Հա

Քաղաքական

11/01/2022 - 13:15

Մենք թուրքի հետ ապրել չենք կարող. Նորշէնում չեն հաւատում խաղաղութեան դարաշրջանին

2020-ի պատերազմից յետոյ Արցախի յատկապէս Մարտունու շրջանը յայտնւեց երեք կողմից շրջափակման մէջ, իսկ շրջանի բնակավայրերը տարբեր կողմերից թշնամու անմիջական թիրախի տակ յայտնւեցին։ Գնում ենք Նորշէն, որից մի քանի հարիւր մետր հեռաւորութեան վրայ՝ բարձունքում, ադրբեջանական ջոկատն է տեղակայւած՝ դիտարկելով գիւղի ամբողջ շարժը։

ՆԱՅԻՐԻ ՅՈԽԻԿԵԱՆ

 

Նորշէնի դպրոց տանող ճանապարհը թշնամու ուղիղ նշանառութեան տակ է, բայց երեխաները խաղում են բակում։

2020-ի պատերազմից յետոյ Արցախի յատկապէս Մարտունու շրջանը յայտնւեց երեք կողմից շրջափակման մէջ, իսկ շրջանի բնակավայրերը տարբեր կողմերից թշնամու անմիջական թիրախի տակ յայտնւեցին։ Գնում ենք Նորշէն, որից մի քանի հարիւր մետր հեռաւորութեան վրայ՝ բարձունքում, ադրբեջանական ջոկատն է տեղակայւած՝ դիտարկելով գիւղի ամբողջ շարժը։

Գիւղը համեմատաբար նոր պատմութիւն ունի։ Հիմնադրւել է 18-րդ դարում, ինչի համար էլ բնակավայրն ստացել է նոր շէն՝ նոր գիւղ անունը։ Նորշէն հասնելու համար հիմա երկու ճանապարհ կայ։ Մէկը շրջկենտրոն Մարտունու կողքով է՝ ասֆալտապատ ու յարմարաւէտ, բայց երկար, միւսը՝ գիւղերի միջով, քարքարոտ, լեռներով, ձորերով ու գեղեցիկ բնապատկերների ուղեկցութեամբ։ Արցախի հարաւն ընդհանրապէս սրընթաց փոխւող տեսարաններով է հարուստ։ Մէկ բարձրանում ես լեռան գագաթ ու հպւում ամպերին, մէկ էլ՝ մի քանի րոպէ անց յայտնւում հարթավայրում՝ արմաւենիներով զարդարւած քաղաքում։

Նորշէնում հանդիպում եմ գիւղամեջում նստած բնակիչների, որոնց միակ զբաղմունքը աշխարհի վիճակի մասին զրուցելն է։ Աշխատանքն այստեղ հեռաւոր երազանք է։ Յատկապէս ձմռանը մարդիկ եթէ դպրոցում, մանկապարտէզում կամ գիւղապետարանում չեն աշխատում, ապա ստիպւած են լինում ժամանակ սպանել մինչեւ գարուն ու կրկին արտագնայ աշխատանքի մեկնել։ Գիւղացիների հետ զրոյցի ժամանակ նկատում ենք 80-ի սահմանագիծը հատող վաստակաւոր ուսուցչուհի Լենա Խաչատրեանին կամ ինչպէս նրա նախկին աշակերտներն են դիմում՝ ընկեր Խաչատրեանին։

«Մեր գիւղը մօտ 380 տարւայ պատմութիւն ունի։ Մեր եկեղեցին կառուցել է գիւղի առաջին բնակիչ Տէր Կարապետը, որը գաղթել է Արեւմտեան Հայաստանից։ Նա եկել է հարեւան՝ հինաւուրց Հացի գիւղ, այնտեղից էլ տեղափոխւել այստեղ։ Մեր գիւղի ֆերմաներում վերջին 100-150 տարում յատկապէս ադրբեջանցիներ են աշխատել, որոնք անընդհատ յանցանքներ են գործել, սպանել են մեր գիւղի բնակիչներին»,- պատմում է տիկին Խաչատրեանը։

Ադրբեջանցիների թշնամանքի եւ այսօրւայ վտանգների մասին ուսուցչուհու խօսքին արձագանքում են տղամարդիկ, ովքեր 44-օրեայ պատերազմի ժամանակ եղել են առաջնագծում։ Պատերազմի վետերան Բորիս Ասրեանը զինւորականի աչքերով է նկարագրում վերջին ռազմական գործողութիւնների ժամանակ իր տեսածը․ «Ես արդէն հոկտեմբերի սկզբին հասկացայ, որ պատերազմը մեր օգտին չի գնում։ Ես 22 տարւայ սպա եմ, ես լաւ իմանում եմ մեր դիրքերը ու լաւ հասկանում էի, որ մենք ոչ միայն կարող էինք դիմադրել Ադրբեջանին, այլեւ կարող էինք նաեւ յաղթել։ Այստեղ մեծ դեր խաղաց Թուրքիան»։

Նորշէնցիները խօսում են նաեւ իրենց տագնապների ու սպասելիքների մասին։

«Ես չեմ հաւատում ոչ մի խաղաղութեան դարաշրջանի, մենք պէտք է զինւենք, որ բալանսը թշնամու հետ հաւասարեցնենք։ Նոյնիսկ այսօրւայ սահմաններով եթէ պաշտպանենք մեր տարածքը, էլի լաւ կը լինի, բայց եթէ փորձեն մեզ իրար հետ ապրեցնել, որ գնանք-գանք, չի լինի։ Մի հաշւէք, թէ 70 տարի ԽՍՀՄ ժամանակ միասին ենք ապրել, դա ուրիշ է։ Մենք թուրքի հետ միասին ապրել չենք կարող»,- ասում է Բորիս Ասրեանը։

Կորցրած տարածքներն ազատագրելու ոգով են երեխաների հետ խօսում Նորշէնի ուսուցիչները։ Դպրոցում սովորում է 55 աշակերտ, զրուցում եմ դպրոցականների ու դպրոցի տնօրէն Սամւէլ Աւանէսեանի հետ։ Դպրոց տանող ճանապարհը թշնամու ուղիղ նշանառութեան տակ է, երեխաներն էլ խաղում են շէնքի բակում։

Հարցնում եմ՝ չէ՞ք վախենում, որ հէնց հիմա ձեզ նայում է ադրբեջանցի զինւորը։ Բացասական պատասխան են տալիս։ Չեն համարձակւի մի բան անել․ 10-ամեայ երեխայի խօսքն է։ Դպրոցի տնօրէն Սամւէլ Աւանէսեանն էլ ասում է, որ հենց դպրոցից երեխաները պէտք է աւելի առարկայական իմանան զէնքի հետ շփւելու կանոնները, որ կարողանան պէտք եղած ժամանակ արդիւնաւէտ օգտագործել թշնամու դէմ՝ պաշտպանւելիս, թէ ազատագրելիս։

Գիւղի վաստակաւոր ուսուցչուհի Լենա Խաչատրեանը հրաժեշտին արտասանում է Նորշէնի բնակիչ Երազիկ Յարութիւնեանի բանաստեղծութիւնը Արցախի մասին․

«Այստեղ՝ Արցախի քարէ փեշերին,

Օրը դարի պէս ձգւում է երկար․․․

Այստեղ բուրմունք կայ, թրթիռ կայ օդում,

Մեղեդիներ կան հնչող անսկիզբ,

Եւ դարակուտակ մորմոքումներից

Ընդվզումներ են արթնանում անվերջ․․․»։

Armeniansputnik.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։