Հա

Քաղաքական

15/01/2022 - 09:50

«Արցախը նոյն սուբիեկտն է եւ պայքարում է անկախութեան ճանաչման ու կորսւած տերիտորիայի վերականգնման համար»․ Արմէն Սարգսեան

Արցախը երբեք չի շեղւելու իր ինքնորոշման ճանաչման ճանապարհից, եւ յետոյ միանալու է Մայր Հայաստանին` Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդական, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արմէն Սարգսեանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին յայտարարութիւնները, իբրեւ թէ Մինսկի Խումբը կարող է ունենալ իր օրակարգը, բայց դա ոչ մի կապ չպէտք է ունենայ Լեռնային Ղարաբաղի հետ, քանի որ Ղարաբաղի հարցն արդէն լուծւած է։ Ի պատասխան այս խօսքերի՝ Արցախի ԱԳՆ-ն յայտարարութեամբ հանդէս եկաւ։

«alikonline.ir» - Արցախը երբեք չի շեղւելու իր ինքնորոշման ճանաչման ճանապարհից, եւ յետոյ միանալու է Մայր Հայաստանին` Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդական, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արմէն Սարգսեանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին յայտարարութիւնները, իբրեւ թէ Մինսկի Խումբը կարող է ունենալ իր օրակարգը, բայց դա ոչ մի կապ չպէտք է ունենայ Լեռնային Ղարաբաղի հետ, քանի որ Ղարաբաղի հարցն արդէն լուծւած է։ Ի պատասխան այս խօսքերի՝ Արցախի ԱԳՆ-ն յայտարարութեամբ հանդէս եկաւ։

«Ադրբեջանը միշտ էլ փորձել է ամէն առիթ օգտագործել՝ ցոյց տալու համար, որ Ղարաբաղի հարցը լուծւած է։ Երբ նոյնիսկ Մինսկի խմբի համանախագահները աշխատում էին այստեղ եւ Ադրբեջանը պարբերաբար հանդիպում էր՝ սովորական աշխատանքը գնում էր, Ադրբեջանը միշտ փորձում էր սեփական ժողովրդին համոզել, որ սա գնում է Ղարաբաղի վերաբերեալ Ադրբեջանի տերիտորիայում որոշակի խնդիրների լուծման համար։ Սա ոչ մէկի համար նորութիւն չէր եւ Ադրբեջանը պատերազմից յետոյ էլ պարբերաբար այդ հարցը այդպէս է ներկայացնում։ Բայց հարցն այն է, որ Արցախի Հանրապետութիւնը քաղաքականութիւն է վարում ոչ թէ յենւելով ուրիշների ասածների կամ ուրիշների քաղաքականութեան վրայ, այլ 1991 թ-ի անկախութիւնից յետոյ տարւող ճանապարհով՝ առաջ տանելով ինքնորոշման իրաւունքի ճանաչումը»,- ասաց Արմէն Սարգսեանը։

Նա վստահեցրեց, որ իրենք աշխատում են ինքնորոշման իրաւունքի ճանաչման ուղղութեամբ, եւ աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Աւստրալիայում, Ֆրանսիայում տարբեր նահանգներ արդէն ճանաչել են Արցախը, եւ իրենք շարունակում ենք այդ ճանապարհով։

«Բնական է, ուրեմն կայ պրոբլեմ, որ Ալիեւը անդրադառնում է Արցախի հարցին, եթէ լուծւած լինէր՝ այդ պրոբլեմին չէր անդրադառնայ։ Մենք շեշտում ենք, որ Արցախի հարցը պէտք է լուծւի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքով եւ շեշտում ենք Ռուսաստանի շատ մեծ դերը տարածաշրջանում՝ Արցախում պատերազմը կանգնեցւելու հարցում։ Ռուսական խաղաղապահները հիմնականում ապահովում են խաղաղութիւնը»,- ասաց նա։

Արցախի նախագահի խորհրդականը վստահեցրեց, որ Արցախի Հանրապետութիւնը ինչպէս եղել է մինչեւ պատերազմը, այնպէս էլ մնում է՝ իր նախագահով, ԱԺ-ով, խնդիրը միայն այն է, որ Արցախը կորցրել է տարածք։

«Եթէ առաջին պատերազմում յաղթել ենք, երկրորդում՝ 16 թ-ին, Ադրբեջանն է խնդրել Ռուսաստանին, որ կանգնեցնի պատերազմը, ապա այսօր մենք, այո, պարտութիւն ենք կրել, յաղթել է Ադրբեջանը մասնակիօրէն, իսկ պատերազմում յաղթում ես, թէ պարտւում՝ նոյն սուբիեկտը մնացել ենք եւ մենք պայքարում ենք անկախութեան ճանաչման համար ու կորսւած տերիտորիայի վերականգնման համար»,-ասաց Արմէն Սարգսեանը։

 

Արցախը երբեք չի շեղւելու իր ինքնորոշման իրաւունքի ճանաչման ճանապարհից, որի առաջին քայլը հետագայում լինելու է Մայր Հայաստանին միանալը

Այսօր դիւանագիտական մեծ ասպարէզ է բացւել մեզ համար, նշեց նա, եւ մենք փորձում ենք այդ ուղղութեամբ աշխատել։

«Հիմա ես ընդհանրացնեմ. թիւր պատկերացում կայ Արցախի քաղաքականութեան վերաբերեալ։ Ամրագրենք. ուրեմն շարունակում ենք Արցախը որպէս անկախ հանրապետութիւն ճանաչելու քաղաքականութիւնը, Արցախը Հայաստան է, բայց կայ այդ Հայաստանի մէջ երկու հանրապետութիւն՝ Հայաստանի Հանրապետութիւն եւ Արցախի Հանրապետութիւն։ Սա պէտք չէ շփոթել, միանշանակ շեշտում ենք՝ Արցախը Հայաստան է, դրա 10-րդ նահանգն է, բայց այսօր կայ երկու հանրապետութիւն՝ Արցախի Հանրապետութիւն եւ Հայաստանի Հանրապետութիւն»,- ասաց Արմէն Սարգսեանը։

Նա նշեց, որ Արցախի Հանրապետութիւնը շարունակում է պայքարել իր անկախութիւնը ճանաչելու համար, իսկ Հայաստանի Հանրապետութիւնը վարում է բանակցութիւնները, բայց վարում է մինչեւ այն կէտը, երբ պէտք է լուծւի Արցախի հարցը։ Արցախի հարցի լուծման համար պարբերաբար տեղեկութիւն է տալիս Ղարաբաղի իշխանութիւններին։ Այսինքն, Ղարաբաղը անուղղակիօրէն բանակցային գործընթացում է, եւ վերջնական լուծման հասնելու համար անպայման Արցախը պէտք է ընդգրկւի եւ արցախցիները որոշեն ելքը։

«Այսինքն, Հայաստանը չի կարող դուրս մնալ բանակցութիւներից, որովհետեւ այսօր եւ այն ժամանակ, երբ Արցախն ընդգրկւի, Հայաստանը մնում է Արցախի անվտանգութեան երաշխաւորը։ Եւ այս իմաստով մենք երկու տարբեր վերլուծութիւններ ենք տեսնում. ես շեշտեցի մե՛ր քաղաքականութիւնը։ Հետեւաբար, Արցախի հարցը պէտք է լուծւի Մինսկի խմբի շրջանակներում, եւ շեշտում ենք այն շատ մեծ դերը, որ ռուսները ունեն խաղաղութիւնը պաշտպանելու հարցում։ Սա Արցախի քաղաքականութեան ստրատեգիան է»,- ասաց Արմէն Սարգսեանը։

Խօսելով ՀՀ գործող իշխանութիւնների՝ Արցախի հարցով քաղաքականութեան մասին, նա նշեց, որ անկախ նրանից, թէ Հայաստանի կառավարութիւնը ինչ սխալներ է թոյլ տալիս՝ Արցախը պէտք է գնայ ինքնորոշման ուղղութեամբ։

«Որովհետեւ Հայաստանի կառավարութիւնները տարբեր ժամանակներում տարբեր հարցերի շուրջ ունեցել են տարբեր կարծիքներ, եղել է միասնական կարծիք, եղել է տարբեր, իսկ մենք յստակ ներկայացրել ենք մեր կարծիքը. մեր կարծիքն ենք ներկայացել Լեւոն Տէր-Պետրոսեանի ժամանակ, Քի Վեստի ժամանակ, Կազանի եւ Մադրիդի սկզբունքների ժամանակ եւ մեր կարծիքն ենք ներկայացնում հիմա»,- ասաց Արցախի նախագահի խորհրդականը։

Նա ընդգծեց, որ Արցախը երբեք չի շեղւելու այս ճանապարհից՝ իր ինքնորոշման իրաւունքի ճանաչման ճանապարհից, որի առաջին քայլը հետագայում լինելու է Մայր Հայաստանին միանալը։

«Ով որ կանգնի այդ ճանապարհին՝ Արցախը շարունակելու է հին գիծը։ Եւ դրա համար Արցախի քաղաքականութիւնը եւ Մայր Հայաստանին միաւորման պրոցեսը՝ երկու էտապով, Արցախը երբեք չի դիտարկում առանձին անձերի կամ կառավարութիւնների յայտարարութիւնների կամ քաղաքականութեան համատեքստում, ուրիշ բան է՝ եթէ միասնական աշխատենք՝ մեր նպատակին աւելի արագ եւ աւելի քիչ զոհերով, աւելի քիչ պրոբլեմներով կարող ենք հասնել»,- ասաց Արմէն Սարգսեանը։

 

Արցախը եթէ որոշել է, որ ռուսական խաղաղապահ ուժերն այստեղ են, ուրեմն այստեղ են՝ անկախ Ադրբեջանի կարծիքից, դա մեզ չի էլ հետաքրքրում

Պարզ է, որ Ադրբեջանին ձեռք չի տալիս, որ Արցախում խաղաղապահ ուժեր լինեն եւ դրա համար մենք շեշտում ենք ռուսների մեծ դերակատարութիւնը այս իրավիճակում՝ նշեց Արմէն Սարգսեանը։ Խաղաղապահների առաքելութիւնը քննադատելու՝ Ադրբեջանի կեցւածքը, նրա համոզմամբ, գէոպոլիտիկ խնդիր է լուծում, իսկ ինքը վստահ է՝ վաղ թէ ուշ Արցախի Հանրապետութիւնն ինքն է որոշելու ռուսական խաղաղապահ ուժերը մնա՞ն Արցախում, թէ՞ գնան։

«Մենք օրէցօր խորացնելու ենք մեր պետութեան սուբիեկտայնութիւնը։ Եւ, ինքնըստինքեան, Արցախն ինքն է որոշում. եթէ որոշել է, որ ռուսական խաղաղապահ ուժերն այստեղ են, ուրեմն այստեղ են անկախ Ադրբեջանի կարծիքից՝ դա մեզ չի էլ հետաքրքրում»,- ասաց Արմէն Սարգսեանը։

Նա յիշեցրեց, որ Ադրբեջանը նոյնիսկ յայտարարում է, որ խաղաղապահ ուժերն ամէն ինչ անում են, որ հայերն Արցախից դուրս չգան, մնան Արցախում։

«Այսինքն, Ադրբեջանն ամէն ինչ անում է Արցախի շուրջն իրավիճակը լարելու ուղղութեամբ, այդպիսի յայտարարութիւններ է անում վախեցնելու համար, որ արցախցիները թողնեն երկիրն ու դուրս գան։ Բայց ադրբեջանցիք մոռանում են, որ Արցախի հայերը 70-ից աւելի տարի՝ 20 թւականից սկսած, պայքարել են անկախութեան եւ Մայր Հայաստանին միանալու համար։ Եւ ոչ մեկը չի կարող պատկերացնել, որ գիւղի կէսը ադրբեջանցիները գրաւած, միւս կէսում հայերն են՝ օրինակ Թաղավարդում, որ ադրբեջանցիների զինւած ուժերից հեռու է 400-500 մ. դպրոց է աշխատում եւ երեխաները այնտեղ են։ Սա է արցախցին, արցախցու համար չկայ աւելի լաւ հող Եւրոպայում, Ամերիկայում որեւէ տեղ, արցախցու համար ամենալաւ հողը, ամենահզօր հողը, ամենակառչած հողը դա Արցախի հողն է, որը Մայր Հայաստանի մի մասն է, դա Մայր Հայաստանի հողն է եւ մենք մնալու ենք այստեղ եւ պայքարելու ենք մինչեւ վերջ, եւ վստահ եմ, որ մենք հասնելու ենք յաջողութեան»,- ասաց Արմէն Սարգսեանը։

 

Բաքւի հայերի Ցեղասպանութեան 32-րդ տարելիցը ամրապնդում է Արցախի անկախութեան մղումը

Արցախը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հակառակ դէպքում 32 տարի առաջ տեղի ունեցած՝ Բաքւի հայերի Ցեղասպանութիւնը կրկնւելու է՝ վստահ է Արմէն Սարգսեանը։

«Մանշանակ կրկնւելու է, 1905 թ-ից մինչեւ հիմա, անկախ նրանից Ադրբեջանում ինչ իշխանութիւն է եղել, ինչ կուսակցութիւն, Սովետ է եղել, թէ Մուսաւաթ, Ադրբեջանը վարել է նոյն հայասպան քաղաքականութիւնը։ Եթէ պետական բարձր մակարդակով յայտարարւում է, որ Երեւանը մերն է եւ Հայաստանի պետական օղակներից չկայ դրա դէմ յայտարարութիւն, բնական է, որ այդ ոչ կոշտ քաղաքականութիւնը բերում է կոտորածի։ Այսինքն, ո՞նց կարող է յայտարարել՝ Երեւանը մերն է, ու Արցախում թողնել, որ հայերն ապրեն»,- ասաց Արմէն Սարգսեանը։

Սա, նրա համար, աքսիոմա է՝ արցախցին կա՛մ ապրելու է իր հողում յաղթած, կա՛մ պատերազմելու է մինչեւ վերջ․ Արմէն Սարգսեանը համոզւած է՝ Արցախը եթէ պարտւելու լինէր, մինչեւ հիմա կը պարտւէր, ուրեմն լինելու է առաջին տարբերակը։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։