Հա

Քաղաքական

13/01/2022 - 12:30

«Եթէ «Google»-ը գնայ այդ քայլին, փաստօրէն կը ստացւի, որ ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն սատարում է Ադրբեջանին». Դաւիթ Բաբայեան

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանի խօսքով՝ թէեւ Արցախում Ադրբեջանի ագրեսիւ գործողութիւնները եւ նրա կողմից ներկայացւած դիմումը «Google»-ին՝ հայկական անւանումները ադրբեջաներէնով փոխելու վերաբերեալ, երկու տարբեր հարցեր են, սակայն մէկը միւսի հետ անմիջական կապ ունեն։

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանի խօսքով՝ թէեւ Արցախում Ադրբեջանի ագրեսիւ գործողութիւնները եւ նրա կողմից ներկայացւած դիմումը «Google»-ին՝ հայկական անւանումները ադրբեջաներէնով փոխելու վերաբերեալ, երկու տարբեր հարցեր են, սակայն մէկը միւսի հետ անմիջական կապ ունեն։

«Ադրբեջանի կողմից «Google»-ին դիմելը եւ առհասարակ նրա գործողութիւններն ամբողջութեամբ հայատեացութեան դրսեւորումներ են։ Փաստօրէն Ադրբեջանը շարունակում է ցեղասպան, ահաբեկչական քաղաքականութիւնը, նաեւ տեղեկատւական, մշակութային ոլորտում եւ բոլոր այլ ուղղութիւններով։ Ի՞նչ է նշանակում՝ հայկական անւանումները փոխարինեն ադրբեջաներէնով, սա ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ Արցախի մշակութային ցեղասպանութեան իրականացում։ Հիմա եթէ «Google»-ը գնայ այդ քայլին, փաստօրէն կը ստացւի, որ ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն սատարում է, հասկանալով կամ չհասկանալով։ Բնականաբար, մենք ձեռքներս ծալած չենք նստելու, շարունակելու ենք եւ փորձելու ենք հակադրւել հակառակորդի նման քայլերին, որովհետեւ կրկնում եմ՝ սա ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ ցեղասպան քաղաքականութեան շարունակութիւն»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Դաւիթ Բաբայեանը։

Ինչ վերաբերում է Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիաներին, որոնք պարբերաբար կրկնւում են, Դաւիթ Բաբայեանը նշեց, որ այդ ամէնը Ադրբեջանի քաղաքականութիւնն է, որն իրականացնում է՝ ինչպէս քարոզչական, այնպէս էլ՝ դիւանագիտական ու քաղաքական դաշտում։

«Նման քաղաքականութիւնն Ադրբեջանի էութիւնն է, որից երբեք չի հրաժարւել։ Այդ պատճառով էլ նրա գործողութիւնները չպէտք է լինեն ինչ-որ անակնկալ կամ արտառոց ինչ-որ դէպք։ Սա այն է, ինչ միշտ եղել է Ադրբեջանը եւ այդպէս էլ շարունակելու է»,- յաւելեց Արցախի Հանրապետութեան արտաքին գերատեսչութեան ղեկավարը։

Այս համատեքստում Դաւիթ Բաբայեանը նաեւ անդրադարձավ Նիկոլ Փաշինեանի յայտարարած «խաղաղութեան դարաշրջանին», նկատելով՝ եթէ խօսում են տեսական մօտեցումներից՝ ընդհանրական ու արժէքային, ապա ո՞վ չի ցանկանում, որպէսզի խաղաղութեան դարաշրջան լինի, միայն աննորմալ մարդիկ նման բան չեն ցանկանայ։ Սակայն, ի դէմս Ադրբեջանի եւ Թուրքիայի, տեսանելի չէ, որ նրանց մօտ լինի թէկուզ չնչին պատրաստակամութիւն գոնէ նորմալ երկխօսութիւն հաստատելու համար։

«Նրանք ամէն ինչ անում են, որպէսզի մեզ վնասեն, այսինքն՝ ամէն մի ստոր քայլի դիմում են։ Նրանց այս քաղաքականութիւնն ամենուր է։ Տեսէք, թէ Ադրբեջանում ինչպիսի մթնոլորտ է տիրում, ինչպիսի հայատեաց յայտարարութիւններ են անում՝ Ալիեւից սկսած՝ մինչեւ մսուր-մանկապարտէզի սան։ Այդ հայատեացութիւնը սերմանւել է նրանց հասարակութեան մէջ։ Ակնկալել, որ կարող է Ադրբեջանի քաղաքականութեան մէջ լինի բեկումնային փոփոխութիւն՝ իրատեսական չէ»,- շեշտեց Դ. Բաբայեանը։

Ինչ վերաբերում է յունւարի 11-ին թշնամու կողմից Ստեփանակերտի ուղղութեամբ կրակ արձակելուն, Դաւիթ Բաբայեանը նախ նշեց, որ երբ նման տեղեկութիւններ են տարածւում, անպայման պէտք է ճշտել պետական մարմիններից, քանի որ երբեմն մարդիկ տարածում են չճշտւած տեղեկութիւններ։

«Կարող եմ ասել, որ Արցախում որեւէ խուճապ չկայ ու չի էլ կարող լինել։ Իսկ այդ կրակոցները մենք տեսանք Թաղավարդում ու Կարմիր Շուկայում, նրանք թիրախաւորել էին քաղաքացիական օբիեկտ, որը տեղակայւած է եղել մանկապարտէզի մօտ։ Նախիջեւանիկում կրակ են բացել գիւղացիների վրայ, սա է Ադրբեջանի էութիւնը, սա է իրական Ադրբեջանը»,- եզրափակեց Դաւիթ Բաբայեանը։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։