքների լիակատար բացակայութիւն, դժւար է անւանել:

 

- Հանրային լայն քննարկումների առիթ դարձաւ Փաշինեանի գրառումը ֆէյսբուքեան իր էջում: Ինչպէ՞ս էք վերաբերւում դրան:

- Հայաստանը ՀԱՊԿ նախագահող երկիրն է, ինչն, ըստ էութեան, ընդամէնը կազմակերպչական, կոորդինացիոն պարտաւորութիւններ է ենթադրում: Այդ որոշումը, որ հրապարակւեց Փաշինեանի անունից, կառոյցի որոշումն էր, եւ ակնյայտ է, որ Փաշինեանը որեւէ պարտաւորութիւն չունէր այն իր սոցիալական էջում տեղադրելու: Ինչո՞ւ դա արեց՝ երեւի իրեն է պէտք հարցը ուղղել, բայց իր պարագայում ամենահաւանական բացատրութիւնն այն է, որ, իր ընկալմամբ, սեփական իշխանութեան երկարաձգման գործիք էր տեսել: Մենք մի բան կարող ենք ասել՝ Ղազախստանի դէպքերի ֆոնին Հայաստանի իշխանութեան պահւածքը հերթական անգամ ապացուցեց, որ այս իշխանութիւնը քայքայել ու զրոյացրել է Հայաստանի սուբիեկտայնութիւնը, այն ինքնիշխանութիւնը, որի մասին իրենք շարունակ դատարկաբանում էին:

 

Արսէն Սահակեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։