Հա

Քաղաքական

15/01/2022 - 12:30

«Հայաստանին պէտք են բովանդակային հէնքով քաղաքական միաւորներ, որոնք գրագէտ տեխնոլոգիաների կիրառմամբ կը հասնեն յաջողութեան»․ Վահէ Յովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է Վահէ Յովհաննիսեանի յօդւածը․

«alikonline.ir» - Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է Վահէ Յովհաննիսեանի յօդւածը․

«Քայլ երրորդ. նոր համակարգեր

Յաջորդ տրամաբանական խնդիրը ապագայ իշխանութեան թիմերի կոնսոլիդացիան է, համատեղ աշխատանքը՝ այս պահից սկսած։

Քաղաքակրթութիւնը նման նպատակների համար ձեւաչափեր որոշել է՝ քաղաքական կուսակցութիւններ, քաղաքացիական միաւորներ, նախաձեռնութիւններ, շարժումներ, շահերի պաշտպանութեան խմբեր, ակտիւ անհատներ եւ այլն։

Յաջորդ իշխանութեան համար լուրջ խնդիր է կուսակցութիւնների բացակայութիւնը։

Այսօրւայ խորհրդարանական ընդդիմութիւնը դաշինքներ են, որոնք կազմւած են 4 չանցողիկ կուսակցութիւններից։ Մի դաշինքը կազմւած է դժւար փուլերի միջով անցած եւ վերակազմաւորման անհրաժեշտութիւն ունեցող ՀՀԿ-ից եւ դեռեւս սաղմնային վիճակում գտնւող մէկ այլ կուսակցութիւնից։ Միւս խոշոր դաշինքը՝ 3-4 տոկոսանոց ՀՅԴ-ից, որն ունի հեռանկարում աշխատանքի մեծ դաշտ, բայց նաեւ առկայ է բովանդակային ճգնաժամի մեծ ռիսկ, եւ ընտրութիւններից 5 րոպէ առաջ ստեղծւած կուսակցութիւնից, որը կարող է ցանկացած յաջորդ 5 րոպէում դադարել գոյութիւն ունենալ։ Սա է ընդդիմութեան քաղաքական կուսակցութիւնների քարտէզը։ Եթէ սրան գումարենք դժկամութիւնը կամ չգիտակցումը ձեւաչափերի եւ պրոցեսների կառավարման փոփոխութեան գաղափարի, ապա պէտք չէ զարմանալ, թէ ինչու է հասարակութիւնը պասիւ, ինչու չի արձագանգում այս կամ պայքարի կոչին։

Իշխող կուսակցութիւն գոյութիւն չունի՝ դա մէկ հոգու անձնական շահերը սպասարկող հաւաքածու է, որը փլւելու է մի օրում, մէկ րոպէում։

Երբ խօսում ենք արտախորհրդարանական ուժերի մասին, ապա դա սովորական ժամավաճառութիւն է։ Ուղղակի չկայ նման բան՝ ո´չ Նիկոլի շուրջ, ո´չ Նիկոլի դէմ։

Իսկ երբ գնանք ճիշտ տրամաբանական ճանապարհով, կը տեսնենք, որ արտախորհրդարանական համակարգերում կան նորմալ, պատրաստւած մարդիկ, որոնք ճիշտ ձեւաչափերում եւ համակարգերում կարող են լինել պիտանի։ Հայաստանում, այս պահից սկսած, կայ առնւազն երկու նոր լուրջ քաղաքական ուժի անհրաժեշտութիւն՝ դրա համար բաւարար մարդկային եւ բովանդակային ռեսուրսով։ Հայաստանին պէտք են բովանդակային առումով ճիշտ եւ հանրային ներկայացւածութեան տեսակէտից պատշաճ քաղաքական նոր միաւորներ։ Այս պահին գործող եւ պոտենցիալ ունեցող 1-2 կուսակցութիւն ունեն լուրջ ռեֆորմացիայի խնդիր։ Հիմա բոլորը կա´մ իշխանութիւն են, կա´մ փորձագէտ։ Դա նշանակում է, որ մենք ուղղակի չունենք միջավայր, որտեղ կը գեներացւի քաղաքական միտք ու պետութեան վերականգնման ծրագրեր։ Բայց ամենակարեւորը՝ չունենք համակարգեր, որոնք կապահովեն հանրային իրական համախմբում։

Վաղուց խօսում են, թէ երկիրը կառավարւում է «Ֆէյսբուք»-ով, բայց նոյնը, թերեւս, կարելի է ասել ընդհանրապէս հայաստանեան քաղաքական միջավայրի մասին, որտեղ համատարած սկսել են շփոթել լայքը, լայւը, դիսլայքը, շէյրը, ֆլեշմոբը եւ այլ նման տեխնոլոգիական գործիքները քաղաքական իրական մտքի եւ քաղաքական ռացիոնալ տեխնոլոգիաների հետ։ Ռէալ ռեսուրսների տիրապետող գործիչները, միաւորները լրջօրէն տարւած են այդ ինտերակտիւ գործիքներով, որոնք, իհարկէ, կարեւոր են, բայց այնուամենայնիւ ընդամէնը գործիքներ են, որոնք նախատեսւած են քաղաքական բովանդակութիւն ռեալիզացնելու համար։ Երբ չի լինում կամ թերի է լինում բովանդակութիւնը, ապա տեխնոլոգիան անզօր է։ Սրա ամենավառ ապացոյցը նոյեմբերի 9-ից յետոյ սկսւած շարժումների եւ պրոցեսների շարունակական անարդիւնաւէտութիւնն է։ Միայն տեխնոլոգիաներով պետութեան տեսլականներ եւ զարգացման պրագմատիկ ծրագրեր չեն ձեւաւորւում։ Յեղափոխութիւններ կամ յեղաշրջումներ՝ գուցէ, իսկ պետութիւն՝ ոչ։ Միակ հետեւութիւնն է՝ Հայաստանին պէտք են բովանդակային հէնքով քաղաքական միաւորներ, որոնք գրագէտ տեխնոլոգիաների կիրառմամբ կը հասնեն յաջողութեան»։

 

Շարունակելի

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։