Հա

Քաղաքական

12/01/2022 - 13:25

Համազգայինի Երեւանի գրասենեակը ցաւակցութիւն է յայտնել Ռազմիկ Դաւոյեանի մահւան կապակցութեամբ

Խորապէս ցաւակցում ենք մեր ժամանակի մեծանուն բանաստեղծ սիրելի Ռազմիկ Դաւոյեանի մահւան առիթով։

Ռազմիկ Դաւոյեանի բովանդակալից կենսագրութեան մէջ մի հատւած նւիրւած է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնում նրա գործունէութեանը։

«alikonline.ir» - Խորապէս ցաւակցում ենք մեր ժամանակի մեծանուն բանաստեղծ սիրելի Ռազմիկ Դաւոյեանի մահւան առիթով։

Ռազմիկ Դաւոյեանի բովանդակալից կենսագրութեան մէջ մի հատւած նւիրւած է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնում նրա գործունէութեանը։

Սիրելի բանաստեղծը Համազգայինում աշխատած տարիներին ամէն ինչ արեց հանրութեանը հաղորդակից դարձնելու հայ գրականութեան մեծերին։

Ռազմիկ Դաւոյեանի անդառնալի կորուստը մեզ համակում է մի մխիթարանքով, որ նա դեռ երկար է ապրելու իր գրականութեամբ։

 

Համազգայինի Երեւանի գրասենեակ

 

 

«Նրա հոգին յաճախ է տագնապել…».

Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանի յիշատակի խօսքը մեծանուն բանաստեղծի մասին

 

Այլեւս մեզ հետ չէ հայ գրականութեան երեւելիներից մէկը՝ Ռազմիկ Դաւոյեանը։ Աներկբայ խոստովանենք՝ մեր ժամանակի մեծագոյն գրողներից Ռազմիկ Դաւոյեանը իր գրականութեամբ կամրջեց անցեալն ու ներկան՝ բացելով հաւիտենականութիւն գնացող ճանապարհի դուռը։

Ռազմիկ Դաւոյեանը տարիների ընթացքում իր ներկայութեամբ կարողացաւ բովանդակել այն միջավայրը, ուր գտնւեց։ Ղեկավարեց Հայաստանի գրողների միութիւնը, եղաւ Հայաստանի նախագահի խորհրդական, Համազգայինի Երեւանի գրասենեակի հիմնադիր անդամներից մէկը, ակտիւ գործունէութիւն ունեցաւ հասարակական -քաղաքական կեանքում։ Նրա ապրած տարիները նաեւ մերն է. քանի սերունդ եւ դեռ սերունդներ նրա ստեղծագործութիւններով պիտի հաղորդակցւեն ոչ միայն բարձրարժէք գեղարւեստին, այլ ապրեն մարդկային բոլոր այն հոգեվիճակները, որոնք Դաւոյեան բանաստեղծը հանճարի ուժով փոխանցել է մեզ։

Ռազմիկ Դաւոյեանի բանաստեղծական թախիծը մեզ չի յուսահատեցնում, այն անակնկալ ներս է մտնում բիբերի խոնաւ ճանապարհով եւ թափանցում էութեանդ մէջ: Իսկ յետոյ, յետոյ մարդն իրեն ապաքինւած է զգում, լաւատես է դառնում եւ հաւատով նայում աշխարհին։ Նա զարմանալի անկեղծ ու անմիջական է, երբեք չի վարանում ընթերցողին հաղորդակից դարձնել իր ապրումներին։ Բանաստեղծի հոգին յաճախ է տագնապել անդէմ ու անանուն լռութիւնից։ Սակայն նա նորից տուն է դառնում իր մենակութիւնը, իր շուրջը ծովացած լռութիւնը ցրելու յոյսով։

Ռազմիկ Դաւոյեան-բանաստեղծին յաջողւել է ստեղծել միանգամեան կենդանի ու շօշափելի պատկերներ, քեզ թւում է, թէ զգում ու տեսնում ես դրանք։ Ահա ինչպիսի պատկեր է ստեղծում նա երկնքի երկունքը ցոյց տալու համար. երկինքն արեւի պայծառութիւնը կորցնելու համար լալիս է յուզւած։ Ռազմիկ Դաւոյեանը ահա այսպէս է բառը դարձնում զգացմունք։

Մի առիթով նա գրել է. «Ամենակարեւորն ինձ համար այն է, որ անդաւաճան մնամ իմ կոչմանը, սուտ չգրեմ, որ դուք չհաւատաք»: Մենք Ռազմիկ Դաւոյեան բանաստեղծին ու մարդուն հաւատում ենք անվերապահ։ Այդ հաւատը նա վաստակել էր տարիների ընթացքում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։