Հա

Քաղաքական

11/01/2022 - 13:05

«Հինգ քայլ դէպի փոփոխութիւն». Վահէ Յովհաննիսեան

Ինչպէս կոտրել նախորդ տարւայ ոչ յաջող իներցիան եւ ինչպէս աւարտել այս աննորմալ փուլը։ Մեզ ստորացնում են, մենք անընդհատ զիջում ենք, մենք զանգւածաբար լքում ենք երկիրը, մեզ բոլորիս թշնամացրել են միմեանց հետ ու զրկել հեռանկարից։ Եւ մենք չենք կարողանում փոխել վիճակը։ Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագէտ, ԱԺ նախկին պատգամաւոր Վահէ Յովհաննիսեանը:

«alikonline.ir» - Ինչպէս կոտրել նախորդ տարւայ ոչ յաջող իներցիան եւ ինչպէս աւարտել այս աննորմալ փուլը։ Մեզ ստորացնում են, մենք անընդհատ զիջում ենք, մենք զանգւածաբար լքում ենք երկիրը, մեզ բոլորիս թշնամացրել են միմեանց հետ ու զրկել հեռանկարից։ Եւ մենք չենք կարողանում փոխել վիճակը։ Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագէտ, ԱԺ նախկին պատգամաւոր Վահէ Յովհաննիսեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է.

«Քայլ առաջին. Հայաստանի յաջորդ իշխանութիւնը

«Նոր Հայաստանի եւ նրա կառավարիչների» էջի փակումն աւելի արագ եւ սահուն կը ստացւի, եթէ յստակ ձեւակերպենք յաջորդ իշխանութեան խնդիրները եւ բովանդակութիւնը։ Հայաստանի նոր իշխանութեան թեման պէտք է ինտենսիւ քննարկւի լայն հասարակութեան հետ՝ բոլոր ընտրազանգւածների։ Ինչպիսի՞ն պէտք է լինի նոր իշխանութեան առաքելութիւնը, լուծելիք խնդիրները, իշխանութեան որակը, ժամկէտները. այս բոլոր կէտերի շուրջ պէտք է սկսենք խօսել հանրութեան հետ։ Դա թոյլ կը տայ կոտրել մարդկանց ներսում առկայ ինտուիտիւ վախերը եւ աւելի հեշտ գնալ փոփոխութիւնների։

Կուլիսներում արդէն լուծում չկայ։ Ինչպէս ցոյց է տալիս կեանքը, հայկական կուլիսները մեծամասամբ խարդաւանքային որակների են, անհասկանալի կապերով ու շահերով։ Խմբերն ու անհատները շատ արագ կորում են կուլիսային իրենց ինտրիգներում, ու որեւէ պրոցես այնտեղ յաջողութեան չի հասնում։ Այնպէս որ պէտք է դուրս գալ կուլիսներից. նոր իշխանութեան թեման եւ պրոցեսը պէտք է առաւելագոյնս հանրայնացւի։ Թաքցնելու ոչինչ այլեւս չկայ։

Ընտրողին, հասարակութեանը եւ աշխարհասփիւռ հայութեանը պէտք է հասցնել մէկ պարզ ճշմարտութիւն. յաջորդ իշխանութիւնը գրեթէ զրոյից պէտք է կառուցի նոր պետութիւն։ Այլ իլիւզիաներ չպէտք է ունենալ։ Հայաստանի յաջորդ իշխանութիւնը ունի սուր խնդիրներ.

- Ներհայաստանեան օրակարգ՝ նոր մթնոլորտ երկրում, նոր բարքեր-խաղի նոր կանոններ, պետական ինստիտուտների վերակենդանացում-բարեփոխում, տնտեսութեան աճ։

- Հարեւանների, դաշնակիցների եւ միւս ազդեցիկ կենտրոնների հետ յարաբերութիւնների եւ ձեւաչափերի յստակեցում՝ վստահութեան, փոխշահաւէտութեան եւ երկարատեւութեան հենքի վրայ։

- Փակել Սիւնիքի թեման եւ հարցը հանել օրակարգից

- Կասեցնել Արցախի հայաթափումը

- Հայկական աշխարհի կոնսոլիդացիա, յետպատերազմեան օրակարգ

Յաջորդ իշխանութեան անելիքը ճիշտ ձեւակերպելը շատ կարեւոր է յաջորդ իշխանութեան թիմերը կոնսոլիդացնելու համար։ Սա բեկումնային պահ է։ Քանի սա չի արւել, յաջողութիւն չի լինելու։ Քանի դա չի արւել, Նիկոլն ունի շանսեր՝ հասարակութեանը հերթական անգամ բարիկադաւորելու, մթնոլորտը լարելու, խաբելու եւ վերջնահաշւարկում՝ պետութիւնը նոր վթարների ենթարկելու համար։

Հանրութեան մէջ կայ խորը տարածւած սխալ կարծիք՝ յաջորդ իշխանութեան անելիքների վերաբերեալ։ Մի մասը կարծում է, թէ կը չեղարկւեն նոյեմբերի 9-ի եւ միւս համաձայնութիւնները, մի մասն ունի մտավախութիւն, որ կը լինի պատերազմ, այլոք վստահ են, որ Շուշին ու Հադրութն արագ կը վերադարձւեն, աւելի լայն զանգւածները պատկերացնում են, որ վերականգնւելու է ընտրութիւնների «10 հազար դրամանոց» համակարգը, վերադառնալու են բոլորին յոգնեցրած ու մերժւած բարքերը, վերադառնալու է վարկաբեկւած պաշտօնեաների ցանկը, կամ՝ այսօրւայ իշխանութեան ներկայացուցիչները բոլորը յայտնւելու են բանտերում։

Հասարակութեանը պէտք է ուղիղ ասւի՝ ոչ մի միջազգային համաձայնութիւն չի չեղարկւելու (դա հնարաւոր չէ), Շուշի չի վերադարձւելու (տեսանելի ապագայում դա հնարաւոր չէ), ընտրութիւններ չեն կեղծւելու, ամենաթողութիւն ու տոտալ անարդարութիւն չի լինելու, ոչ ոք իշխանութեան մէջ լինելու համար բանտում չի յայտնւելու եւ այլն։ Հասարակութեանը պէտք է ուղիղ ասել՝ յաջորդ իշխանութիւնը պէտք է գրեթէ զրոյից սկսի պետութեան կառուցումը՝ բարքերից, անվտանգութեան համակարգերից մինչեւ տնտեսութիւն։ Աւերածութիւններն այնքան շատ են ու այնքան խորը, որ բոլոր ունակ մարդկանց, բոլոր սերունդների միասնական աշխատանքի կարիքն է լինելու։ Սրա մասին նոյնպէս պէտք է պարզ ասւի։

 

Շարունակելի

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։