Հա

Քաղաքական

16/01/2022 - 11:45

«Տեղի բնակչի հետ կապւած միջադէպով էլի շրջանառութեան մէջ դրւեց անթոյլատրելի քաղաքական մօտեցումը». ՄԻՊ

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Սիւնիքի մարզի Տեղ գիւղի խաղաղ բնակչին ադրբեջանական զինւած ծառայողները յունւարի 13-ին ակնյայտ անօրինական ազատութիւնից զրկել ու առեւանգել են, թոյլ են տւել նրա արժանապատւութիւնը նւաստացնող վերաբերմունք (օրինակ՝ խաղաղ բնակչի աչքերն ու ձեռքերը կապել են ու մօտ 1 ժամ ճանապարհ տարել): Խախտել են նրա սեփականութեան իրաւունքը՝ հափշտակելով 320-350 հատ (ճշտւած տւեալով) ոչխար: Մինչեւ հիմա ոչինչ չեն վերադարձրել, որով մարդուն արդէն պատճառել են հոգեկան լուրջ ապրումներ, իր ընտանիքով կանգնեցրել են սոցիալական լրջագոյն խնդրի առաջ:

Չպէտք է մոռանանք, որ խօսքը սովորական մարդկային ճակատագրերի մասին է, տարիների քրտնաջան աշխատանքով վաստակած ապրուստ, ընտանիքի եկամուտ, անվտանգ ու արժանապատիւ ապրելու բնական իրաւունք. մարդիկ ապրում են իրենց ու ընտանիքների կեանքի ու ապրուստի համար իրական անհանգստութեան մէջ:

Բա սա նորմա՞լ վիճակ է, կեանքի նորմալ պայմաննե՞ր են:

Բայց այս ամէնը պէտք է դրւի պետական քաղաքականութեան հիմքում, իսկ անվտանգութիւնը չի կարելի կտրել մարդուց:

Ադրբեջանական յանցաւոր արարքների փաստերը տալիս են նրանց զինւած ծառայողներին հեռացնելու իրատեսական հնարաւորութիւն, ուղղակի պէտք է արագ ու ճիշտ գործել:

Մինչեւ սահմանների որոշման պաշտօնական գործընթացների աւարտը ի՞նչ գործ ունեն ադրբեջանական զինւած ծառայողներ, որոնք հիմնովին խաթարել են մարդկանց բնականոն կեանքը:

Բայց ի՞նչ է արւում: Օրինակ՝ Տեղի բնակչի հետ կապւած միջադէպով էլի շրջանառութեան մէջ դրւեց անթոյլատրելի քաղաքական մօտեցումը, թէ Տեղ համայնքի Տեղ գիւղի բնակիչն է անցել «ադրբեջանական կողմ»՝ տպաւորութիւն ստեղծելով, թէ «մեղաւորը» նա է, այլ ոչ թէ նրա նկատմամբ քրէօրէն պատժելի արարքներ՝ յանցանքներ թոյլ տւած ադրբեջանական զինւած ծառայողները:

Էլի յղում անելով իմ յայտարարութեանը՝ հրապարակային փորձ արւեց հերքել դրա ձեւակերպումները՝ առանց հաշւի առնելու, որ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի հաղորդագրութիւններում ամէն ձեւակերպում ընտրւած է եւ ունի նպատակային նշանակութիւն:

Նման քաղաքական մօտեցում առաջ տանողներին պէտք է յատուկ բացատրել, որ նման մեկնաբանութիւններով ադրբեջանական զինւած ծառայողներին «թեւեր» են տալիս, դարձնում են աւելի սանձարձակ: Թուլացնում են մեր քաղաքացիների իրաւունքների միջազգային պաշտպանութիւնը՝ գեներացնելով խոչընդոտող ապացոյցներ: Նման մեկնաբանութիւնները պէտք է վերանան ու վերջ:

Եւ յետոյ՝ ՀՀ պետական սահմանների չորոշւած լինելու պայմաններում ի՞նչ «ադրբեջանական կողմի» կամ տարածքի մասին է խօսքը: Կամ խաղաղ բնակիչները ինչո՞ւ պէտք է այս քաղաքական սխալ մօտեցումների զոհը դառնան:

Յ.Գ.- Տեղ գիւղի բնակչի հետ երէկ անձամբ խօսել եմ, նրա հետ անձամբ ծանօթացել եմ Տեղ գիւղ իմ վերջին այցի ընթացքում` հայրենասէր ու ազնիւ մարդ: Մարդու իրաւունքների պաշտպանի իրաւասութեան շրջանակում մեր կողմից նոյնպէս միջոցներ են ձեռնարկւում նրա իրաւունքների պաշտպանութեան համար»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։