Հա

Քաղաքական

16/01/2022 - 14:30

«Չեմ բացառում մեծամասշտաբ ռազմագործողութիւններ, քանի դեռ թրքացածների այս զանգւածը գտնւում է իշխանութեան ղեկին՝ իր թիւ մէկ թրքացած պարագլխով». Դաւիթ Ջամալեան

168.am-ի հետ զրոյցում ռազմական փորձագէտ Դաւիթ Ջամալեանն անդրադառնալով սահմանին ստեղծւած իրավիճակին, նկատեց՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում սահմաններին, օրինաչափ է, որովհետեւ քանի դեռ Նիկոլ Փաշինանն իշխանութեան է իր զանգւածով՝ անխուսափելիօրէն տեղի են ունենալու նման միջադէպեր, լինելու է լարւածութիւն։

«alikonline.ir» - Թշնամին շարունակում է սադրանքները Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների սահմաններին։ Այս տարւայ սկզբին թշնամին կրակել էր Արցախի Կարմիր Շուկայի, Թաղավարդի ուղղութեամբ, իսկ յունւարի 11-ին էլ նրա ռազմական ագրեսիայի հետեւանքով Գեղարքունիքի մարզում հայկական կողմն ունեցաւ 3 զոհ։ Սիւնիքի մարզում էլ յունւարի 13-ին գերավարել էին Տեղ համայնքի հովւին՝ ոչխարների հետ միասին, միայն ռուսական կողմի միջամտութեամբ էր յաջողւել հովւին վերադարձնել։

168.am-ի հետ զրոյցում ռազմական փորձագէտ Դաւիթ Ջամալեանն անդրադառնալով սահմանին ստեղծւած իրավիճակին, նկատեց՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում սահմաններին, օրինաչափ է, որովհետեւ քանի դեռ Նիկոլ Փաշինանն իշխանութեան է իր զանգւածով՝ անխուսափելիօրէն տեղի են ունենալու նման միջադէպեր, լինելու է լարւածութիւն։

«Ինքս բնաւ չեմ բացառում մեծամասշտաբ ռազմագործողութիւններ, քանի դեռ թրքացածների այս զանգւածը գտնւում է իշխանութեան ղեկին՝ իր թիւ մէկ թրքացած պարագլխով։ Այս մարդիկ բացարձակապէս ոչինչ չեն արել Զինւած ուժերի մարտունակութիւնը վերականգնելու ուղղութեամբ։ Ինչո՞ւ առ այսօր ձեռք չեն բերւել ժամանակակից այնպիսի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, որոնք կը կանխէին հակառակորդի անօդաչուների հարւածները մեր յենակէտերին։

Վստահ եմ՝ խաղարկւում է հետեւեալ սցենարը, որը նոր չէ, ու կանխատեսելի է՝ Ալիեւը պէտք է ճնշի՝ սահմանին լարւածութիւն ստեղծելով, իսկ նրա այստեղի խամաճիկները պէտք է ճնշւեն եւ զիջումների գնան։ Ալիեւի կողմից ուժի ցուցադրութեան ֆոնին սրանք պէտք է գնան զիջումների՝ պատերազմ թոյլ չտալու պատճառաբանութեամբ։ Այլ կերպ ասած՝ Ալիեւն ու իր այստեղի խամաճիկը փոխհամաձայնեցւած սցենարով խաղում են։ Ալիեւը իր հերթին, նիկոլական իշխանութիւնը՝ իր հերթին, ամէն ինչ անում են, որպէսզի ազգն իր ողնաշարը շտկել չկարողանայ»,- նշեց Դաւիթ Ջամալեանը։

Նրա խօսքով՝ այս պարագայում սկզբունքային հարց է առաջանում՝ ի՞նչ է արել ՀՀ ներկայիս իշխանութիւնը, որպէսզի մեր սահմանները պաշտպանւած լինեն, որպէսզի հնարաւոր լինի կանխել ադրբեջանական ագրեսիայի դրսեւորումները, ի՞նչ է արւել բանակի մարտունակութիւնը վերականգնելու համար, ինչո՞ւ են վիթխարի ֆինանսական միջոցներ ուղղւել ոստիկանական համակարգին, այլ ոչ թէ ժամանակակից սպառազինութիւն ձեռք բերելուն։

«Հիմա էլ հօ հնարաւոր չէ՞ ամէն ինչ բարդել նախկինների վրայ։ Արցախեան 44-օրեայ պատերազմից անցել է մէկ տարուց աւելի, կարելի՞ էր այդ մէկ տարին օգտագործել արդիւնաւէտ, ինչո՞ւ թշնամու ունեցած առաւելութիւնները վերացնելու ուղղութեամբ ոչինչ չի արւել, ինչո՞ւ ձեռք չեն բերւում ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցներ, ի վերջոյ, ինչո՞ւ յաւուր պատշաճի կահաւորւած չեն մարտական յենակէտերը։ Եւ վերջապէս ինչո՞ւ չեն գործադրում ՀԱՊԿ մեխանիզմները, չէ՞ որ այժմ ագրեսիան ՀՀ սահմաններին է, ինչո՞ւ հայ-ռուսական դաշինքի ռեսուրսը լիարժէքօրէն չի գործադրւում։

Փաստ է՝ զինւորի կեանքը նիկոլական իշխանաւորների համար գրոշի արժէք չունի։ Նրանց համար կայ բրիտանաթուրքական սցենար, որի համար նրանք բերւել են իշխանութեան, եւ որը ձգտում են ամէն գնով կեանքի կոչել, այն է՝ բաւարարել Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր պահանջները, խզել կապերը Ռուսաստանի հետ եւ ինտեգրւել թուրքական աշխարհին»,- յաւելեց ռազմական փորձագէտը։

Միաժամանակ նա շեշտեց, որ այսօր Ռուսաստանի Դաշնութեան մրցակիցները փորձում են նրա սահմանների երկայնքով լարւածութեան օջախներ ստեղծել, որը հին ռազմավարութիւն է։ Ղազախստանում փորձեցին՝ չստացւեց։ Այս համատեքստում Ադրբեջանի նախագահը փորձում է պահն ի նպաստ իրեն օգտագործել եւ կոշտացնում է իր դիրքորոշումը՝ սպառնում է նոր պատերազմով՝ ենթադրելով, որ ռուսական կողմը զբաղւած լինելով Ղազախստանով՝ կարող է անյապաղ միջոցների չդիմել։

«Ալիեւն ու իր խամաճիկները պէտք է մէկ բան հասկանան, որ ռուսական կողմն իր մէջքը վաղուց է շտկել, եւ իր սահմանների երկայնքով կայունութիւն ապահովելը ՌԴ-ի համար կենսականօրէն կարեւոր է։ Մոսկւան իր անվտանգային համակարգը ձեւաւորելիս հաշւի է առել այն, որ իր հակառակորդները մի քանի ուղղութիւններով փորձելու են Ռուսաստանին սպառնացող լարւածութեան օջախներ ստեղծել։ Հետեւաբար՝ Ռուսաստանը պատրաստ է ու ունի անհրաժեշտ ռեսուրս՝ մի քանի ուղղութիւններով իր շահերը պաշտպանելու համար։ Անդրկովկասը եւ Հայաստանը գտնւում են ՌԴ-ի կենսական շահերի տիրոյթում, եւ, ըստ այդմ, Անդրկովկասում նոյնպէս բրիտանա-թուրք-ադրբեջանական խարդաւանքները կարժանանան հուժկու հակազդեցութեան։

Տւեալ պարագայում դաշնակից Ռուսաստանի, բարեկամ Իրանի ու հայոց պետականութեան հեռահար շահերը համընկնում են, ընդամէնը հարկաւոր է իշխանափոխութիւն, որպէսզի այդ համընկնող շահերի վրայ հիմնւելով՝ մենք կարողանանք մեր մէջքը շտկել եւ արժանապատիւ խաղաղութիւն ձեռք բերել։

Ի դէպ, այդ ամէնը յստակ հասկանում է նաեւ Ալիեւը։ Նիկոլի իշխանութեան անկման միտքն անգամ նրա մօտ ջղաձգութիւններ է առաջացնում։ Ալիեւը սարսափում է Հայաստանում իշխանափոխութեան հեռանկարից եւ շտապում է ստանալ Նիկոլից հնարաւոր առաւելագոյնը։

Աւելին՝ ակներեւ է, որ Ղազախստանում կատարւածը՝ բրիտանա-թուրքական սցենարի ձախողումը, Ալիեւի մօտ լրջագոյն մտավախութիւններ է առաջացրել։ Ալիեւը հասկանում է, որ այնպէս արագ, ինչպէս նիկոլական իշխանութիւնից ստացաւ Արցախի տարածքի զգալի մասը, նոյնքան արագ էլ կարող է այն կորցնել, ուստի շտապում է Նիկոլից ստանալ առաւելագոյնը։

Այդուհանդերձ՝ տւեալ դէպքում մեր թիւ մէկ խնդիրն Ալիեւը չէ, նա լկտիացել է, որովհետեւ այստեղ՝ Հայաստանում, իշխանութեան է նրան լկտիացնող իր խամաճիկը։ Հայաստանի համար գոյաբանական թիւ մէկ սպառնալիքը ՀՀ ներկայիս իշխանութիւնն է, որը պէտք է օր առաջ հեռացւի։

Ալիեւի յաղթաթուղթը Հայոց պետականութեան ու Ռուսաստանի դէմ՝ Նիկոլն է։ Ըստ այդմ, հարկաւոր է զրկել Ալիեւին իր այդ յաղթաթղթից։ Այդ դէպքում բայրաքթարներն անարգել չեն հարւածի մեր յենակէտերին»,- նշեց Դ. Ջամալեանը։

Նա ընդգծեց, որ ՀՀ ներկայիս իշխանութիւնը Հայաստանի Հանրապետութեանն ու Արցախին խաղաղութեան փոխարէն բերել ու բերելու են պատերազմ կորուստներ, ցաւ, իսկ տեսանելի ապագայում՝ թրքացում, ինչն ակներեւ է հայ հասարակութեան ճնշող մեծամասնութեան համար։

«Նիկոլականութեան մարգինալիզացիան, Նիկոլի հակառէյտինգը յարաճուն բնոյթ ունեն, ուստի պետականակենտրոն ուժերը պէտք է ճիշտ պահին ոտքի հանեն հանրութեան ակտիւ, պասիոնար, բարոյապէս հասուն հատւածին եւ փակեն հայոց պատմութեան այս ամենաամօթալի էջը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ղեկավարի կողմից պարբերաբար հնչող այն յայտարարութիւններին, թէ Հայաստանում կան ռեւանշիստական ուժեր, որոնք Ադրբեջանի համար վտանգ են առաջացնում, Դաւիթ Ջամալեանն ասաց, որ Ալիեւը նկատի ունի հայի տեսակին առհասարակ, եւ մասնաւորապէս բոլոր այն պետականակենտրոն ուժերին, որոնք ակտիւօրէն պայքարում են Նիկոլ Փաշինեանի դէմ, եւ յաւելեց, որ ալիեւեան եւ նիկոլական հռետորաբանութիւնն անգամ այստեղ գրեթէ նոյնական է՝ երկուսի համար էլ հայրենատիրութեան, արժանապատիւ խաղաղութեան համար պայքարողները ռեւանշիստներ են։

Նրա խօսքով՝ Ալիեւի ընկալումներում Հայաստան, հայութիւն չկայ, թուրք-ադրբեջանական տանդեմը մեզ այս տարածաշրջանում պարզապէս չի ընկալում։

«Ամփոփելով՝ ասեմ՝ քանի դեռ Նիկոլն իշխանութեան է, լինելու են զոհեր, տարածքների կորուստ, իսկ հեռանկարում՝ թրքացում, այդ թրքացման սպառնալիքով պայմանաւորւած՝ բնիկ հայ բնակչութեան արտագաղթի վիթխարի ծաւալներ։ Եւ ամենակարեւորը՝ իրական, լիարժէք անվտանգութեան երաշխիքը՝ հայրենատիրութիւնն է, Ակնայի, Վարանդայի ու Ջրականի, Կովսականի ու Որոտանի, Քարվաճառի ու Մատաղիսի հայապատկանութիւնը։ Այս աքսիոմատիկ ճշմարտութիւնն է, որ պէտք է գիտակցենք բոլորս։ Անվտանգութիւն՝ նշանակում է հայրենատիրութիւն»,- եզրափակեց Դաւիթ Ջամալեանը։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։