Հա

Քաղաքական

15/01/2022 - 11:15

Արցախը մեզ խանգարում էր համաշխարհային շուկայ դուրս գալուն. ի՞նչ է բացայայտել Փաշինեանի բանագնացը

Տւեալ անձը ինձ համոզում էր, որ 2007-ի իմ ճանաչած Նիկոլ Փաշինեանը եւ 2022-ի Նիկոլ Փաշինեանը տարբեր մարդիկ են։ Ասացի, որ պարզ է, այն ժամանակ ամէն գնով ձգտում էր իշխանութեան, հիմա ամէն գնով ձգտում է պահել իշխանութիւնը։

ՆԱՅԻՐԻ ՅՈԽԻԿԵԱՆ

Լրագրող, Մեդիափորձագէտ

 

Այսօր երեկոյեան (յունւարի 14, Խմբ.) մի հետաքրքիր ու տարօրինակ հանդիպում ունեցայ... Նիկոլ Փաշինեանի մի բանագնացի հետ։ Իհարկէ, վերջինս շարունակ պնդում էր, որ վարչապետը տեղեակ չէ իր հանդիպման մասին, բայց չէր էլ թաքցնում, որ ինձ է փոխանցում Փաշինեանի կարծիքը։

Տւեալ անձը ինձ համոզում էր, որ 2007-ի իմ ճանաչած Նիկոլ Փաշինեանը եւ 2022-ի Նիկոլ Փաշինեանը տարբեր մարդիկ են։ Ասացի, որ պարզ է, այն ժամանակ ամէն գնով ձգտում էր իշխանութեան, հիմա ամէն գնով ձգտում է պահել իշխանութիւնը։

Ինձ փորձում էր համոզել, որ 2020-ի 44-օրեայ պատերազմի ժամանակ տեղի ունեցած կասկածելի (ինձ համար անկասկած) իրողութիւնները եղել են Փաշինեանի միամտութեան եւ խաբւելու հետեւանքով, իսկ հիմա նա աւելի փորձառու է եւ գիտի, թէ Ադրբեջանի հետ ինչպէս պէտք է խօսի։ Այլ կերպ ասած՝ իմ պնդումները եւ փաստերը չէր բացառում, բայց համոզում էր, որ Փաշինեանի այդ քայլերը եղել են նախկին իշխանութիւնների վարած սխալ դիւանագիտական աշխատանքի հետեւանքով։

Հարցնում եմ՝ 2020-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ գործարք եղե՞լ է։ Ասում է՝ քաղաքականութիւնը հնարաւորի արւեստ է։ Պէտք է կարողանալ ճիշտ մանեւրել աշխարհաքաղաքական իրավիճակներում։

Հարցնում եմ՝ Շուշիի յանձնումը պլանաւորւած ու պայմանաւորւա՞ծ էր։ Ասում է՝ դու ինձնից լաւ գիտես։ Բայց Նիկոլը մեղաւոր չէր։

Հարցնում եմ՝ ո՞վ էր մեղաւոր, ո՞վ էր յանձնողը՝ Քոչարեա՞նը, Սարգսեա՞նը, Տէր-Պետրոսեա՞նը, Օնիկ Գասպարեա՞նը, ո՞վ։ Անուն տւէք։ Ասում է՝ գիտեմ, որ շատ կապեր ունես ու շատ փաստեր կան ձեռքիդ տակ, քեզ պրիմիտիւ բառերով չեմ խաբի։ Մեղաւորը ստեղծւած աշխարհաքաղաքական իրավիճակն էր, որտեղ ով էլ լինէր, պիտի համաձայնէր դրան։

Հարցնում եմ՝ ո՞վ է աշխարհաքաղաքական առաջարկ արել՝ Ռուսաստա՞նը, ԱՄՆ-ն, Եւրոպա՞ն, Չինաստա՞նը, գուցէ Թուրքիա՞ն։ Ասում է՝ Արցախը մեզ խանգարում էր համաշխարհային շուկայ դուրս գալուն, տարածքներ կան, որոնք օգտագործման համար անպէտք են, հետեւաբար պէտք է աւելի իրատես լինել ու հայրենասէր չխաղալ։

Հարցնում եմ՝ այսինքն ամէն դէպքում պայմանաւորւել էք Արցախի գնով դուրս գալ համաշխարհային շուկայ։ Ի՞նչ էք վաճառելու այդ շուկայում, որ Արցախի մեր պատմական հողերից աւելի թանկ է։ Ասում է՝ ես այդպիսի բան չասացի։ Դու պէտք է հասկանաս, որ Նիկոլը մեղաւոր չէր, որ նա երկիր շատ փող կը բերի, եւ դու էլ դրանով լաւ կապրես, եւ նա քեզ դա կապացուցի։

Խոստացայ մինչեւ վերջ լսել Փաշինեանի ապացոյցները իր անմեղութեան մասին։ Սա 2020-ի պատերազմից յետոյ վարչապետի հետ միջնորդաւորւած շփման երկրորդ դէպքն էր։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։