Հա

Քաղաքական

13/01/2022 - 12:45

«Պատասխանատու մարդիկ աւելի լայն գործունէութիւն պիտի վարեն հրապարակային ասպարէզում». Հարցազրոյց Էդգար Էլբակեանի հետ

Պատերազմում մեր կրած պարտութեան պատճառահետեւանքային կապերի գտնելու համար կառուցողական, առողջ դիսկուրսների ձեւաւորումն անհրաժեշտութիւն է: Որոշիչ քայլեր են կարող կատարւել օբիեկտիւ, ազատ, անկաշկանդ, բազմակողմանի, զրոյցների ձեւաւորման միջոցով: Դրանք կարող են վերածւել զարգացման հիմնարար աղբիւրի, եւ արժեհամակարգային վերագտնման կողմնորոշչի:

«alikonline.ir» - Պատերազմում մեր կրած պարտութեան պատճառահետեւանքային կապերի գտնելու համար կառուցողական, առողջ դիսկուրսների ձեւաւորումն անհրաժեշտութիւն է: Որոշիչ քայլեր են կարող կատարւել օբիեկտիւ, ազատ, անկաշկանդ, բազմակողմանի, զրոյցների ձեւաւորման միջոցով: Դրանք կարող են վերածւել զարգացման հիմնարար աղբիւրի, եւ արժեհամակարգային վերագտնման կողմնորոշչի:

Իհարկէ, վերջնական լուծումների հասնելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ, որը ենթադրում է համընդհանուր քայլերի ամբողջութիւն, իւրաքանչիւր ոլորտի մասնագէտի, անհատի ասելիքի ներգրաււոմ, որոնք կարող են նպաստել համընդհանուր ՄԵՆՔ-ի ձեւաւորմանը, «ազգային» բաղադրիչի զարգացմանը, արդիականացնելուն: Հնարաւոր է, դա մեզ օգնի կանգնեցնել պարտութեան չընդհատւող շղթան, գլուխ բարձրացնել, չկորչել համաշխարհային ահագնող զարգացումների, շնչելու առիթ չտւող փոփոխութիւնների եւ ազգային յետընթացի ֆոնին: Դիսկուրսներին զուգահեռաբար, պակաս կարեւոր չեն, խօսել, բարձրաձայնել այն նախագծերի, քայլերի մասին, որոնք կարող են աջակցել մեր հաւաքական ԵՍ-ի վերագտնմանը:

Էդգար Էլբակեանի հետ ունեցած զրոյցի ընթացքում խօսեցինք՝ ազգային ինքնութեան, պարտութեան պատճառների, ազգայինն ընդգծելու անհրաժեշտութեան, այլ հետաքրքիր թեմաների մասին:

Էդգար Էլբակեանը քաղաքագէտ է, Երեւանի պետական համալսարանի ռազմավարական հետազօտութիւնների գիտահետազօտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող: Վերլուծաբան, յօդւածագիր, Արցախի կառավարութիւնում եղել է պետնախարարի աշխատակազմի «Տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի» բաժնի գլխաւոր մասնագէտ։ Աշխատել է նաեւ ազատագրւած, ապա թշնամուն յանձնւած Քաշաթաղի շրջանի վարչակազմում։ «Հայկական նախագծի» համահիմնադրիրներից է, որի մասին կը պատմի ինքը:

 

- Էդգար, առաջինը՝ կը պատմե՞ս խնդրեմ «Հայկական նախագծի» հիմնադրման մասին, ոնց ձեւաւորւեց գաղափարը:

- «Հայկական նախագիծը» հիմնել ենք հինգ ընկերներով՝ տարածաշրջանային հարցերով փորձագէտ Կարէն Իգիթեանը, քաղաքատնտեսագէտ Հրանդ Միքայէլեանը, թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Վարուժան Գեղամեանը, Իսրայէլի հարցերով մասնագէտ Սերգէյ Մելքոնեանը եւ ես՝ քաղաքագէտ Էդգար Էլբակեանս։ Բացի ընկերութիւնից՝ մեզ միաւորում է նաեւ այն, որ մենք մասնագիտօրէն ուսումնասիրել եւ ճանաչել ենք Հայաստանի մերձակայ տարածաշրջանը, եւ ըստ այդմ՝ յստակ պատկերացում ենք ունեցել մեր առջեւ ծառացած սպառնալիքների եւ անելիքների մասին։ Մինչեւ պատերազմը մեզնից իւրաքանչիւրը փորձում էր, իր տեղում իր բաժին գործը լաւ անելով, նպաստ բերել հայրենիքի շէնացմանը։ Դժբախտաբար, վերջին պատերազմում Հայաստանի կրած պարտութիւնից եւ անձնատւութիւնից յետոյ հասկանալի դարձաւ, որ «ամէն մէկս մեր տեղում մեր գործը լաւ անենք» ձեւակերպումն սպառել է իրեն, եւ պատասխանատու մարդիկ աւելի լայն գործունէութիւն պիտի վարեն հրապարակային ասպարէզում։ Այդ մտքով ստեղծեցինք «Հայկական նախագիծ» հասարակական կազմակերպութիւնը։ Անւան հիմքում ընկած խորհուրդն այն է, որ պատմական Հայաստանի տարածքում Հայաստան պետութիւնը՝ որպէս Հայկական լեռնաշխարհի բնիկ տէրերի՝ հայերի ինքնիշխան քաղաքական կազմաւորում, մեր ազգի ամենամեծ նախագիծն է։

Մեր գործունէութեան նպատակներից մէկը Սփիւռքի հետ կապերի ամրապնդումն է՝ կրթալուսաւորչական ծրագրերի եւ հանրային բանախօսութիւնների միջոցով։ Արդէն իսկ նմանատիպ միջոցառումներով հանդէս ենք եկել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի տասը համայնքներում, հրաւէրներ ունենք Ֆրանսիայի, Կանադայի, Արգենտինայի եւ ամերիկեան այլ համայնքներից։ Բացի այս, իրականացնում ենք հանրային (ոչ ֆորմալ) կրթական ծրագրեր, որոնցից առանցքայինը «Հայկական համալսարան» երեկոյեան դասընթացների շարքն է, որի միջոցով յիսունի չափ ունկնդիրներ կարողանում են արդիական գիտելիք ստանալ տարածաշրջանի, քաղաքագիտութեան, ժողովրդագրութեան, ժամանակակից մեդիայի, հայոց պատմութեան հիմնախնդիրների եւ յարակից գիտակարգերի մասին։ Բացի «Հայկական համալսարանից»՝ իրականացնում ենք նաեւ արտաերեւանեան-մարզային բաց դասախօսութիւններ։

Մեր կրթալուսաւորչական գործունէութեան միւս ձեւաչափը «Մարզահոս» գիտահանրամատչելի իւթուբեան հաղորդաշարն է, որտեղ հայաստանեան եւ համաշխարհային պատմութիւնների օրինակով ուրւագծում ենք մեր երկրի ներկայիս մարտահրաւէրները եւ դրանց հնարաւոր լուծումները։ Սրանից զատ՝ ակտիւօրէն իրականացնում ենք հանրային իրազեկման արշաւներ Հայաստանի համար օրախնդիր թեմաներով (Հայրենիք-Սփիւռք կապեր, «թուրքական միջանցք», արցախեան հիմնախնդիր եւ այլն)։ Մեր կազմակերպութեան այս ամբողջ գործունէութիւնը հնարաւոր է դառնում մեր թիմի ամենօրեայ գիտահետազօտական քրտնաջան աշխատանքի եւ միմեանց միջեւ գիտելիքի անընդհատ փոխանակման շնորհիւ։

 

- Ինչպէս «Հայկական նախագիծի» գաղափարին՝ հետեւելով, այնպէս էլ՝ գործունէութեանդ հետեւելով առանցքային է քո համամէտ, ազգային դիրքորոշումները: Հետաքրքիր է, թէ ինչպէս է ազգայինի քո ընկալումը, սահմանումը, եւ ինչպէս է այն հասունացել քեզ մօտ:

- Ազգայինը սահմանելը բարդ չէ։ Այս կամ այն ժողովրդի ազգային արժէքները նրա պատմութիւնն են, լեզուն, կրօնաեկեղեցական ինքնութիւնը եւ ինքնատիպ մշակոյթը։ Հանգունօրէն(ճիշտ նոյն կերպ) ազգային են այն բոլոր հանրակարգերը, որ նպաստում են այդ արժէքների պահպանութեանը, վերարտադրութեանը եւ զարգացմանը։ Մեր դէպքում եւս ունենք ազգային լեզու, պատմութիւն, եկեղեցի, եւ իհարկէ, պետականութիւն։ Ազգայնասէր կամ հայրենասէր լինելը բնական երեւոյթ է եւ բնազդային մակարդակում այս կամ այն չափով կայ բոլոր մարդկանց մօտ։ Հետեւաբար, խնդիրը ոչ այնքան գլոբալիզմն է, որ շատ տեղերում սրբում է ազգայինի սահմանները, եւ դիցուք՝ Սուրբ Սարգսի տօնին փոխարինում է Սուրբ Վալենտինի տօնը (թէպէտ դա եւս խնդիր է), այլ որ աւետարանական վերջին օրերի պէս բազում սուտ մարգարէներ կան, որ մոլորեցնում են մարդկանց՝ ներկայանալով ազգային կերպարի քօղի ներքոյ։ Մարդիկ դիւրահաւատ են եւ դիւրաթեք, եւ մանաւանդ այսօրւայ հաղորդակցային տեխնոլոգիաների պայմաններում, երբ բարդ չէ վախերի եւ ատելութեան կառավարման միջոցով ապակողմնորոշել մարդկանց, անգամ բնականից հայրենասէր մարդուն կարելի է համոզել, որ դիցուք՝ «ճիշտ հայրենասիրութիւնը թուրքերի հետ բարիշելն է»։ Այլապէս պարզ աշխատաւոր կամ շինական մեծաւ մասամբ հայրենասէր են։ Փոքր-ինչ փոխելով ռուս գրող Մ․ Բուլգակովի տողերը, կարող ենք ասել՝ «Մարդիկ նոյն մարդիկ են՝… սովորական, ընդհանուր առմամբ նախկին մարդկանց պէս, սուտ մարգարէները փչացրին նրանց»։

 

- Գիտես, Էդգար, նոր սերնդի որոշ հատւածի մօտ կարծիք կայ, այն մասին թէ հնարաւոր է զարգացման ինչ-որ կէտի կամ փուլի հասնել, որտեղ ազատ կը լինես անել/ասել այն ինչ ուզում ես: Ինչ ես կարծում կա՞յ արդեօք աշխարհում, խօսքի ազատութիւն կամ ազատ մամուլ:

- Խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, որ կարծում են, թէ կարելի է անել այն, ինչ ուզում ես՝ դրա տակ նկատի ունենալով օրիս սպառողական հասարակութեան ընձեռած մարմնաֆիզիկական վայելքները, ընթերցել Ջոն Կալհունի «Մահաշար․ մկների պոպուլեացիայի կտրուկ աճը եւ վերացումը» գիտական յօդւածը (Death Squared: The Explosive Growth and Demise of a Mouse Population) (1973 թ․)։ Կերի եւ ջրի անսահմանափակ պաշար ունեցող գիտափորձի մկները, ստիպւած չլինելով պայքարել այն ամենի համար, որի համար պայքարում են բնական պայմաններում՝ ռեսուրսներ, տարածք, էգեր, կուտակւած ամբողջ էներգիան ուղղում են բազմացմանը, սակայն յաջորդող սերունդներն արդէն կտրւելով կեսնական պայքարից, սկսում են անել այն, ինչ ուզում են, վարում են աննպատակ գոյութիւն, եւ ի վերջոյ, աստիճանաբար դադարում են բազմանալ ու վերանում են։ Այս նկարագրութիւնը (այդ թւում՝ աշխարհով մէկ ցածր ծնելիութիւնը) մէկ առ մէկ համապատասխանում է ներկայիս յետարդիւնաբերական դարաշրջանի ազատական տիպի հասարակութիւններին։ Ի դէպ, սա է նաեւ Հայաստանի պարտութեան խիստ խորքային պատճառներից մէկը: Մենք կարծեցինք, թէ 1994 թ-ին պատերազմն աւարտւել է, մեղկացանք եւ պարտւեցինք։ Ռեսուրսների, վերարտադրութեան եւ սեփական սահմանների պաշտպանութեան ու ընդարձակման յարատեւ պայքարն է կենդանի պահում ցանկացած ժողովրդի ու պետութեան։

 

- Էդգար դու պնդում ես, որ սեփական սահմանների պաշտպանութեան ու ընդարձակման յարատեւ պայքարն է կենդանի պահում ցանկացած ժողովրդի ու պետութեան, մինչդեռ, օրինակ, պարտութեան այլ պատճառները հասկանալու ուղղութեամբ, ոմանք ասում են, թէ մէկ է Արցախը կորցնելու էինք, եւ յաղթանակը պահելը միֆ էր: Պնդում են, թէ պարտւեցինք նման միֆերին հաւատալու պատճառով, որ ազգը հզօրացնելու, Արցախը չզիջել ցանկանալու գաղափարը ծաւալապաշտական է: Ի՞նչ ես կարծում Արցախը կորցրեցինք, որովհետեւ մեր մէջ «ոչմիթիզականներ» են եղել, թէ՞ այլ պատճառներ կան:

- Ինչ վերաբերում է պարտութեան այլ պատճառներին, ապա դա ոչ թէ «ոչմիթիզականութեան» պատճառով է, այլ «տանքպրծնենքականութեան»։ Առաջին նախագահը հայոց քաղաքական մտածողութեան մէջ ներմուծեց «Արցա՞խ, թէ՞ երշիկ» կեղծ հակադրութիւնը, իսկ ազգային դաշտը չկարողացաւ յաւուր պատշաճի հիմնաւորել, որ առանց Արցախի երշիկ չի կարող լինել (հէնց այսօր Հայաստանում թանկանում են բազում բազային ապրանքների եւ ծառայութիւնների գներ)։ Այսօր «տանքպրծնենքականները» սուտ մարգարէի լրբութեամբ նախայարձակ են անում՝ «տեսա՞ք, որ ասում էինք»՝ ջանալով թաքցնել այս ողբերգութեան մէջ իրենց արատաւոր գործունէութեան արմատները։ Նորից կը կրկնեմ՝ պարտւեցինք, որովհետեւ ամէն գնով ցանկացանք խոյս տալ պատերազմից։ Իսկ հայրենական պատերազմից խուսափելը նշանակում է միանգամից կամ աստիճանական ոչնչացում։

 

- Ասացիր, որ սփիւռքեան տաբեր համայնքներում ներկայացրել էք «Հայկական նախագիծը», հետեւաբար նաեւ շփւել էք սփիւռքահայերի հետ: Դո՞ւ ինչպէս ես վերաբերւում սփիւռքին: Ինչ ես կարծում՝ ինչպէ՞ս է սփիւռքի ապագան: Ինչի՞ է անհրաժեշտ ձգտել:

- Սփիւռքին բնորոշ են այն նոյն խնդիրները եւ տագնապները, որ կան Հայաստանում՝ պառակտւածութիւն, ապակողմնորոշում, յուսալքութիւն եւ անտարբերութիւն։ Միեւնոյն ժամանակ, Սփիւռքում տեսել ենք այն նոյն լուսաւոր կէտերը, որ կան Հայաստանում՝ նւիրեալ եւ բանիմաց անձինք, խմբեր, շրջանակներ, որ հասկանում են Հայաստանի իրական մարտահրաւէրները եւ նախանձախնդիր են դրանց լուծման հարցում։ Ինչ վերաբերում է Սփիւռքի ապագային, ապա միգուցէ իրանահայերի պարագան փոքր-ինչ իւրօրինակ եւ տարբեր է, բայց որպէս կանոն՝ առանց ուժեղ հայրենիքի չկայ Սփիւռք եւ բոլոր ազգերի սփիւռքների վերջնական հանգրւանը պէտք է լինի հայրենադարձութիւնը։ Իսկ մինչ այդ, միջնաժամկէտ հեռանկարում, Սփիւռքը եւս պիտի ջանանք կազմակերպել ոչ միայն աւանդական ակումբ-եկեղեցի-մամուլ շղթայի շուրջ, այլ քիչ թէ շատ քաղաքական ընդհանուր դիմագծի շուրջ՝ միաւորւած Հայաստանի գաղափարին։ Այլ հարց է, որ ներկայիս պարտւողական իշխանութիւնների օրակարգում դասական իմաստով Սփիւռքը չկայ, այսինքն՝ այն Սփիւռքը, որ հետեւանք է թուրքերի կողմից Հայաստանի տարածքի մեծ մասի զաւթման եւ հայերի հայրենազրկման։ Սրանց համար Սփիւռքի առանձին շրջանակները հետաքրքիր են միայն այնքանով, որ ի զօրու են պառակտում մտցնել սփիւռքեան ազգային կառոյցների մէջ եւ սատարել Հայաստանում իրենց պարտւողական իշխանութեան շարունակմանը։

 

- Շնորհակալ եմ Էդգար ջան:

 

Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։