Հա

Քաղաքական

13/01/2022 - 12:10

«Յետպատերազմեան վերականգնման համար Հայաստանին պէտք է ներհասարակական, ներընտրազանգւածային երկխօսութիւն»․ Վահէ Յովհաննիսեան

Հրապարակում ենք «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանի՝ «Հինգ քայլ դէպի փոփոխութիւն» վերտառութեամբ յօդւածի երկրորդ մասը:

«alikonline.ir» - Հրապարակում ենք «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանի՝ «Հինգ քայլ դէպի փոփոխութիւն» վերտառութեամբ յօդւածի երկրորդ մասը: Առաջին մասը կարող էք կարդալ այստեղ։

 

Քայլ երկրորդ. Միջընտրազանգւածային երկխօսութիւն

«Չկայ կասկած, որ մեր պարտութիւնների ու փլուզումների հիմքում հասարակութեան պառակտումն էր։ Հայաստանի եւ հայ ժողովրդի առաջ ամենամեծ յանցագործութիւնը ժողովրդին բզկտելն էր ու հասարակութեանը մինչեւ վերջին բջիջը պառակտելը։ Նրանք, ովքեր ծրագրել էին Հայաստանի պարտութիւնը, գիտական ճշգրտութեամբ իրենց ծրագիրը սկսեցին դրանով։

Մինչեւ հիմա, նոյնիսկ 5000 զոհ տալուց ու Շուշի կորցնելուց յետոյ մենք չենք կարողանում յաղթահարել պառակտումը։ Պառակտւած ենք ընդհուպ միկրոմիջավայրերի, ընտանիքների մակարդակով։

Բայց սա սկսւել է նախքան 2018-ը, երբ անտեսանելի ձեռքը լաւ տեսանելի գործիչներով մտցնում էր ղարաբաղցի-հայաստանցի բաժանումը, ու հարթակից եւ որոշ լրատւամիջոցներից տարիներ ի վեր չիջնող այդ թէզը մի օր բերեց յայտնի սեւ ու սպիտակի հանգրւանին։

Շատերի համար այդ թէզի հնչեցման օրը մեծ պարտութեան սկիզբն էր, շատերն այդ օրն արդէն հասկացել էին, որ աղէտ է լինելու։ Բայց, արդէն յայտնի դառած ամերիկեան ֆիլմի նման, անհնար եղաւ տագնապի ձայնը տեղ հասցնել։

Յետպատերազմեան վերականգնման համար Հայաստանին պէտք է ներհասարակական, ներընտրազանգւածային երկխօսութիւն։ Առանց դրա մենք ոչ մի արդիւնքի չենք հասնելու, առանց դրա մենք պետութիւն չենք կարողանալու պահել։

Պառակտւածութիւնն այսօր վտանգաւոր չափերի է։ Փոխադարձ ու բազմաշերտ անվստահութեան մակարդակն անհամատեղելի է պետականութեան հետ։ Այն զրոյացնում է տասնամեակների ընթացքում կուտակած մեր սոցիալական կապիտալը, որը պէտք է լինի հեռանկար ունեցող պետութեան հիմքում։

Հայաստանում պէտք է գնահատւած լինեն եւ առաջին պլան գան այն լիդերները, քաղաքական եւ հանրային գործիչները, որոնք հանդէս կը գան միջընտրազանգւածային երկխօսութեան եւ ներհասարակական համերաշխութեան տեսանկիւնից։ Եւ բոլոր նրանք, ովքեր կանեն հակառակը, պէտք է մերժւեն եւ վտարւեն հանրային կեանքից՝ որպէս պետականութեան սպառնալիք։

Պէտք է յստակ գիտակցել, որ միասնական հասարակութեան վերականգնումը ծայրայեղ բարդ խնդիր է։ Իսկ ո՞վ է ասել, որ սեւ ու սպիտակի բաժանման օտարերկրեայ հեղինակները թոյլ են տալու ներհասարակական համերաշխութիւն։ Դժւարը բաժանելն էր, իսկ երբ փաստը կատարւած է, եւ արդիւնքը՝ ակնառու, հետագայ խնդիրները լուծելու համար արւելու է ամէն ինչ՝ թոյլ չտալու համար հանրային համերաշխութիւն։ Վստահ եմ, որ պառակտման համար նոր ձեւակերպումներ եւ նոր բանաձեւեր արդէն մշակւած կը լինեն։

Հանրային կոնսոլիդացիա թոյլ չի տալու նաեւ Նիկոլի իշխանութիւնը։ Հանրային պառակտւածութիւնն այս իշխանութեան թթւածինն է։

Հաշւի առնելով այս ամէնը՝ մէկ անգամ եւս պէտք է արձանագրել, որ հայութեան գիտակից ռեսուրսը պէտք է դրւի ներհասարակական երկխօսութեան եւ համերաշխութեան վերականգնման համար։

Եւ յաջողութեան կը հասնի այն լիդերը եւ քաղաքական հոսանքը, որը հանդէս կը գայ այդ դիրքերից»։

 

Շարունակելի

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։