ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանն այսօր ԱԺ փոխնախագահ Յակոբ Արշակեանից հետաքրքրւեց` Ռուբէն Ռուբինեանը Թուրքիայի ներկայացուցչի հետ բանակցութիւններ վարել է Ազգային ժողովի կողմի՞ց, թէ՞ այլ նպատակով է Մոսկւա մեկնել ԱԺ բիւջէի հաշւին:
«alikonline.ir» - ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանն այսօր ԱԺ փոխնախագահ Յակոբ Արշակեանից հետաքրքրւեց` Ռուբէն Ռուբինեանը Թուրքիայի ներկայացուցչի հետ բանակցութիւններ վարել է Ազգային ժողովի կողմի՞ց, թէ՞ այլ նպատակով է Մոսկւա մեկնել ԱԺ բիւջէի հաշւին: Գրում է Yerkir.am-ը:
Յակոբ Արշակեանն էլ նշեց, թէ պետութեան կողմից բանագնաց է ներկայացւած ու, ըստ այդմ, բանագնացի գործուղման ծախսերը նոյնպէս պետութիւնն է հոգում:
Ընդդիմադիր պատգամաւորն ասաց, թէ պետութեան կողմից Ազգային ժողովը լիազօրել է արդեօք ԱԺ փոխնախագահ Ռուբէն Ռուբինեանին Հայաստանի անունից բանակցութիւններ վարել Թուրքիայի հետ, ԱԺ խորհրդում այդ հարցը քննարկւե՞լ է, որ գործուղում են Ռուբինեանին:
«Իւրաքանչիւր բանակցութեան ժամանակ գոյութիւն ունի պատւիրակութեան ղեկավար, գոյութիւն ունի համապատասխան ընթացակարգ, թէ ինչ օրակարգով, ինչ ժամկէտներով ու ինչ ֆինանսաւորմամբ է գործուղւում պատւիրակութիւնը տւեալ երկիր: Այս դէպքում այդ բոլոր պրոցեդուրաները պահւել են»,- ասաց Յակոբ Արշակեանը` նշելով, թէ ընդդիմադիրների միւս բոլոր հարցերին կարող են յաւելեալ պատասխանել:
Յիշեցնենք` Մոսկւայում յունւարի 14-ին տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի յատուկ ներկայացուցիչներ Ռուբէն Ռուբինեանի եւ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։
«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում յատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխօսութեան միջոցով կարգաւորման գործընթացի վերաբերեալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժէք կարգաւորմանն ուղղւած բանակցութիւնները՝ առանց նախապայմանների։
Երկրորդ հանդիպման ամսաթիւն ու վայրը կորոշւի պատշաճ ժամկէտում՝ դիւանագիտական ուղիներով»,- ասւած է ԱԳՆ հաղորդագրութեան մէջ: